«Մշակույթը կարող է նպաստել հայ-իրանական բարեկամության ամրապնդմանը». Հաֆեզի ժողովածուն ներկայացվել է Գյումրիում
Իրանական քնարերգության մեծագույն վարպետներից մեկի՝ Հաֆեզի ընդգրկուն ժողովածուն ներկայացվել է Գյումրու Բեռլին ԱՐՏ հոթելում։ Գրքի շնորհանդեսին ներկա էին Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, գրքի թարգմանիչ, իրանագետ Ժորժ Աբրահամյանը, գրողներ և հաֆեզասերներ։
Մեծ պոետի գազելներն ու քառյակները բնագրից թարգմանել է Ժորժ Աբրահամյանը, հրատարակել՝ «Զանգակ» հրատարակչությունը։ Ժողովածուն ներառում է 292 գազել, 16 քառյակ։ Գրքի առաջին հրատարակությունը՝ 700 օրինակ վաճառվել է երկու ամսում։ Սա աննախադեպ ցուցանիշ է պոեզիայի դեպքում։ Հրատարակչությունը վերահրատարակել է այն։
Ըստ դեսպան Մեհդի Սոբհանիի՝ դժվար թե Իրանում գտնեք մեկ տուն, որտեղ չլինի Հաֆեզի գազելների ժողովածուն: Իրականում Հաֆեզը չի պատկանում աշխարհագրական տարածքի, այլ բոլորինն է․ «Մշակույթն այն ոլորտն է, որտեղ Հայաստանն ու Իրանը կարող են ավելի ամրապնդել իրենց հարաբերություններն ու խորացնել բարեկամությունը: Իրանն աշխարհում ներկայանում է իր ուրույն մշակույթով: Հաֆեզը, Ռումին և այլ հեղինակներ այդ մշակույթի կրողն են ու բացահայտում են այդ հարստությունը»:
«Հաֆեզը գրում է սիրո, խաղաղության, արդարության մասին, և այդ ամենը հարկավոր է տարբեր ժողովուրդների մերձեցման համար: Դրանք այն սկզբունքներն են, որոնց համար աշխատում է դիվանագիտությունը»,- նկատում է դեսպանը։
Գրքի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանի խոսքով՝ Հաֆեզի գազելները մեծ ժողովրդականություն են վայելում Իրանում․ «Իրանական պոեզիայի գագաթներից մեկը Հաֆեզն է, և մյուս պոետներից տարբերվում է նրանով, որ չափազանց մեծ ժողովրդականություն է վայելում: Հաֆեզի գազելներն ամեն տարի վերահրատարակվում են: 14-րդ դարից մինչև հիմա նրա գործերը լույս են տեսնում»։