«Նախապատրաստվում են ձայների նոր գողության». արտահերթ ընտրություններ Ադրբեջանում | Region

«Նախապատրաստվում են ձայների նոր գողության». արտահերթ ընտրություններ Ադրբեջանում

Հունիս 27,2024 21:01

Նշվել են Ադրբեջանում Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների անցկացման պատճառները  

Արտահերթ ընտրություններ անցկացնելու լուրջ հիմքեր չկան. վերլուծաբաններ

Սահմանադրական դատարանը հունիսի 27-ի նիստում հավանություն է տվել Միլի Մեջլիսի լուծարմանը և Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Սահմանադրության համաձայն՝ հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հինգ տարին մեկ՝ նոյեմբերի առաջին կիրակի օրը, այսինքն՝ նոյեմբերի 3-ին։ Սակայն հունիսի 20-ին «Նոր Ադրբեջան»-ը հանդես է եկել խորհրդարանական ընտրությունների ժամկետը տեղափոխելու նախաձեռնությամբ, քանի որ նոյեմբերի 11-22-ը Բաքվում տեղի կունենա COP29 համաժողովը: Եվ, իբր, տեխնիկապես շատ դժվար է միաժամանակ անցկացնել երկու մեծ միջոցառում, ինչպիսիք են խորհրդարանական ընտրությունները և COP29-ը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ, նախնական գնահատականներով, COP29-ի ժամանակ Բաքու կժամանեն 70-80 հազար օտարերկրյա հյուրեր:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում նախորդ ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններն արտահերթ էին: Սովորաբար արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններն անցկացվում են այն ժամանակ, երբ երկրում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում, Բայց հիմա Ադրբեջանում այդ ճգնաժամը չկա։

Որոշ վերլուծաբաններ կասկածի տակ են դրել Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը և կարծում են, որ ընտրությունների հանկարծակիությունը ընդդիմությանը զրկում է նախապատրաստվելու հնարավորությունից: Նրանց կարծիքով՝ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները թելադրված են քաղաքական պահով։ Նախ, անհրաժեշտ է ամերիկացիներին և եվրոպացիներին ցույց տալ, որ ժողովուրդն ու նախագահը միասնական են։  Երկրորդ՝ ցույց տալ, որ Ադրբեջանում ոչ ոք չի վախենում վերընտրություններից, չնայած նրան, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, հաղորդել են բազմաթիվ ընտրախախտումների մասին, իսկ Ադրբեջանի պաշտոնատար անձինք հետևողականորեն մերժել են նման քննադատությունը։ Երրորդ՝ ստանալ ադրբեջանական ժողովրդի «վստահության քվեն» երկրի պետական քաղաքականությանը։

Ընդդիմության ներկայացուցիչները նաև վճռական առարկություններ են հայտնել, և կարծում են, որ 2 ամիսը շատ կարճ ժամանակահատված է նախընտրական քարոզչության համար: Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման և COP29-ի միջև կապն ընդամենը պատրվակ է իշխանությունների իրական մտադրությունները թաքցնելու համար:

Քերիմլիի խոսքով՝ ռեժիմը մտադիր է կրկին ընտրություններն անցկացնել անմրցունակ մթնոլորտում, այն էլ ամռան շոգին, երբ բնակչության ակտիվությունը ցածր կլինի. փաստորեն, նախապատրաստվում են ձայների նոր գողության։

«COP 29-ի պատճառով ընտրությունները վաղաժամկետ հետաձգելու փաստարկներն անհիմն են։ Այս միջոցառումը կմեկնարկի նոյեմբերի 11-ին, իսկ Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային նոյեմբերի առաջին կիրակի օրը։ Ոչինչ չի խանգարել իշխանություններին Սահմանադրությամբ սահմանված ժամկետում ընտրություններ անցկացնել։ Փաստորեն, հերթական անգամ նախապատրաստվում են ձայներ գողանալու։ Քանի որ հերթական անգամ անտեսվել են ընտրական օրենսդրության և պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների առաջարկությունները»,-գրել է Քերիմլին Facebook-ի իր էջում:

Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Սեյմուր Հազին ենթադրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ընտրական գործընթացը մանիպուլացնելու հերթական փորձ են: Այս քայլը դիտարկելով որպես հակաժողովրդավարական պրակտիկայի շարունակություն՝ Հազին ընդգծել է արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը՝ մատնանշելով ընդդիմության առանցքային դեմքերի ազատազրկման և ընտրությունների թափանցիկության բացակայության փաստերը: Իսկ իշխող կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Նագիֆ Համզաևն առանց հստակեցման հայտարարել է, որ տարածաշրջանում տեղի են ունենում «տարբեր և արագ գործընթացներ, ուստի Ադրբեջանը պետք է օպերատիվ քայլեր ձեռնարկի և առաջ անցնի որոշ գործընթացներից»:

Արտահայտելով իր մտահոգությունները՝ «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին նշել է. «Մենք պահանջում ենք էական բարեփոխումներ՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, ընտրական հանձնաժողովներում արդար ներկայացվածություն և հավաքների ազատության երաշխիքներ»:

Քաղաքագետ Ազեր Գասըմլիի խոսքով՝ արտահերթ ընտրությունների պատճառներն արտացոլում են ժողովրդավարությունից նահանջի ավելի լայն խնդիր։ «Ադրբեջանի ընտրական ինստիտուտները գրեթե ոչնչացված են։  Երկիրը դեռ մնացել է խորհրդային անցյալում և միայն մակերեսային փոփոխությունների է ենթարկվել»,- մեկնաբանել է Գասըմլին:

Հատկանշական է, որ երկրի հասարակական-քաղաքական կազմակերպություններն ու անհատները մտադիր են ընտրություններին մասնակցել որպես թեկնածուներ:

Մինչ Ադրբեջանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների հերթական փուլին, քաղաքական դաշտը մնում է խորապես բաժանված, իսկ լեգիտիմության և ժողովրդավարության հարցերը գտնվում են ազգային դիսկուրսի առաջին պլանում:

   Զաբելա Ավագյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

 

Նորություններ