Արթուր Մկրտչյան․ «Նման տեմպերով շարունակելու դեպքում տնտեսությունը կրկին կպահվի վարկերի և արտաքին պարտքի հաշվին»
Այս տարի Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին (ամբողջ տարվա պաշտոնական ցուցանիշները դեռ չեն հրապարակվել) կազմել է 8,3 տոկոս։
2025-ի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները տարբեր են եղել, պետբյուջեով նախատեսվում էր 5.1% աճ, կենտրոնական բանկն ակնկալում էր 5.9%, իսկ միջազգային կառույցները՝ 5-6%։ Ամբողջ տարվա պաշտոնական ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, սակայն հունվար-նոյեմբերի 8,3% տնտեսական ակտիվության առաջատարները, ինչպես որ վերջին տարիներին արձանագրվում է, անցած տարի էլ եղել են շինարարությունն (20.1% աճ) ու ծառայությունների ոլորտը (10.9% աճ)։
Չնայած այս ցուցանիշներին, տնտեսագիտական գիտությունների թեկածու, դոցենտ Արթուր Մկրտչյանը, չի կարող դրական գնահատական տալ կառավարության՝ 2025-ի տնտեսական քաղաքականությանը, ասում է՝ խայտառակություն է։
RegionsTV-ի հետ զրույցում Մկրտչյանն ասում է՝ 2025 թվականին կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը չի ապահովել համակարգային զարգացում, իսկ առկա միտումները կարող են հանգեցնել արտաքին պարտքի և սոցիալ-տնտեսական ռիսկերի խորացման։
«Երկրում ներդրումների ծավալները գնալով նվազում են, անհրաժեշտ էր խրախուսել իրական ներդրողներին: Պետք էր վարել որոշակի խթանող հարկային, ու ֆիսկալ-մոնետար քաղաքականություն: Պետությունը իր համապատասխանան մեխանիզմներով պետք է զսպեր խոշոր օլիգարխներին, ազատականացներ շուկան, ու ավելի ազատ զգալու հնարավորություն տար փոքր ու միջին բիզնեսին»,-ասում է Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կազմել է շուրջ 48 մլրդ դրամ, ինչը մոտ 59.2 մլրդ դրամով կամ շուրջ 55 տոկոսով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Հիշեցնենք նաև, որ վիճակագրական կոմիտեն հունվար-դեկտեմբերի ցուցանիշները կհրապարակի 2026-ի հունվարին։
Տնտեսագետ Արթուր Մկրտչյանը նշում է՝ այս կառավարությունը չունի տնտեսության զարգացման կոնկրետ տեսլական, կառավարությունը չգիտի, թե որ ուղղությամբ է շարժվում մեր պետության տնտեսությունը, ինչի հետևանքով չի կարողանում զարգացում ապահովել, ուստի դրանից հիմնական տուժողը փոքր ու միջին բիզնեսն է, որը պետական որևէ լուրջ աջակցություն չի ստանում:
Մկրտչյանն ասում է՝ եթե 2000-ականներին փոքր խանութներն ու կրպակները կարողացան ընդլայնել իրենց ծավալները, դարձան մեծ խանութներ, ապա այսօր նման պատկեր չենք տեսնում․«Փոքրը չի կարողանում աճել, իսկ խոշորը ավելի է խոշորանում: Սա այն հիմնական լակմուսի թուղթն է, որը խոսում է առկա լուրջ խնդիրների մասին»:
Տնտեսագետը զուգահեռներ է տանում տեղական արտադրության և ներկրած ապրանքների գների միջև, ասում է՝ օրինակ հայկական ապրանքների գները աճում են դոլարի փոխարժեքի նվազմանը զուգահեռ, անհասկանալի պատճառներով նույն ռուսական ապրանքների մանրածախ գինը գրեթե 2 անգամ ավելի էժան է, քան տեղի շուկայում․«Այստեղ չկա որևէ հստակ տնտեսագիտական տրամաբանություն»:
Նրա խոսքով՝ կառավարությունը փորձում է արհեստական գնաճի ու խոշոր ներկրողների միջոցով մեծացնել ՀՆԱ-ն, ու ամեն կերպ ցույց տալ, որ մենք տնտեսական աճ ունենք․«Այնինչ տնտեսական աճ որպես այդպիսին չկա, ընդհակառակը, մեր երկրի արտաքին պարտքը գնալով աճում է»։
Նկատենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին պետական պարտքը աճել է մոտ 480–500 մլն դոլարով՝ 2024-ի 5.95 մլրդ դոլարից հասնելով մոտ 6.43 մլրդ դոլարի։
Արթուր Մկրտչյանը առանձնապես դրական սպասելիքներ չունի 2026 թվականին, ասում է՝ հաջորդ տարի եթե ևս նման տեմպերով շարունակվի տնտեսական քաղաքականությունը, խնդիրներն անխուսափելի կլինեն․«Ու մենք նորից ստիպված կլինենք տնտեսությունը պահել վարկերի ու արտաքին պարտքի ծավալների մեծացման հաշվին»:
Նա առանձնացնում է հիմնական ռիսկերը, որոնցից առաջինը գործազրկության ծավալների հնարավոր աճն է․«Սկզբում մտցրեցին կուտակայինն ֆոնդը ու եկամտային հարկի մասին օրենքը: Նպատակը մարդկանց համար բարեկեցիկ ծերություն ապահովելն էր: Զուգահեռաբար մեկնարկեց ահռելի չափերի հասնող երևանյան բնակֆոնդի շինարարությունը, ու պետությունը մարդկանց կուտակած գումարները ուղղորդեց արդեն շուկայի սպառման ապահովմանը, որից հետո, մայրաքաղաքում շինարարության ու անշարժ գույքի շուկան սպառեց իրեն, ու այն հիմնական խումբը, ով աշխատում էր այդ ոլորտում, եկող տարի հնարավոր է զրկվի աշխատանքից»:
Նա նաև նշում է, որ մեր տնտեսությունը բոլոր թելերով կապված է Ռուսաստանի հետ․« Իմ կանխատեսմամբ ռուս-ուկրանիական պատերազմը եկող տարի էլ ավելի է սաստկանալու, հաշվի առնելով Եվրոպայից դեպի Ուկրանիա եկող ռազմական օգնության չափերը: Արդյունքում Ռուսաստանը ստիպված կլինի սեղմել օղակը, իսկ այդ դեպքում մենք կհայտնվենք անչափ ռիսկային զոնայում»,-եզրափակում է Մկրտչյանը:
Նիկոլ Մարգարյան
