Բարեկամությունն ավարտվեց. ԱՄՆ-ն պատժում է Վրաստանին օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
– Վրաստանում ուժի մեջ է մտել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը. Վան Բայբուրթ
– ԱՄՆ–ն և ԵՄ–ն դժգոհ են արտաքին ազդեցության թափանցիկության մասին վրացական օրենքից
Հունիսի 3-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը: Փաստաթուղթը երկրում զանգվածային բողոքի ակցիաներ է հրահրել, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից քննադատություն, իսկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել օրենքի վրա: Օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը Վրաստանի խորհրդարանն ընդունել է երրորդ՝ վերջնական ընթերցմամբ: Կողմ է քվեարկել 84, դեմ՝ 30 պատգամավոր:
Մեկնաբանելով օրենքը՝ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, հայալեզու «Վրաստան» թերթի խմբագիր, Հայաստան-Վրաստան միության նախագահ Վան Բայբուրթը նշեց. «այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, մեր երկրի ժողովրդավարության վառ ցուցադրությունն է։ «Վրացական երազանքի» նախաձեռնությամբ ընդունված օրենքը եթե կարդան օրենքներն իմացող փորձագետները կամ մասնագետները, նրանք անպայման կհասկանան, որ այն փակում է երկրի ազգային շահերին սպառնացող վտանգների դռները: Այս օրենքն ընդունվել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Արևմտյան Եվրոպայի շատ երկրներ: Վրաստանը նույնպես ցանկանում էր ընդունել այս օրենքը, քանի որ թաքնված արտաքին միջամտության զգացողություն կար, ուստի երկիրը որոշեց գնալ թափանցիկ ճանապարհով: Այդ իսկ պատճառով Վրաստանի խորհրդարանը կարևոր է համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը»։
«Չգիտես ինչու ոչ կառավարական կազմակերպություններն ու Արևմուտքի երկրներն այդ օրենքն անվանում են «ռուսական»: Իրականում առաջին նման օրենքն ընդունվել է Միացյալ Նահանգներում 1930-ականների երկրորդ կեսին: Երբ Հիտլերը իշխանության եկավ Գերմանիայում, ամերիկացիները անհանգստացան, որ եթե նրանք չընդունեն նման օրենք, հարուստ Գերմանիան կարող է ազդել ԱՄՆ-ի ներքին կյանքի վրա: Անհրաժեշտ էր ընդունել այնպիսի օրենք, որ Հիտլերը չկարողանար ազդել Ամերիկայի քաղաքական կյանքի վրա։ Ռուսաստանը նույնպես նման օրենք է ընդունել։ Հիմա այդ օրենքը չգիտես ինչու «ռուսական» են անվանում։ Համոզված եմ, որ սա հատուկ հորինվել է մարդկանց վախեցնելու համար: Ռուսաստանը կորցնում է իր հեղինակությունը որպես մի երկիր, որը խախտում է բազմաթիվ միջազգային նորմեր։ Դրա համար էլ օրենքը «ռուսական» են անվանում», – ընդգծել է Բայբուրթը։
Նա հավելել է, որ «այս օրենքի, ինչպես նաև եվրոպական երկրներում ընդունված նմանատիպ օրենքների հիմնական նպատակն է վերահսկել հասարակական կազմակերպություններին մուտք գործող գումարները»: Օրենքը նախատեսում է ԶԼՄ-ների և ոչ կառավարական կազմակերպությունների եկամուտների մոնիտորինգ, եթե նրանք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են արտերկրից: Նման կազմակերպություններն այժմ կգրանցվեն որպես օտարերկրյա գործակալներ և տարեկան հաշվետվություն կներկայացնեն իրենց եկամուտների մասին։ Օրենքը չի նախատեսում որևէ պատժամիջոց նրանց նկատմամբ, ովքեր ֆինանսավորում են ստանում արտերկրից: Նրանք միայն պետք է բացահայտեն դա, որպեսզի ապահովեն ֆինանսավորման թափանցիկությունը, այսինքն՝ վերահսկվի այդ հազարավոր հասարակական կազմակերպությունների ֆինանսական հոսքերը։
Ես կարծում եմ, որ այդ կազմակերպությունները չպետք է նման մտահոգություն ցուցաբերեն, նրանք պետք է հաշվետվություն ներկայացնեն։ Հաշվետու են նաև Ամերիկայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և ընդհանրապես այլ երկրներում, որտեղ կան տարբեր պետությունների կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպություններ։ Սա ֆինանսական վերահսկողության սովորական տարր է, որը բնորոշ է շատ երկրների։ Եթե դուք ազնվորեն եք ծախսում ձեր գումարը, ինչու պետք է վախենաք ինչ-որ մեկին զեկուցելուց: Ի վերջո, ֆինանսավորման համար դուք դիմում եք այդ կազմակերպություններին: Գուցե ՀԿ-ների ինչ-որ շրջանակներ նեղանում են, բայց դա ողբերգություն չէ։ Բայց ոչ ոք հարց չի տալիս. իսկ ինչու՞ դա այդքան հետաքրքրեց Արևմուտքին։ Այդ օրենքի արևմտյան հակառակորդներից ոչ մեկը չի բացատրել, թե ինչն է դրանում հակաժողովրդավարական»,-հայտարարեց Բայբուրթը ։
Օրենքի ընդունման կապակցությամբ ԱՄՆ-ն արդեն վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավորների, կառավարության անդամների, ուժային գերատեսչությունների աշխատակիցների և նրանց հարազատների համար: ԱՄՆ-ի այս գործողությունները պատասխան են Թբիլիսիի օրենսդրական նախաձեռնություններին: Խոսելով պատժամիջոցների մասին՝ Վան Բայբուրթը նշել է. «պատժամիջոցներից կտուժեն հավանաբար Եվրամիությունն ու Ամերիկան։ Սա անհարգալից վերաբերմունք է Վրաստանի նկատմամբ։ Ոչ մի ժողովրդավարական երկիր չի կարող հավանություն տալ նման մոտեցմանը։ Չեմ կարծում, որ պատժամիջոցներ կլինեն: Դա ճնշում է վրաց ժողովրդի վրա, որը ներկայիս կառավարությունն ընտրել է ձայների 70 տոկոսով։ Սա նախազգուշացում է, բայց դրանից վախենալու կարիք չկա»։
Մեկնաբանելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունն այն մասին, որ Արևմուտքը կարող է հոկտեմբերին Վրաստանում նոր «մայդան» իրականացնել, Վան Բայբուրթը նշեց. «Արևմուտքում հատուկ ուզում են, որ այստեղ ինչ-որ բան տեղի ունենա, մարդկանց վախեցնում են: Հիմա դուք գիտեք, թե ինչ վիճակում է գտնվում Վրաստանը։ Վրաստանը նման է կնոջ, որին ամուսնացնում են և որին հավակնում են երկու կողմ՝ մեկը Արևմուտքն է, մյուսը՝ Հյուսիսը։ Հիմա պայքար է գնում, որ այդ կինը ընտրություն կատարի։ Վրաստանում հեղափոխություն է եղել: Բայց մենք ժողովուրդ ենք, որը սիրում է արդարությունը և Վրաստանը ժողովրդավարական երկիր է»,-եզրափակեց Վան Բայբուրթը։
Հատկանշական է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը կարևոր ներդրում կլինի վրացական պետության ամրապնդման գործում: «Օրենքը դուր չի գալիս միայն նրանց, ովքեր չեն ցանկանում Վրաստանն ավելի ուժեղ, ավելի ինքնիշխան տեսնել, չնայած այն հանգամանքին, որ դա բխում է մեր պետական շահերից։ Այդ պատճառով մենք մինչև վերջ կպաշտպանենք օրենքը, որը ես անվանել եմ «Ինքնիշխանության Սահմանադրություն»,-ասել է Իրակլի Կոբախիձեն։
Զաբելա Ավագյան