Ուսումնասիրություններ են տարվում, պարզելու՝ Մարտունիի երկրաշարժի հասցրած վնասները
Օգոստոսի լույս 12-ի գիշերը, ժամը 02:02-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժը սեյսմաբանների դիտարկմամբ, իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում։ Ինչպես հայտնի է, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Ըստ սեյսմաբանների, Սևանի տարածքով անցնող 2 բեկվածք կա։ Առայժմ դժվար է ասել, թե գրանցված ցնցումները որ բեկվածքի ակտիվության հետևանքն են։ Իսկ առհասարակ, վերջին շրջանում այս տարածքում ստորգետնյա ցնցումները հաճախակի են, ինչը սեյսմաբանության մեջ կոչվում է ցրված սեյսմիկություն։ Այս նույն տարածքում, ըստ սեյսմաբանների, անցած տարի էլ 6 բալ ուժգնության երկրաշարժ է եղել։
Սևան քաղաքի բնակիչ՝ «Գեղամա» հեռուստաընկերության տնօրեն Սուրեն Բարսեղյանը, REGIONS TV-ին հայտնեց, որ Սևանում, ինչպես նաև Ճամբարակում ու Գավառում ստորգետնյա ցնցումները գրեթե չեն զգացվել, դրանք համեմատաբար բարձր ուժգնություն են ունեցել Մարտունու տարածաշրջանում։
Նրա խոսքով, այժմ կառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ են տարվում, պարզելու, թե երկրաշարժի հետևանքով շենք-շինությունները ինչ վնասվածքներ են ստացել։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։