«Հայրս ծնվել է 1909 թ.-ին. այդ գործն է արել, ես էլ իրենից եմ սովորել». Գորիսի բարքաշը | Region

«Հայրս ծնվել է 1909 թ.-ին. այդ գործն է արել, ես էլ իրենից եմ սովորել». Գորիսի բարքաշը

Մայիս 17,2024 20:45

25-ամյա գորիսեցի Նարինե Հովհաննիսյանի բարքաշով պատված տան արտաքին տեսքը թեև գորիսեցիներին չի զարմացնում, սակայն տարբերվում է Հայաստանի բոլոր բնակավայրերի շենք-շինություններից։ Բարքաշ կոչվող սվաղի ծագումնաբանության մասին Նարինեին որևէ բան հայտնի չէ, բայց կարծում է, որ այն կարող է ցեմենտի ու նյութերի պակասի պատճառով արված  լինել։

«Չնայած քիչ քանակով է շինանյութ օգտագործվում, սակայն աշխատանքը ժամանակատար է։ Բայց միևնույն ժամանակ այն ավելի է ամրացնում պատը, քան սովորական շաղախը: Իրականում սա ոչ թե քարի, այլ քարին հաջորդող սվաղի ձևն է։ Եթե ընդունված ձևով սվաղն ամբողջությամբ ծածկողականություն է ապահովում, ապա այս դեպքում քարը մասնակի է ծածկվում։ Մեր բարբառով կոչվում է բալքյաշ կամ բարքաշ։ Հիմնականում ասում ենք բարքաշ։ Այս սվաղը յուրահատուկ է միայն Գորիսին։ Կար ժամանակ, որ գորիսեցիները վերանորոգումների ընթացքում սկսել էին չօգտագործել այս տարբերակը, որովհետև հատուկ էր միայն Գորիսի հին թաղամասերին։ Որոշ ժամանակ անց նորից սկսեցին կիրառել, ու կարծես Գորիսի դիմագիծը դարձավ։ Հիմա նոր տները Գորիսում կրկին այս ոճով են կառուցվում»,-ներկայացրեց Նարինե Հովհաննիսյանը։

Ալեքս Ավագյանը թեև արցախցի է, բայց հասցրել է լավ ծանոթանալ շինարարական նրբություններին։ «Քարերի կարերը սվաղով ծածկելը  նրա համար է արված,  որ քարերը ջուր չքաշեն։ Գորիսն էլ շատ ջրառատ է, դրա համար էլ այս տեսքով են արել։  Քարերի և ավազի այս համադրությունը շատ գեղեցիկ է, և հենց այդ ձևն էլ պատը պահում է ավելորդ ջրերից։ Ուրիշ տեղ այսպիսի պատերի ձև չկա»։

77-ամյա  շինարար Կառլեն Պողոսյանը, ով  25 տարեկանից մինչ այսօր զբաղվում է բարքաշությամբ, մանրամասներ ներկայացրեց։ «Ես կասեի դա սվաղ չէ, այլ՝ կարանների լիցք։ Հայերեն այսպես է կոչվում։ Դա շատ հնուց է գալիս։ Հայրս, օրինակ, ծնվել է 1909 թ.-ին, ինքն էլ է այդ գործն արել։ Ես հենց իրենից եմ սովորել, այդ ժամանակվանից եղել է այս ոճը։ Քաղաքի  տների մեծամասնությունը սեփական է, Գորիսում ունենք մոտ 5000 տուն և գրեթե բոլորն այդպես են կառուցված»։

Զարմանալին և ուրախալին այն է, որ Գորիսի երիտասարդները իրենց քաղաքի պատմությունից ու ճարտարապետությունից բավականին տեղեկացված են։

Էդիտա Գալստյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

Նորություններ