Հնարավոր հանրաքվեի դեպքում իշխանությունը տարբեր եղանակներով կստանա իր ցանկալի արդյունքը. Իգիթյան
Հետխորհրդային երկրներում Եվրոպային միանալը ընկալվում է որպես դրախտ, եթե այդպես է, հարց է ծագում՝ ինչո՞ւ Բրիտանիան դուրս եկավ: REGIONSTV-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵՄ-ին միանալու վերաբերյալ Հայաստանում քննարկվող օրակարգին, նման կարծիք հայտնեց կովկասագետ Կարեն Իգիթյանը:
Նրա խոսքով՝ այն արժեքներին, որոնք հիմա Եվրոպայում են տարածվում, մեր ժողովրդի զգալի մասը դեմ է, չնայած սրան, Իգիթյանը կարծում է՝ հնարավոր հանրաքվեի դեպքում իշխանությունը տարբեր եղանակներով կստանա իր ցանկալի արդյունքը:
«Հանրաքվեով մի քանի նպատակ կարող են հետապնդել` նախ ցույց տալ Ռուսաստանին, թե ուր են գնում, երկրորդ՝ ներսում զգալի քանակով ձայներ հավաքել ու ասել, որ մենք լեգիտիմություն ունենք, որովհետև դրա պակասն այսօրվա իշխանությունը միանշանակ ունի և դա գիտակցում են, հանրաքվեի դրական արդյունքի դեպքում կասեն՝ սա նաև մեր լեգիտիմության հանրաքվեն էր, երրորդ՝ ինչ իրենք կարող են անել, այդ նույն հանրաքվեով սահմանադրական փոփոխությունները բերեն օրակարգ, ասեն՝ գնացեք 3 «այո» դրեք, իսկ մարդիկ երկար չմտածեն, գնան ու քվեարկեն»:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի Հայաստանին տրամադրած 10 մլն եվրո աջակցությանն ու Մոսկվայի կոշտ արձագանքին, կովկասագետը նշեց՝ պետք է գնահատել՝ ինչ է ստանում Հայաստանը ինչի դիմաց:
«Փաշինյանը գնում է Գրանադա, ճանաչում է Արցախն Արդբեջանի մաս, Ադրբեջանը հայաթափում է Արցախը, մեզ Եվրոպայից տալիս են վրանային ճամբար»,-ընդգծեց Իգիթյանը: