Թելերի բարդ «լեզվի» մասնագետը. գյումրեցի Մարին անգամ դիմանկարներ է ստեղծում՝ հաստ ու բարակ թելերի օգնությամբ
Մարի Մկրտչյանը «YURMARI» բրենդի հիմնադիրն է: Դեռևս փոքր հասակից կտորներն ու թելերը նրա անբաժան ուղեկիցն են եղել: Հետո որոշեց մասնագիտություն դարձնել սիրելի գործը. սովորեց թելերի լեզուն այնպես, որ հիմա իր ստեղծած պատկերներն այնքան բնական են ու գունեղ, որ հավելյալ ստիպված ես ձեռքով հպվել՝ հասկանալու համար, որ ոչ թե յուղաներկով աշխատանքի հետ գործ ունես, այլ գունագեղ թելերի:
Թելերի լեզուն բարդ է, բայց ոչ Մարիի համար: Նա անգամ դիմանկարներ է ստեղծում՝ հաստ և բարակ թելերի օգնությամբ: Արդեն ունի իր հավաքածուն, որով նաև ցուցահանդեսների է մասնակցել:
Բիզնես գործունեությունը սկսեց մի քանի տարի առաջ և ասում է՝ շնորհիվ բարեխիղճ աշխատանքի իր մոտ ստացվեց:
Զբաղվում է հագուստի մոդելավորմամբ, երեկոյան զգեստների պատրաստմամբ, հագուստի վերանորոգմամբ, պատրաստում պայուսակներ, սփռոցներ… Պարզ ասած՝ այն ամենը, ինչ կապված է կտորի ու թելի հետ, շարունակում է մնալ իր օրվա անբաժան ուղեկիցը:
Ովքե՞ր են իր հաճախորդները: Մարին ասում է՝ կանայք, ովքեր ցանկանում են տարբերվել, ովքեր չեն գտնում իրենց ճաշակի հագուստ խանութում կամ եթե գտել են, բայց ինչ-որ դետալ պակաս են համարում զգեստի վրա, հմուտ մասնագետների աշխատանքի արդյունքում հաճախորդը գոհ հեռանում է:
Երեք տղայի մայր է, որդիներից մեկը վերադարձել է ծառայությունից, մյուսը ծառայում է: Պատերազմի օրերին, երբ որդին առաջնագծում էր, Մարին չկորցրեց իրեն. արվեստանոցը վերածվեց կարի արտադրամասի:
Հիմա էլ պլաններ ունի հագուստի արտադրության ծավալները մեծացնելու: Պնդում է՝ թուրքական ապրանքները պետք է շուկայից դուրս մղել՝ որակյալ արտադրանք սպառողին առաջարկելով:
Այս փուլում ամենակարևորը երկրից չհեռանալն է: Արտագաղթը հարկավոր է օր առաջ կանգնեցնել՝ ամենօրյա աշխատանքով: Ինքն անգամ պատերազմի ամենաթեժ օրերին չի ցանկացել մտածել հեռանալու մասին: Գյումրիի սրտում, որտեղ ապրում ու աշխատում է, իր կյանքն է, տարիների աշխատանքը: Հեռանալ նշանակում է դադարել ապրել…