Բացի հողերն անմշակ չթողնելու հորդորներից, ի՞նչ է արվում. գյուղացին մնացել է առանց պարարտանյութի, դիզվառելիքի և սերմացուի
Ռուս-ուկրաինական պատերազմը ստիպեց շատ երկրների վերանայել պարենային անվտանգության ռազմավարությունը. գոտիները ձգելու, գյուղատնտեսության զարգացման վրա շեշտադրում անելու հայտարարություններ եղան աշխարհի տարբեր երկրներում, որովհետև կանխատեսումները հուսադրող չեն:
Հացահատիկի և էներգակիրների շուկայում համաշխարհային գների աճը ծանր դրության մեջ կդնի այն երկրներին, որոնք մինչ պատերազմը չեն կարողացել ապահովել պարենային նվազագույն կարիքները։
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատմամբ՝ հակամարտության խորացումը կարող է հանգեցնել աշխարհում գյուղատնտեսական արտադրության անկման:
Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հորդորեցին՝ հնարավորինս շատ հողեր մշակել պարենային անվտանգության մարտահրավերը հաշվի առնելով: Ասացին՝ լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում: «Միակ լավատեսականը ստեղծված իրավիճակում կարող է լինել գյուղատնտեսության զարգացումը»,- հայտարարեց ՀՀ կառավարության ղեկավարը:
Հաշվի առնելով մարտահրավերները՝ փորձել ենք պարզել՝ ինչ է արվում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, բացի հողերն անմշակ չթողնելու հորդորներից: Այսօր ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած գյուղացին, ով ամենևին էլ չի կիսում կառավարության անդամների լավատեսությունը:
«Region 5+»-ի շրջանակներում տարբեր մարզերից արվել է անդրադարձ, թե ինչպես են սկսել գյուղատնտեսական տարին՝ Շիրակում, Սյունիքում, Լոռիում և Արմավիրում: Բոլոր տեղերում համայնքների բնակիչները դժգոհել են պարարտանյութի, դիզվառելիքի գների աննախադեպ աճից: Հողագործներից շատերը որակյալ սերմացուի փոխարեն անասնակեր հացահատիկ են ցանել: