Բնությունը մեզ տալիս է ամեն ինչ, իսկ մենք…
Վայոց ձորի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի միջով իր ողջ հմայքով հոսում է Եղեգիս գետը: Գետի աղտոտվածությունն ակնհայտ է դառնում հատկապես ամռանն ու աշնանը:
Ցավով եմ հիշում, որ մի օր գետի կողքով անցնելիս լսեցի, թե ինչպես աշակերտներից մեկը, նայելով գետին, ասաց. «Գետ առանց ջրի ու լիքը շշեր»:
Վերջին տարիներին ձմռանը քիչ ձյուն է տեղում, իսկ գարնանը գետը ձնհալի ջուր չի տեսնում, ամռան սաստիկ շոգն էլ իր հերթին գետը դարձնում է առվակ: Այս հանգամանքներում գետն ավելի շատ աղբանոց է հիշեցնում, որից փչում է գարշահոտ:
Արտաբույնք բնակավայրում ապրում է 1054 մարդ: Շատ քչերն են մտահոգ ու սրտացավ վերաբերվում գետին:
Գյուղում իրականացվում է աղբահանություն, սակայն որոշ բնակիչներ խուսափում են կնքել պայմանագիր, վճարել այդ 100 դրամը, դրա փոխորեն ընտրում են աղբը գետը նետելու սև գործը ՝ 100 դրամի փոխարեն միլիոնավոր դրամի վնաս տալով գյուղին, բնությանն ու տուրիզմին:
Աղտոտված գետի մասին զրուցեցի համայնքապետարանի մասնագետ Վանուհի Սաֆարյանի հետ։ Վերջինս իր մտահոգությունը հայտնեց, նշեց , որ համայնքապետարանն ամեն բան անելու է խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու և լուծումներ տալու համար։
Աղբը գետը նետողների կողքին կան սրտացավ մարդիկ, որոնք փորձում են մաքուր պահել գետը։
Փորձեցի հարցում անել գյուղում՝ համագյուղացիներիս կարծիքները ևս հասկանալու համար։ Զրուցակիցներիցս մեկը՝ տիկին Սուսաննան, առաջարկում էր աղբամանների թիվը ավելացնել, 1-ի փոխարեն ամեն թաղամասում 2-3 հատ դնել:
8-րդ դասարանցի Անուշիկը շատ ծանր է տանում այն փաստը որ ամռանը գարշահոտ է տարածվում։ Կարևորում է մարդու դաստիարակությունը. մարդը պետք է ինքն իրեն գնահատի ու հարգի այն միջավայրը, որում ապրում է։ Նա առաջարկում է մեծացնել պետական վերահսկողությունը։ Ասում է՝ գյուղում երբեք ոչ ոք գետն աղտոտելու համար չի տուգանվել, եթե տուգանեին, գուցե փոփոխություն լիներ։ Նա միևնույն ժամանակ առաջարկում է համընդհանուր շաբաթօրյակների քանակն ավելացնել, որ բոլոր գյուղացիները մասնակցեն մաքրման աշխատանքներին:
Մեկ այլ աշակերտուհի՝ Նելլի Ստեփանյանը, առաջարկում է աղբի տեսակավորում իրականացնել, պլաստիկ և ապակե շշերը առանձնացնել, հետո վերամշակելու նպատակին ծառայեցնել։
Տնային տնտեսուհի Մարինե Մնացականյանը մտահոգված է մեկ այլ հանգամանքով ևս․ աղբի կուտակման պատճառով շատանում են մկներն ու առնետները, որոնք վնասում են իրենց հավերին։
Արտաբույնքի բնակչուհի Հասմիկ Մանուկյանը բերեց մի քանի պատճառ, որոնք ստիպում են մարդկանց գետը աղբ նետել։ Դրանցից մեկը աղբի մեքենայի ուշ գալու խնդիրն է, այն շաբաթը երկու անգամ է գալիս, իսկ կենդանիները քրքրում, քանդում են տոպրակները, տարածում, և քամին քշում է այս ու այն կողմ։
Համայնքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ երկուշաբթի և ուրբաթ օրերին է աղբատար մեքենան գյուղ գնում, ինչը համարվում է ընդունված չափանիշներին համապատասխան։
Այն հարցադրմանը, թե ինչ լուծումներ են տեսնում, համայնքապետարանի ներկայացուցիչը շեշտեց, որ քննարկումներ են գնում, և իրենք սիրով կլսեն և հաշվի կառնեն բնակիչների կարծիքներն ու առաջարկները։
Գյուղի երիտասարդները նաև առաջարկեցին էկոկրթության և իրազեկման համար բնակիչներին ցուցադրել էկոկրթական ֆիլմեր, անցկացնել սեմինարներ և իրազեկման միջոցառումներ: