Թրամփի սպանությшն փորձը. առաջին ենթադրությունները
– Թրամփի դեմ մահшփորձի հնարավոր պատճառները
– Կրшկոցներ Բաթլերում. ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել Դոնալդ Թրամփի սպшնությունը
Հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում՝ նրա ելույթի ժամանակ: Ժամեր անց նա հանդես եկավ հայտարարությամբ և շնորհակալություն հայտնեց թիկնազորին օպերատիվ արձագանքի համար: Թրամփը դիմել է համերկրացիներին՝ պառակտում թույլ չտալու և ուժ ու համառություն ցուցաբերելու կոչով: Նա ցավակցություն է հայտնել զոհված հանդիսատեսի հարազատներին։
New York Post-ը հայտնեց քաղաքական գործչի դեմ մահափորձ կատարողի անունը։ Նա 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Թերթի տվյալներով՝ դիպուկահար հրացանով զինված նա թաքնվել է բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա: Քրուքսին սպանել են գաղտնի ծառայության դիպուկահարները։
Թոմաս Մեթյու Քրուքսը չի թաքցրել իր ատելությունը Թրամփի նկատմամբ սոցիալական ցանցերում: Տեսանյութերից մեկում նա ասում է, որ ինքը նույն Թոմաս Մեթյու Քրուքսն է, ով ատում է հանրապետականներին և Թրամփին: Բայց տեղեկություններ չկան այն մասին, թե կոնկրետ երբ է նկարահանվել այդ տեսանյութը: Միևնույն ժամանակ, ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ հարձակվողը ենթադրաբար եղել է ձախ արմատական «Անտիֆա» շարժման ներկայացուցիչ և կրել է վերնաշապիկ՝ զենքին նվիրված գովազդով: Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են, որ քննիչները շարունակում են ստուգել կասկածյալի հեռախոսից և այլ թվային սարքերից ստացված տվյալները ՝ կասկածյալի և ծայրահեղական կազմակերպությունների կամ անհատների միջև ցանկացած կապ հայտնաբերելու համար:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը մահափորձի պահին գտնվում էր Դելավեր նահանգում, ընդհատել է հանգիստն ու վերադարձել Վաշինգտոն: Միջադեպից մի քանի ժամ անց Բայդենը, որը Թրամփի հավանական մրցակիցն էր նոյեմբերին, շտապ մամուլի ասուլիս անցկացրեց: «Ես ուրախ եմ լսել, որ նա (Թրամփը) անվտանգ է եւ նրա մոտ ամեն ինչ լավ է։ Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ներկա էին հանրահավաքին: Առայժմ մենք սպասում ենք հետագա տեղեկատվությանը»,- գրել Է Բայդենը սոցցանցերում։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ: Նախկին նախագահի մամուլի ծառայությունում դա հաստատել են, զրույցի մանրամասները չեն բացահայտվում:
Այլ հայտնի դեմոկրատներ, այդ թվում՝ նախկին նախագահ Բարաք Օբաման, դատապարտել են մահափորձը։
Այնուամենայնիվ, հանրապետականներն արդեն մահափորձի պատասխանատու են համարում դեմոկրատներին և անձամբ Ջո Բայդենին, ով անցյալ երկուշաբթի հայտարարել էր, որ ժամանակն է Թրամփին «թիրախի կենտրոնում» դնել: Անցյալ երկուշաբթի Politico հրատարակությունը հաղորդեց, որ նախագահ Բայդենը հայտարարել է. «Ես մեկ խնդիր ունեմ ՝ հաղթել Դոնալդ Թրամփին։ Ես բացարձակապես համոզված եմ, որ ես լավագույն մարդն եմ դրա համար: Այսպիսով, մենք ավարտեցինք բանավեճերի մասին խոսելը, ժամանակն է Թրամփին նշանակետին դնել»,- ասել է Բայդենը։
Ավելի քան երկու տասնյակ հանրապետական կոնգրեսականներ հրաձգության մեջ մեղադրում են Բայդենին, դեմոկրատ պաշտոնյաներին և լրատվամիջոցներին:
Ծայրահեղ աջ կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը հայտարարել է, որ «դեմոկրատները ցանկանում էին, որ դա տեղի ունենա, և երկար տարիներ ցանկանում էին Թրամփի հեռանալը, նրանք պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի դա տեղի ունենա»: Գրինը նաև մեղադրել է դեմոկրատ օրենսդիրներին, որոնք փորձում էին Թրամփին զրկել գաղտնի ծառայության պաշտպանությունից, որից պաշտոնապես օգտվում են բոլոր նախկին նախագահները:
Հարկ է նշել, որ հրաձգությունից մոտ 6 շաբաթ առաջ Թրամփը դարձավ հանցագործության համար դատապարտված առաջին նախկին նախագահը, երբ Մանհեթենի երդվյալ ատենակալների դատարանը նրան մեղավոր ճանաչեց բոլոր 34 մեղադրանքներում, որոնք կապված էին գործարար գրառումների կեղծման հետ՝ պոռնոաստղի հետ ենթադրյալ սեռական կապը թաքցնելու և դրանով իսկ իր քաղաքական վիճակը բարելավելու համար:
Միևնույն ժամանակ, հունիսի վերջին Թրամփի բանավեճը նախագահ Ջո Բայդենի հետ այնքան քաղաքական վնաս հասցրեց գործող նախագահին, որ վերջինիս կուսակցության որոշ անդամներ կոչ արեցին հրաժարվել թեկնածության առաջադրումից:
Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը մեծ արձագանք է գտել ամբողջ աշխարհում։ Բազմաթիվ երկրների առաջնորդներ դատապարտել են միջադեպը և Թրամփին շուտափույթ ապաքինում մաղթել:
Կրեմլում չեն կարծում, որ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կազմակերպել է ԱՄՆ գործող վարչակազմը, սակայն կարծում են, որ ստեղծվել է համապատասխան մթնոլորտ, որն էլ հանգեցրել է մահափորձի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ամենևին չենք կարծում, որ նախագահի թեկնածու Թրամփին հեռացնելու փորձը կազմակերպվել է գործող իշխանության կողմից, բայց թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը, որը ստեղծվել է այդ վարչակազմի կողմից քաղաքական պայքարի ընթացքում, հրահրել է այն, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,-ընդգծել է Պեսկովը:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Դոնալդ Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում նրա դեմ մահափորձի հնարավոր պատճառ է համարում: «Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում կարող էր հանգեցնել ագրեսիայի ակտի։ Դա ամբողջությամբ բացառել այս փուլում չի կարելի։ Թրամփն այն սակավաթիվ արևմտյան քաղաքական գործիչներից է, որը բացահայտ խոսում է ռազմական գործողությունների հովանավորչության դադարեցման անհրաժեշտության մասին: Այս վարկածի հաստատումն է վերջերս Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի վրա կատարված հարձակումը», – գրել է Պետդումայի նախագահը։
Իսկ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը քաղաքական պատվեր է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նրա խոսքով ՝Թրամփի ֆիզիկական հեռացումը ձեռնտու է առաջին հերթին ԱՄՆ նախագահի շրջապատին՝ առաջիկա նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակն ապահովելու համար: Նա նաև կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դիտարկել միջադեպին ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցության վարկածը, քանի որ, ըստ Ցեկովի, Վլադիմիր Զելենսկու ռեժիմը վախենում է Թրամփի իշխանության գալուց, քանի որ նա կարող է կորցնել ֆինանսական աջակցությունը և կորցնել հարստանալու հնարավորությունը։
Զաբելա Ավագյան