«Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, կառավարությունը դրա դեմ պետք է գործողություններ անի»․Փաշինյան
Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ Այս մասին այսօր «Համալիր անվտանգություն և դիմակայունություն – 2026» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունը, ինչպես ասաց Փաշինյանը, դրա դեմ պետք է գործողություններ անի․«Որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Մեր հեևությունն այն է, որ այս ամենով հանդերձ եթե մենք խոսում ենք համապարփակ անվտանգություն և դիմակայունություն մասին, պետք է արձանագրենք մի բան, որ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն»։
Փաշինյանի խոսքով՝ կարևոր է պատասխանել հարցին՝ այսքան խաղաղության մասին խոսելով՝ ինչո՞ւ ենք մենք զուգահեռաբար այդքան շատ խոսում և այդքան ջանք գործադրում Հայաստանի զինված ուժերը և բանակը զարգացնելու համար․« Սրա համար կա մի շատ կարևոր և խորքային պատճառ։ Պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը ինքնին կարող է բոլոր գործոններից դուրս պարզապես գայթակղիչ լինել ագրեսիայի համար, և մեր ճարտարապետության մեջ պաշտպանակ բանակը, որը գործում է բացառապես միջազգային լեգիտիմության տրամաբանության մեջ, մենք ասել ենք, որ մեր ընկալմամբ բանակը գործելու է միայն ու միայն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության տրամաբանության ներքո»։
Փաշինյանն իր ելույթում նաև անդրադարձել է Բաքվի հռետորաբանությանը, նշելով՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու հաստատված խաղաղության համար։
«Հայաստանն այժմ բախվում է հրապարակային ու ոչ հրապարակային հռետորաբանության հետ կապված մարտահրավերի, և այս առումով անվտանգության ոլորտում լրջագույն խնդիրներ են առաջանում»,-ասել է Փաշինյանը, հավելելով՝ այդ մարտահրավերի դրսևորումները տեսանելի են տարբեր առիթներով։
Նրա խոսքով՝ Հայաստանում շատ է քննարկվում փոխադարձության սկզբունքը, որը, սակայն, երբեք արդյունք չի տա․«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որոշեցինք դուրս գալ փոխադարձության մեխանիկական սկզբունքից։ Մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ խաղաղության պայմանագրի տեքստը «պինգ-պոնգի» սկզբունքով լավարկվելու պոտենցիալ չուներ։ Եվ մենք գնացինք այլ տրամաբանությամբ»։
