Ովքեր են ազատված պարտադիր ապահովագրություն ներկայացնելուց. ՊԵԿ-ը՝ Վրաստան մուտք գործելու պահանջի մասին | Region

Ովքեր են ազատված պարտադիր ապահովագրություն ներկայացնելուց. ՊԵԿ-ը՝ Վրաստան մուտք գործելու պահանջի մասին

Դեկտեմբեր 30,2025 14:41

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, 2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով։

Փաստաթուղթը պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ՝ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30 000 լարի սահմանաչափով։

Փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը․

  • Ապահովագրական պայմանագրի կողմեր,
  • Ծածկույթի տարածք,
  • Ապահովագրության առարկա,
  • Ապահովագրության սկզբի և ավարտի ամսաթվեր,
  • Ապահովագրված ռիսկեր,
  • Ապահովագրական գումարի սահմանաչափը,
  • Ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։

Ապահովագրությունը պետք է ուժի մեջ լինի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Նշենք, որ պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են․

  • Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցող անձինք,
  • Դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները,
  • Դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները,
  • Այն անձինք, ու մուտքը Վրաստան նախատեսված է Վրաստանի միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով,
  • Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները:

Նորություններ