Թուրքիան և Ադրբեջանը մշակութային ցեղասպանության քաղաքականություն են վարում հայկական քաղաքակրթության դեմ
– Ալիևը վերաշարադրում է պատմությունը, ջնջում հայկական ինքնությունն ու ժառանգությունն Արցախում
– Թուրքիայի և Ադրբեջանի մշակութային ցեղասպանությունները Անիում և Շուշիում. արցախցի պատմաբաններ
– Ալիևը պետք է կանգնի պատմության դատաստանի առջև
Monumentwatch.org կայքը, որը զբաղվում է Արցախի մշակութային ժառանգության մոնիթորինգով, գրել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունն ակտիվանում է տարբեր միջազգային հարթակներում՝ ցուցահանդեսների, դասախոսությունների և գիտական լսումների տեսքով։ Այս անգամ ադրբեջանական քարոզչությունը կենտրոնացել է Լատվիայում, որտեղ արցախյան գորգերն իրենց ինքնատիպ հայկական զարդանախշերով և խորհրդանիշներով ներկայացվում են որպես Ադրբեջանի ավանդական գորգագործության մշակույթ: 2024 թվականի մայիսի 16-ին բացվել է «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկ կոդը» խորագրով ցուցահանդեսը, որի հիմնական ցուցադրությունն ընդգրկում է հայկական գորգերը Արցախից և Հայաստանից, ներկայացվել է որպես Azerhalica ընկերության ադրբեջանական գորգեր: Այս նմուշները կրկնօրինակն են Արցախի Ջրաբերդի հայ ֆեոդալական իշխանության գորգագործության կենտրոնում արտադրված «Արծվագորգյան գորգերի», Սյունիքի և Նախիջևանի Գողթն գավառի «Որոտան» տեսակի գորգերի: Օրինակ՝ կենդանիների և թռչունների նշանները, դեկորատիվ ձևավորման կոմպոզիցիոն նախշերը և դրանց շրջապատող հավատալիքների պատկերներն օգտագործվում են հայկական գորգագործության մշակույթում և ունեն դարավոր պատմություն։ Ադրբեջանը հայկական գորգերը ներկայացնում է որպես «ադրբեջանական ժողովրդի ազգային հարստություն»՝ անտեսելով պատմական վկայությունները: Սակայն 17-րդ դարի հայկական «Արծվագորգ» տեսակի գորգի նմուշները պահվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Լոնդոնի մասնավոր հավաքածուներում:
Հարկ է նշել, որ Ռիգայի այս ցուցահանդեսը, որը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը, ունի խորը քաղաքական ենթատեքստ, որի երկարաժամկետ նպատակն է վերաշարադրել պատմությունը, ջնջել հայկական ինքնությունն ու Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը և այդ ամենը համակարգել միջազգային մակարդակով:
Ադրբեջանը յուրացնում է ոչ միայն արցախյան գորգերը, այլև հայ ժողովրդի այլ ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական պատվիրակությունը ձախողել է Ադրբեջանի և Թուրքիայի փորձերը՝ ապօրինաբար յուրացնելու հայկական հացը՝ լավաշը, և այն ներկայացնելու որպես իրենց մշակութային ժառանգության մաս: Խոհարարական կոնֆլիկտը շարունակվել է հայկական տոլմայի, փախլավայի և խաշի պատճառով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկվել են հայկական խաչքարերը, դրանց ստեղծման սիմվոլիկան և վարպետությունը, հայկական քոչարի պարը, ինչպես նաև հայկական դուդուկը:
Ադրբեջանը, որը 1918թ.-ի հիմնադրումից ի վեր սեփական մշակույթ չունեցող պետություն է, յուրացնում է բնիկ ժողովուրդների՝ հայերի, թալիշների, լեզգիների, ավարների, թաթերի, տաբասարանցիների մշակութային ժառանգությունը: Բաքուն նման քաղաքականություն է վարում նաև հայ ժողովրդի դեմ, որը հազարամյակների պատմություն ունի և համաշխարհային քաղաքակրթության մաս է կազմում։ Ադրբեջանի քաղաքականության հիմնական մասը հայկական մշակութային ժառանգության կեղծումն ու ալբանացումն է։ Արցախի պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում Գանձասարը, Ամարասը, Հակոբավանքը, Ծիծեռնավանքը ներկայացնում են որպես աղվանական:
Ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը՝ Բաքուն Թուրքիայի ձեռագրով է գործում. նրանք ունեն մեկ նպատակ՝ յուրացնել կամ ամբողջությամբ վերացնել հայկական բնակավայրերում պահպանված մշակութային արժեքները: Թուրքիան և Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում են հայկական մշակութային արժեքների յուրացում կամ ամբողջական ոչնչացում։ Նման միտք է հնչել վերջերս Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցած «Անիի հնագիտական դպրոց» միջազգային գիտաժողովում կովկասագետ, ՀՀ ԳԱԱ աշխատակից Հովիկ Ավանեսովի և պատմաբան Մհեր Հարությունյանի պատրաստած զեկույցում:
Գիտնականներն առաջին անգամ պատմական Հայաստանի երկու խոշորագույն տնտեսական և մշակութային կենտրոններ Անիում և Շուշիում հայկական հետքերի ոչնչացման համեմատական վերլուծություն են իրականացրել: Հովիկ Ավանեսովի և Մհեր Հարությունյանի խոսքով՝ «Հայաստանի երկու պատմական կարևոր քաղաքներում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացված մշակութային ցեղասպանության ուսումնասիրությունն այսօր հատկապես արդիական է և անհրաժեշտ թե գիտական, թե քաղաքական առումով: Հայոց հինավուրց մայրաքաղաք Անին և Արցախի մշակութային կենտրոն Շուշի քաղաքն իրենց պատմության ընթացքում հատկապես կարևոր ռազմաքաղաքական և մշակութային նշանակություն են ունեցել Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար: Մեր գիտական հետազոտությունն ուղղված է մշակութային ցեղասպանության հիմնավորմանը՝ որպես Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Անիում և Շուշիում իրականացված հանցագործություն»:
Հովիկ Ավանեսովը նշել է. «մեր հետազոտության նպատակը պատմական փաստերի համադրումն ու դրանց հիման վրա քաղաքակիրթ աշխարհի պատմության մեջ անընդունելի երևույթի վերլուծությունն իրականացնելն է։ Այն, ինչ տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ և Անիում, և Շուշիում, ժամանակակից գիտության մեջ կոչվում է «մշակութային ցեղասպանություն»։ Մեր ունեցած փաստերը ցույց են տալիս, որ երկու քաղաքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը նույն ձեռագիրն ունի և մեկ նպատակ՝ յուրացնել կամ ամբողջությամբ վերացնել հայկական բնակավայրերում պահպանված մշակութային արժեքները: Այն փաստը, որ Անիում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվել է պետական մակարդակով, փաստագրված է 1921թ. մայիսի 25-ին «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ, Մուստաֆա Քեմալի խորհրդական և Թուրքիայի ԱԺ պատգամավոր Նուրի Բեյի կողմից Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին ուղղված նամակով, որում գրված է. «Անի քաղաքի հուշարձանների ավերակներն ու հետքերը պետք է ջնջվեն երկրի երեսից: Մենք պետք է ոչնչացնենք Անիի պատմական հուշարձանները: Դա անելով՝ դուք մեծ ծառայություն կմատուցեք Թուրքիային»։ «Նույն քաղաքականությունն իրականացվել է 100 տարի առաջ, այնուհետև ողջ խորհրդային ժամանակաշրջանում և այսօր իրականացվում է Ադրբեջանի պետական ռեժիմի կողմից Շուշիում և ամբողջ Արցախում»,- ընդգծել է Ավանեսովը։
Պատմաբանի խոսքով՝ պատմական փաստերի և իրադարձությունների կեղծումը վաղուց դարձել է Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականության անքակտելի մասը։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան ոչ միայն զբաղված է հայկական մշակութային ժառանգության յուրացմամբ, այլև այն ներկայացնում է որպես «թուրքական»։ Անիի հուշարձանները բացառություն չեն. բոլոր ցուցանակներում և գովազդներում որևէ խոսք չկա Բագրատունի արքաների այս հնագույն մայրաքաղաքի հայկական ծագման մասին: Ընդհակառակը, այն ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ երկրի կրթական և այլ ոլորտներում ներկայացվում է որպես իսլամական քաղաքակրթության մաս: Նույն քաղաքականությունն է վարում նաև Ադրբեջանը ՝ կյանքի կոչելով Շուշիում և ամբողջ Արցախում հայկական հուշարձանների ալբանացումը։
Հարկ է նշել, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում ոչնչացվեցին բազմաթիվ հայկական եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ և այլ ճարտարապետական հուշարձաններ: «Շուշիում 2020 թվականի պատերազմից հետո հողին է հավասարեցվել Կանաչ Ժամ անունով հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, ավերվել են հին գերեզմանատները, ինչպես նաև վերջին 30 տարիների ընթացքում կանգնեցված հուշարձանները։ Մենք դա հաստատող բազմաթիվ փաստեր ունենք, – ընդգծել է Հովիկ Ավանեսովը։
Քաղաքի պատմական, մշակութային նկարագիրը խեղաթյուրելու և քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին զուտ ադրբեջանական ներկայացնելու նպատակով Ադրբեջանը Շուշիում կազմակերպում է իսլամական կոնֆերանսներ և տարբեր միջոցառումներ: Այսպիսով, Շուշի քաղաքը բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր ներկայացնելու համար դեռևս 2021 թվականին Ադրբեջանը փաստաթղթեր է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ ցուցակում Շուշին որպես ադրբեջանական քաղաք ընդգրկելու համար։ Բացի այդ, Շուշին 2023 թվականին հայտարարվել է «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։ Այսօր Ստեփանակերտը և Արցախի շատ գյուղեր ավերակների են վերածվել, որպեսզի ոչ ոք բռնապետ Ալիևին չասի, որ քաղաքում հայկական ճարտարապետության մնացորդներ կան: Նրան անհրաժեշտ է դարերով ու հազարամյակներով այստեղ ապրած մարդկանց հիշողության լիակատար վերացում։
Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին. երկու ագրեսոր երկրների նպատակը հայկական մշակութային ժառանգության յուրացումն ու ոչնչացումն է նույն մեթոդներով: Մշակութային ցեղասպանությանը դիմակայելու համար մենք պետք է ամրապնդենք մեր դիրքերը դիվանագիտական մակարդակում, պահանջենք ագրեսորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Ալիևը պետք է կանգնի պատմության դատաստանի առաջ ոչ միայն արցախահայության դեմ ցեղասպան քաղաքականության, այլև ընդհանրապես հայկական քաղաքակրթության դեմ իր խաչակրաց արշավանքի համար:
Զաբելա Ավագյան
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ–ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։