Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրահանձնաժողովին դադարեցնել համագործակցությունն Ադրբեջանի հետ | Region

Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրահանձնաժողովին դադարեցնել համագործակցությունն Ադրբեջանի հետ

Ապրիլ 26,2024 14:57

– Եվրախորհրդարան. դադարեցնել գործընկերությունը և պատժամիջոցներ սահմանել Բաքվի քաղաքական գործիչների դեմ:

– ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը հայ զինվորների նկատմամբ ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքի մասին:

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և կոչ է արել Եվրահանձնաժողովին դադարեցնել համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում և այդ երկրի հետ ցանկացած ապագա համագործակցություն պայմանավորել քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ:  Բանաձևն ընդունվել է ապրիլի 25-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նստաշրջանում՝ 474 կողմ և 4 դեմ ձայներով: Բացի այդ, բանաձևում ասվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ, և դրա հետ կապված ԵՄ-ն չի կարող սերտ հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ:

Բանաձևի հեղինակ, Եվրոպական ժողովրդական կուսակցության չեխ պատգամավոր Միխաելա Շոյդրովան նշել է. «մենք համոզված ենք, որ ԵՄ-ն չի կարող սերտ հարաբերություններ ունենալ մի երկրի հետ, որը շարունակում է խախտել մարդու իրավունքները»: Բանաձևում Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար, հատկապես դոկտոր Գուբադ Իբադօղլուի և Իլհամիզ Գուլիևի գործերով: Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ԵՄ և այլ երկրների քաղաքացիներին:

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև հիշեցրել են Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների եւ արժանապատվության նկատմամբ նրանց պատասխանատվության մասին եւ կոչ արել վերացնել ռեպրեսիվ օրենսդրությունը, որն օրենքից դուրս է դնում անկախ ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին: Եվրախորհրդարանի պատգամավորները կարծում են, որ այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումներն անհամատեղելի են 2024 թ.-ի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի հետ: Բանաձևում ասվում է. «Եվրոպական խորհրդարանը պահանջում է, որ մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցությունը լիովին ամրագրվեն և երաշխավորվեն»: Առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ՝ Մարդու իրավունքների խախտումների համար:

Ապրիլի 25-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2023 թվականին աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցը։  ԱՄՆ պետքարտուղարությունն իր զեկույցում նշել է ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքը հայ զինվորների նկատմամբ։

 Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում հայ բնակչության բռնի տեղահանումը, ինչպես նաև Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարձակումները, որոնց հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ: Նշվում է նաև, որ սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը ռազմական գործողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով: «2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը քաղաքացիական և առևտրային տրանսպորտի մեծ մասի համար: Մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ տարածաշրջանի գրեթե բոլոր էթնիկ հայերը, փախել են Հայաստան»,- ասվում է փաստաթղթում։

Զեկույցում նշվում է նաև, որ մեկ տարվա ընթացքում Ադրբեջանում իշխանությունները ձերբակալել են աննախադեպ թվով շիա մահմեդականների՝ Իրանի հետ ենթադրյալ կապերի համար։  Չնայած այս ձերբակալությունները բնութագրվում էին որպես իրանական լրտեսական ցանցերի դեմ գործողություն, մեղադրանքների ճնշող մեծամասնությունը կապված է թմրանյութերին առնչվող հանցագործությունների հետ: Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունում և ամբողջ երկրում   կոռուպցիոն համակարգ է գործում:

Amnesty International-ի ամենամյա զեկույցում նաև տեղեկատվություն է ներկայացվում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին:  Նշվում է, որ ձերբակալվել են ավելի քան 10 ակտիվիստներ՝ կառավարությանը և ԼՂ-ում ռազմական գործողությունները քննադատելու համար: Արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 13 մարդու, որոնց շինծու մեղադրանքներ են ներկայացվել կառավարությանը քննադատելու համար: Կառավարությունում կոռուպցիայի փաստերի հրապարակումից հետո մի քանի լրագրող է ձերբակալվել մաքսանենգության մեղադրանքով:

Հետաքրքիր է, որ ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ, Դինա Տիտուսի գլխավորությամբ, նախատեսում են այս շաբաթ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել: Օրինագծում հիշատակվում են հայ ռազմագերիների իրավունքների խախտումները և 40-ից ավելի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Հարկ է նշել, որ հայ ռազմագերիների իրավունքների ոտնահարումը լրջորեն կասկածի տակ է դնում Ադրբեջանի կառավարության հանձնառությունը Հայաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելու կարողությանը:

 

                                                                                     Զաբելա Ավագյան

Նորություններ