«Այդ օրերն ինձ դարձրին մարդ, ով տեսել է գաղթը, բայց չի խելագարվել… գուցե խելագարվե՞լ է» | Region

«Այդ օրերն ինձ դարձրին մարդ, ով տեսել է գաղթը, բայց չի խելագարվել… գուցե խելագարվե՞լ է»

Ապրիլ 06,2024 15:12

Գիշերվա ժամը 4-ն էր. ինձ ուղղակի «վտարել» էին բռնի տեղահանվող արցախցիներին ընդունող կայանից։ Տուն մտնելուց առաջ նայեցի Բերձորի կողմը՝ առկայծող լույսեր էին…

Արդեն բազմոցին պառկած՝ փորձեցի հասկանալ՝ ուրա՞խ եմ, որ փրկվում են մարդիկ, թե՞ տխուր, որ դատարկվում է հայկական երկրորդ պետությունը, չհասկացա, քնեցի…

Աչքերս բացեցի զարթուցիչի ձայնից, վեր կացա՝ լվացվելու, ջրի առաջին շիթի հետ աչքիս առաջ հայտնվեց 4 տարեկան փոքրիկ աղջնակը, ում  3 օր միայն ջուր էին տվել․ նա էլ միայն ջուր էր փսխում… Փորիկն ուռած էր, աչքերի տակ՝ սև, բայց աչուկներն ուրախությամբ էին լցվել՝ հայրիկին էր գտել հենց կայանում:

Չգիտեմ՝ հոգոց միայն տարիքն առած կանայք են հանու՞մ, թե ինձ՝ երիտասարդ կոռնիձորցուս էլ է թույլատրվում հոգոց հանել… Երևի թույլատրվում է…

Այդ օրը 06:10 ընդունեցի հերթափոխս և գործի անցա։ Սկսեցի գրանցումները՝ անուն, ազգանուն, հասցե՞… դե հասցեն էլի, որտեղ ապրել են մինչ այդ օրը… ու էլի կապրեն մի օր, հաստատ: Մեզ սովորեցրել էին ինչպես կատարել գրանցումները դեռևս  սեպտեմբերի 21-ին՝ Excel ֆայլ էր տրված․ ամեն վանդակում պետք է ընդամենը տվյալները լրացնել ու վերջ, վե՞րջ…

Մեզ մոռացել էին սովորեցնել, թե ինչ պիտի պատասխանենք, երբ հարցնեն՝ «Բալա, բա մհենգ շտեղ ենք քինալան», այսինք՝ ու՞ր են գնալու։ Իսկապես, ու՞ր են գնում, ու՞ր են գնալու այս մարդիկ, ո՞ւր…

Մեզ անընդհատ ուտելիք էին բերում, ստիպում՝ ուտենք, որ ուժասպառ չլինենք, որ կարողանանք աշխատել։ Բռնի տեղահանված արցախցիների հոսքը չէր դադարում: Լուրեր էինք ստանում՝ վիրավոր են բերում՝ ճանապարհը բացեք… բացե՞նք, ո՞վ է այդ համարձակը, որ կարող է ոտքերը քարշ տվող ծերունուն առաջարկել արագ քայլել, ո՞ւր է այդ համարձակը, թող գա ու բացի ճանապարհը:

Մենք լրացնում էինք տվյալները, լրացնում ու հարցերից բացի երբեմն մի զարմանալի բառ էինք լսում՝ «շնորհակալություն»։ Մեզ մոռացել էին սովորեցնել, թե ինչ պիտի ասենք, երբ որդու մարմինը որոնող Մայրը շնորհակալություն ասի մեզ․ ես էլ չեմ կարող սովորեցնել, դա սարսափելի ծանր բան է:

Բայց որտե՞ղ է ծանրության կշռաքարը։ Քանի՞ այդպիսի քար պիտի ավելացնեմ, որ կշռեմ հաջորդ օրերի ծանրությունը, երբ մեզանից պահանջում են հնարավոր դարձնել վերադարձը, որ գտնեն բենզինի պահեստի պայթյունի վայրում մնացած ամբողջ ընտանիքին, կամ ստիպում էին նայել լուսանկարներին և հիշել՝ տեսել ենք արդյոք նկարից ժպտացող մարդկանց, գուցե անցել են կամուրջն արդեն, պարզենք՝ միգուցե որևէ հիվանդանոցու՞մ են…

Այդ 6 օրը՝ օրերը, ինձ մեծացրին, չէ, չհասունացրին, մեծացրին, դարձրին մարդ, ով տեսել է գաղթը, բայց չի խելագարվել, գուցե խելագարվե՞լ է…

Գերծանրաբեռնված շաբաթվա ավարտին Կոռնիձոր-Հակարի կամուրջ ճանապարհին կարելի էր տեսնել միայն ջրի դատարկ շշեր ու փողոցային շների։ Ճանապարհին տիրում էր քար լռություն, ու այդ լռության մեջ լսվում էր թշնամու շինարարական տեխնիկայի ձայնը՝ Արցախի դարպասը փակում էին…

Հեղինակ՝ Անդրե Դավթյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

 

 

 

 

 

 

 

     

Նորություններ