Շոյգուն Հայաստանի իշխանությանը մեղադրում է Ռուսաստանի հետ կապերը խզելու ու ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը ընդլայնելու ձգտման մեջ
Արևմուտքի երկրները բացահայտորեն միջամտում են Վրաստանի և Հայաստանի քաղաքական իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ТАСС-ը։
«Արևմտամետները բացահայտ և աներես կերպով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին»,-ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Անդրկովկասում նման միջամտություն կարելի է նկատել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով։
Սեպտեմբերի սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գյումրիից ռազմաբազան դուրս բերելու առաջարկին։ Նա հայտնել էր, որ Երևանը դեմ չի լինի Մոսկվայի որոշմանը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նաև ասել է, որ «Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու կուրս. ակնհայտ է Երևանի ձգտումը՝ ընդլայնելու փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»։
Նրա ներկայացմամբ՝ ամենացայտուն իրավիճակը ստեղծվել է Հայաստանի հետ․« Հիշեցնեմ, որ 90-ականներին Ռուսաստանը փրկեց այդ երկիրը տնտեսական և էներգետիկ կոլապսից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարիների ընթացքում նրա տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։ Ակնհայտ է Երևանի ձգտումը՝ ընդլայնելու փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, և բացահայտ սպառողական վերաբերմունքը տարածաշրջանային ինտեգրացիոն մեխանիզմների, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ»։
