Վանաձորի «ժպիտը». ինչպես հաջողվեց բժշկուհի Կարինե Ղուկասյանին դառնալ հաջողակ գործարար և կոտրել կարծրատիպեր
1990-ականներին Վանաձորում միակ կին վարորդը՝ մասնագիտությամբ բժշկուհի և գործարար Կարինե Ղուկասյանը, շատ կարծրատիպեր է կոտրել. հանդիպել զարմացական հայացքների եւ արձագանքների՝ «աղջիկն էլ մեքենա վարի՞»:
Սակայն ինքը գիտեր՝ ինչու է պետք առաջ շարժվել, ինչ է պետք դրա համար և ինչպես:
Բիզնես գործունեության ոլորտը սերտորեն առնչվում է բժշկի մասնագիտության հետ:
Հայաստանում առաջինն էր, որ սկսեց «Նարինե» բուժիչ և կանխարգելիչ կաթնաթթվային մթերքի արտադրությունը, որը նպաստում է դիսբակտերիոզի բուժմանը:
բարեփոխումների համար: Տարիներ անց արձանագրում է՝ Հայաստանում չի ստեղծվել այն միջավայրը, որը հնարավորություն կտա փոքր բիզնեսին դառնալ միջին, հետո խոշոր: Բազմաթիվ խոչընդոտներ կան, որոնք հնարավորություն չեն տալիս անցնել այս ճանապարհը՝ սահուն և անցնցում:
Սակայն բնավորությամբ չհուսահատվող և լավատես այս կինը շարունակում է նոր գաղափարներ կյանքի կոչել, պայքարել, նոր արտադրանք թողարկել՝ ժպիտով, հավատով, որ յուրաքանչյուրից է կախված՝ ինչ միջավայրում ենք ապրելու և ինչպես:
Հիմնել է նաև ֆերմա՝ մտքում ունենալով այն սցենարը, որ հումքի արտադրությամբ էլ է ինքը զբաղվելու: Սակայն այս հարցում ևս կանգնել է դժվարությունների առաջ:
Կարինե Ղուկասյանը նաև Վանաձորի ավագանու անդամ է՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:
Ժպտում է՝ դա ավելի շատ ոչ թե իր որոշումն էր, այլ ընկերների, ովքեր, հաշվի առնելով իր ըմբոստ կեցվածքը, առաջարկեցին մտնել քաղաքականություն: Աշխատավայրերի թիվը 2016թ.-ից ավելացավ ևս մեկով: Շաբաթական մի քանի անգամ նա Վանաձորի քաղաքապետարանի իր աշխատասենյակում է:
Կինը անելիք ունի ոչ միայն խոհանոցում, տանը՝ երեխաների դաստիարակության հարցում, այլ ամենուր՝ բիզնեսում, քաղաքականության մեջ: Կարինեն կողմ է հավասարությանը: Քաղաքապետարանի պատին անգամ երկու կին և երկու տղամարդ է պատկերված: Նույնը պետք է լինի ամեն տեղ:
Կորոնավիրուսը, հետո նաև շարունակվող պատերազմը մեծ հարված էր: Ստեղծվել է անորոշ միջավայր, որը կարող է խանգարել նոր ներդրումներին: Բայց ոչինչ չի ստիպի Կարինեին հեռանալ Հայաստանից, առավել ևս Վանաձորից:
Աշխարհի բազմաթիվ երկրներում է եղել: Իրեն որևէ տեղ չի պատկերացնում, որովհետև որևէ կետում Կարինեն չի լինի այնպիսին, ինչպիսին Վանաձորում՝ շրջապատված հարազատ ու սիրելի մարդկանցով և բազմաթիվ ընկերներով:
Արմենուհի Վարդանյան