Խնածախցի 89-ամյա Գավրուշա պապի մտորումները հարազատ գյուղի մասին
Խնածախցի 89-ամյա Գավրուշա Մկրտչյանի մտորումները հարազատ գյուղի ապագայի մասին են։ Ասում է՝ չի կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել, չի վստահում իշխանությանը, բայց իրավիճակից դուրս գալու ելք էլ չի տեսնում։
Գավրուշա պապը ծնվել և ապրել է Խնածախում, նշում է՝ պատրաստ է մեռնել իր գյուղում, սակայն անհանգստացած է երիտասարդների ապագայով։ Չի մեղադրում նրանց, որ հեռանում են գյուղից, բայց սրտի մի անկյունում ակնկալիք ունի։
Խնածախում լռություն է, երեխաների ձայն անգամ լսելի չէ։ Գյուղում հիմնականում տարեցներն են, ովքեր կպած են իրենց հողին, փորձում են պահել հարազատ գյուղը։
Ւր տան բակում մտազբաղ աշխատում է Հասմիկ տատը։ Մոտեցանք, կտրեցինք գործերից, զրույցի բռնվեցինք։
«Մի կնունք, մի հարսանիք, որ լինում է, հրավառություն են անում, մենք մեր տներում վախենում ենք, մտածում ենք, թե կրակում են։ Չի կարելի, որ մեծերը, գյուղի տարեցները ամեն մի կրակոցից վախենան»,-պատմում է տիկին Հասմիկը։
Հասմիկ տատը, ով անընդհատ իր տան կողմն էր նայում, հուզվեց, երբ հասանք երիտասարդների թեմային. «Մենք ուզում ենք ապրել այն հողում, որտեղ որ ծնվել ենք, խաղաղություն եմ ցանկանում»:
Խնածախ գյուղում շարունակվում է բնականոն կյանքը, ուր ամեն Աստծո
առավոտ մարդիկ հույսով են արթնանում, զբաղվում առօրյա գործերով և խաղաղության մասին երազելով՝ օրն ավարտին հասցնում։ Եվ, եթե օրն այդպես էլ մթնում է, ուրեմն՝ երջանիկ են։ Ցավոք, երեխաների խաղի աղմուկը և նրանց տուն կանչող երիտասարդ մայրերի ձայնը գրեթե այլևս այդ առօրյայի մաս չի կազմում։