Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարությունը Ռուսաստանի ազդեցության մեղմումն է կամ թուլացումը. քաղաքագետ | Region

Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարությունը Ռուսաստանի ազդեցության մեղմումն է կամ թուլացումը. քաղաքագետ

Հուլիս 12,2024 16:49

Ինչի՞ վրա է հիմնված Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպմանը Բլինքենի հայտարարությունը, թե Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը:

Քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ հիմնված է նրա վրա, որ Հայաստանը, միակողմանի զիջումների գնալով, պատրաստ է այս պահին ստորագրել ցանկացած բան, որն Ադրբեջանն առաջարկում ու պահանջում է:

«Ես կարծում եմ՝ նման բանակցությունների ժամանակ, եթե կողմերից մեկն ավելի թույլ է, բնականաբար, այս թույլ կողմի հաշվին լուծումներ է տրվում, և սա կարծում եմ հենց պայմանավորված է սրանով, որ հայկական կողմի թույլ դիրքերը հիմք են տալիս ենթադրելու Բլինքենին, որ, այո՛, Հայաստանը պատրաստ է դա անել և գնալ միակողմանի զիջումների, ստորագրել այն փաստաթուղթը, որի մասին նշում եք»,-ավելացրեց Սարգսյանը:

Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը գրառմամբ վերահաստատել էր Հայաստանի քաղաքական կամքը՝ հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ։ Թե ո՞րն է Հայաստանի իշխանությունների կողմից շտապողականության դրսևորման պատճառը, քաղաքագետի բնութագրմամբ դրանք շատ տարբեր կարող են լինել: «Բնականաբար, բոլորս գիտենք, որ շատ ծանր վիճակում է հայտնվել Հայաստանը՝ կապված միջազգային այն գործընթացների հետ, որոնք տեղի են ունեցել մեր շուրջ՝ սկսած 2020թ.-ի պատերազմից և պարտությունից հետո, ես կարծում եմ պայմանավորված է բացառապես առաջին հերթին հենց դրանով, չեմ բացառում, որ շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալու են նախագահական ընտրություններ և վստահ չեն, որ Բայդենը վերընտրվելու է, և միգուցե ԱՄՆ-ում Թրամփի վերադարձը հնարավոր է, որ փոփոխություններ մտցնի ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ՝ այդ թվում մեր նկատմամբ, այսինքն, վստահ չեն, որ ամերիկյան քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ նույն կերպ ակտիվ է լինելու կամ ներգրավված է լինելու ԱՄՆ-ն այնպես, ինչպես այսօր է ներգրավված, և չեմ բացառում, որ դրանով է պայմանավորված»:

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների օրակարգում կա՞ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման հարցը: «Կարծում եմ չկա, որովհետև սովորաբար պարտվող կողմը գնում է զիջումների բանակցությունների ժամանակ և զիջում է ավելին, քան պարտության արդյունքում է զիջել, դրա համար չեմ բացառում, որ հենց այդպես էլ լինի»,-արձագանքեց քաղաքագետը:

«Այնպես չէ, որ ԱՄՆ -ն այստեղ պրոհայկական  դիրքավորում ունի, ԱՄՆ-ի համար սկզբունքային է, որպեսզի խնդիրը շուտ լուծվի և խաղաղության պայմանագիրը շուտ ստորագրվի, և այստեղ ամերիկացիները կարծում եմ կողմնապահություն չեն անում, ընդամենը օգնում են, որ կողմերը պայմանավորվեն ու գան միասնական և իրար մոտ դիրքորոշումների: ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում ունի իր ռազմավարությունը, և այն Ռուսաստանի ազդեցության մեղմումն է կամ թուլացումը, և ԱՄՆ-ում կարծիք կա, որ մեր տարածաշրջանի կոնֆլիկտների լուծումն առաջին հերթին թուլացնելու է Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում»- եզրափակեց Սուրեն Սարգսյանը:

 

Ելենա Ավետիսյան

Նորություններ