Ալիևն Արցախի օկուպացված Շուշի քաղաքում կեղծ և սադրիչ հայտարարություններ է արել
– Տարածքային նոր պահանջներ և նոր պատերազմի վտանգ
– Հայաստանն ու Ադրբեջանը սահմանը գծում են առանց երաշխիքների
– Բաքվի հետ առանց միջնորդի բանակցությունները վտանգավոր են
Մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահը, գտնվելով Արցախի օկուպացված Շուշի քաղաքում, հանդես է եկել անընդունելի, ստահոդ և սադրիչ հայտարարություններով:
Իլհամ Ալիևն օկուպացված հայկական Շուշի տեղափոխված առաջին ադրբեջանցիներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ հայտարարել է. «Այսօր թշնամին անզոր է մեր առջև։ Մենք Կովկասում առաջատար պետություն ենք, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումով, բոլոր առումներով, և բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։ Թե Հայաստանը, թե նրա հետևում կանգնած արտաքին շրջանակները, որոնք կեղծ խոստումներ են տալիս նրանց, կզղջան, եթե հաշվի չնստեն մեզ հետ»։ Հայտարարության մեջ կարմիր թելով անցնում է Հայաստանի նկատմամբ նոր տարածքային նկրտումների գաղափարը և նոր պատերազմի սպառնալիքը։ Այնուամենայնիվ, «այդ դեպքում՝ չնեղանաք» արտահայտությունը կարող է մեկնաբանվել որպես անձի անավստահություն: Նա, հավանաբար, ենթագիտակցորեն ընդունում է ագրեսիվ կեցվածք, որը ծառայում է որպես պաշտպանություն՝ հարված ստանալու վախից:
«Մեզ պետք չէ պատերազմ, մեզ պետք են մեր հողերը։ Մինսկի խմբի գործունեությունը 28 տարի շարունակ ուղղված է եղել ադրբեջանական ժողովրդի դեմ։ Նրանց կեղծ խոստումներն ու անգործությունը պատահական չէին։ Նրանք չէին ուզում հարցը լուծել։ Այդ հողերը խոստացել են հայերին։ Ինչպես խորհրդային տարիներին հայամետ Գորբաչովը, իսկ հետո Ելցինը հայերին խոստացան այդ հողերը, այնպես էլ խոստացան Ֆրանսիան և Ամերիկան», – շարունակել է Ալիևը։ «Տեսեք, թե ովքեր են այսօր մեր դեմ խաղում գլխավոր դերը՝ Ֆրանսիան և Ամերիկան։ Դա պետք է բացահայտ ասել, ավելի մեծ չափով՝ Ֆրանսիան։ Նրանք նույնպես պետք է իմանան, որ առանց մեր կամքի այս տարածաշրջանում ոչ մի հարց չի լուծվի»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևի սպառնալիքներն այլևս չեն սահմանափակվում Հայաստանով: Նա համարձակվում է սպառնալ այնպիսի տերությունների, ինչպիսիք են Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Հայաստանի ավանդական դաշնակից Ֆրանսիայի հետ Բաքվի հարաբերությունները տևական ժամանակ շարունակում են լարված մնալ: Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ֆրանսիայի ղեկավարությունը հակաադրբեջանական դիրքորոշում է որդեգրել և վարում է Հարավային Կովկասում ապակայունացմանն ուղղված քաղաքականություն: Բացի այդ, Բաքուն մեղադրում է Փարիզին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը խափանելու փորձերի, Հարավային Կովկասում հակամարտություն հրահրելու մեջ և մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին ղարաբաղյան հարցը չլուծելու և դեռևս խորհրդային տարիներին Հայաստանին հողեր հանձնելու խոստումների մեջ:
«Ինչ-որ մի դեսպանի այցը Շուշի չպետք է մեզ որպես լավություն մատուցվի։ Գալիս է, թող գա, չի գալիս, պետք չէ։ Կարծես ինչ-որ բան փոխվում է նրանց ժամանումից կամ չգալուց, ոչինչ չի փոխվում»,- շարունակել է Ալիևը։ Նա, հավանաբար, նկատի է ունեցել ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիին: Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները քննադատել էին Բաքվում ԱՄՆ դիվանագիտական կորպուսին՝ Շուշի չայցելելու համար։ Սա գնահատվել էր որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու դրսևորում։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Լիբբին հայտարարել էր, որ չի ցանկանում «մասնակցել որևէ մեկի շոուին և կայցելի Շուշի, երբ ժամանակը գա»: Սակայն ավելի ուշ դեսպանն, այնուամենայնիվ, այցելել է Շուշի։
Ալիևը նաև հայտարարել է, որ իր մեկ պահանջով չորս հայկական գյուղ է հանձնվում: Նա հպարտացել է, որ Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիան իրականացվել է Բաքվի պայմաններով։ «Այսօր միայն մեր պահանջով, առանց որևէ այլ միջոցի դիմելու, մեզ են վերադարձվում Տավուշի (Ղազախ) չորս գյուղերը։ Վերադարձվում են իմ մեկ պահանջով, և այդպես էլ պետք է լինի։ Այդպես էլ կլինի։ Խոսքի իրավունքն այստեղ մեզ է պատկանում։ Դելիմիտացիան, դեմարկացիան իրականացվում են մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է»,-ասել է Ալիևը: Նա բացեիբաց հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը կկատարի Ադրբեջանի պահանջներն ու ցանկությունները, և, ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը կատարում է դրանք: Այսպես շարունակվելու է, եթե նա շարունակի ղեկավարել երկիրը։ Հայաստանի ղեկավարությունը նույնիսկ չփորձեց հերքել այդ խոսքերը, և պատճառաբանություններ ու փաստարկներ բերել, որոնց հիման վրա նրանք իրականացնում են այսպես կոչված սահմանազատումը։
Ադրբեջանական մամուլը շատ ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին։ Ըստ ադրբեջանցիների՝ իրենք չեն ցանկանում տապալել Փաշինյանին, քանի որ նա անում է այն, ինչ ուզում է Ադրբեջանը։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Բաքուն և Անկարան կարող են ստիպված լինել քայլեր ձեռնարկել Հայաստանում «կարգուկանոն հաստատելու» համար: Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեն նշել է, որ եթե հարևան երկրի (Հայաստանի) «ապակառուցողական» ուժերը փորձեն ուժով տապալել կառավարությունը, դա կարող է այդ երկիրը տանել քաղաքացիական պատերազմի անդունդ: Հաջիզադեի խոսքով՝ «քաոսը, անարխիան և քաղաքացիական պատերազմը կանխելու համար Թուրքիան և Ադրբեջանը կարող են դիտարկել սահմանափակ ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նրանց աշխարհագրական հարևանությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և Փաշինյանին իշխանության ղեկին պահելու կարևորությունը»:
Զաբելա Ավագյան