Իսրայելի և Իրանի միջև լարվածությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ. միջազգային հանրության արձագանքը | Region

Իսրայելի և Իրանի միջև լարվածությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ. միջազգային հանրության արձագանքը

Օգոստոս 13,2024 21:00

Օրեր առաջ Իրանում սպանվեց ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Պաղեստինի առաջնորդները և Իրանի կառավարության պաշտոնյաները սպանության մեջ մեղադրեցին Իսրայելին և խոստացան կոշտ պատասխան տալ:

Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմի վտանգը մեծանում է, ինչը լուրջ մտահոգություն է միջազգային հանրության համար։

Հուլիսի 31-ի վաղ առավոտյան իրանական լրատվամիջոցները հայտարարեցին Իսմայիլ Հանիեի մահվան մասին։ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդը Քաթարից Իրանի մայրաքաղաք էր եկել մասնակցելու Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսմայիլ Հանիեն՝  թիկնապահի հետ Թեհրանում գտնվող իր նստավայրում սպանվել են գիշերը ժամը 02:00-ի սահմաններում՝ «օդային հարվածից»։

Թեև Իսրայելի կառավարությունը դեռ չի հաստատել իր մասնակցությունը Հանիեի լուծարմանը, ֆրանսիական Noria անկախ հետազոտական ​​կենտրոնի աշխատակից Քսավյե Գինարը նշում է, որ Իսրայելը սովորաբար չի մեկնաբանում պետության տարածքից դուրս իր գործողությունները։ Նրա կարծիքով, եթե Հանիեի վրա հարձակման հետևում իսրայելական իշխանությունները չլինեին, նրանք, անշուշտ, այդ փաստը կհայտնեին միջազգային հանրությանը, քանի որ Իսրայելի վրա հարձակման և տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման վտանգն այս իրավիճակում չափազանց մեծանում է:

Al Jazeera-ն նշում է, որ Հանիեի սպանության օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ վերջին օրերին իր երկիրը ջախջախիչ հարվածներ է հասցրել Իրանի դաշնակիցներին, այդ թվում՝ «Համասին»-ին և «Հեզբոլլահ»-ին։ Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է դիմակայել ցանկացած թշնամու ցանկացած ագրեսիայի։

Ինչ վերաբերում է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը, ապա հուլիսի 30-ին Բեյրութի հարավային արվարձաններին հասցված հարվածի արդյունքում Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) ոչնչացրել է հրամանատար Ֆուադ Շուքրին։ BBC-ի միջազգային խմբագիր Ջերեմի Բոուենը նշում է, որ իսրայելական զորքերը հետապնդում էին Շուքրին: Նշվում է, որ Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարձակման հետևում, որի հետևանքով զոհվել է 12 երեխա և դեռահաս, հենց նա է կանգնած։ Այնուամենայնիվ, «Հեզբոլլահը» հերքում է իր կողմից որևէ առնչություն այդ հարձակմանը:

Ի պատասխան այս երկու հարձակումների, մասնավորապես, Իրանի տարածքում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը, Իրանի կառավարությունը եռօրյա համազգային սուգ հայտարարեց։ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց. «այս գործողությամբ ոճրագործ և ահաբեկչական սիոնիստական ​​ռեժիմը իր համար խիստ պատժի ճանապարհ է հարթել, և մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել նրա [Հանիեի] արյան համար, քանի որ նա նահատակվել է Իսլամական պետության՝ Իրանի Հանրապետության տարածքում»։

Միջազգային հանրության մեծ մասը բացասաբար է արձագանքում տեղի ունեցածին, քանի որ մտահոգված է Մերձավոր Արևելքում հակամարտության սրմամբ։

РБК-ի լրագրողը նշում է, որ ՌԴ ԱԳՆ-ն Հանիեի սպանությունն անվանել է «քաղաքական սպանություն», և որ տեղի ունեցածը չի նպաստում զինադադար հաստատելուն։ Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ կատարվածից  ակնհայտ երևում է, որ Իսրայելը շահագրգռված չէ խաղաղության հասնելու, և որ վերջինիս գործողությունները, անկասկած, չեն նպաստում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը։

Ըստ Գինարդ, արևմտյան երկրները, նույնիսկ եթե նրանք ՀԱՄԱՍ-ը ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն, միևնույն է, չեն ողջունում Հանիեի սպանության լուրը, քանի որ վախենում են Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի զարգացումից:

Քաթարն ու Եգիպտոսը, որոնք միջնորդում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները, ևս հայտարարել են, որ Հանիեի սպանությունը նվազեցրել է զինադադարի հավանականությունը:

ԱՄՆ-ն, այս երկու երկրների հետ միասին, գլխավորում է հրադադարի համաձայնագրի հաստատմանն ուղղված ջանքերը: «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան կառավարության պաշտոնյաները կարծում են, որ խաղաղ բանակցությունները դեռ հնարավոր են։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պարզաբանել է, որ Վաշինգտոնը տեղյակ չի եղել և չի մասնակցել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությանը։

«Զարթոնք Մեդիա»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ԱԳՆ-ն աջակցում է Քաթարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի նախաձեռնությանը։ Նա ցանկություն է հայտնել սկսել զինադադարի բանակցությունները և ազատ արձակել պատանդներին՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։

Տարածաշրջանում հակամարտության սրման նոր փուլից մտահոգված են նաև փորձագետներն ու քաղաքագետները։ Շատերը համոզված են, որ կոշտ պատասխան կլինի՝ կա՛մ Իրանի կողմից, կա՛մ  նրա վստահված անձանցից որևէ մեկի կողմից:

Ըստ Ջերեմի Բոուենի՝ Մերձավոր Արևելքում արդեն ընթանում է տարածաշրջանային պատերազմը։ Գինարը հավելում է, որ Իսրայելն արդեն հարվածներ է հասցրել Եմենի, Սիրիայի, Լիբանանի, Էպիպետի և Իրանի տարածքներին, իսկ Սիրիայի, Իրաքի, Լիբանանի և Եմենի խմբավորումները, ինչպես նաև Իրանի կառավարությունը ռմբակոծել են իսրայելական թիրախները։

Բոուենի գնահատմամբ՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի և Հեզբոլլահի կարևոր հրամանատարի սպանությունը չի կարող ուղղակիորեն լայնամասշտաբ պատերազմ հրահրել տարածաշրջանում: Այնուամենայնիվ, լրագրողը կարծում է, որ նման իրադարձությունները սպառնում են անվտանգությանը «աշխարհի ամենաեռուն տարածաշրջանում»։ Եթե ​​տարածաշրջանային իշխանությունները շարունակեն նման գործողություններ իրականացնել, ապա, բնականաբար, դիվանագիտական ​​լուծման հասնելն ավելի կդժվարանա։

Գինարը համաձայն է, որ վերջին իրադարձությունները, հավանաբար, լայնամասշտաբ պատերազմի չեն հանգեցնի։ Սակայն նա ընդունում է, որ Հանիեի լիկվիդացումը խախտել է Իրանի տարածքային ինքնիշխանությունը։ Սրա պատճառով հնարավոր է, որ Իրանը ռազմական պատասխան տա։ Ավելին, Բոուենը հայտնում է, որ իսրայելական հարվածները Բեյրութի հարավային արվարձաններին կարող են հրահրել Իսրայելի և Հեզբոլլահի միջև հակամարտության սրացումներին։

Ռուսական միջազգային հարաբերությունների խորհրդի (RIAC) փորձագետ Նիկիտա Սմագինի կարծիքով՝ Հանիեի սպանության արդյունքում Գազայի հատվածում ներկայիս հակամարտությունը միայն կսրվի։ Գազայում իրավիճակի նման վատթարացումը, անկասկած, միայն բացասական հետևանքներ կունենա ողջ Մերձավոր Արևելքի համար։

Նրա խոսքով՝ «Իսրայելի գործողությունները հատել են կարմիր գիծը, և ամենայն հավանականությամբ, մենք կբախվենք Իսրայելի և Իրանի միջև առճակատման նոր փուլի»։

Մոսկվայի պետական ​​համալսարանի հրեական հետազոտությունների ամբիոնի դոցենտ Լուիզա Խլեբնիկովան նույնպես կարծում է, որ «Իրան-Իսրայել հարաբերությունները սրման նոր փուլի շեմին են, խաղադրույքներն անընդհատ աճում են, և տարածաշրջանային պատերազմի վտանգը մնում է բարձր, ինչը չպետք է թերագնահատվի»:

Ըստ РБК-ի՝ արևմտյան մի դիվանագետ, ով աշխատել է Իսրայելի և Հեզբոլլահի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, The Washington Post-ին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը գրեթե «թաղել է» Գազայում զինադադարի համաձայնագրի հույսերը, իսկ Մերձավոր Արևելքը գնում է դեպի «ավերիչ տարածաշրջանային պատերազմ»։

Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար։ Ադրբեջանի հետ հակամարտությունից հյուծված ու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետևանքներից տառապող կովկասյան երկրի շահերից չի բխում հարևանների միջև իրավիճակի սրումը։ Լայնամասշտաբ պատերազմն, անկասկած, ավելի կապակայունացնի տարածաշրջանը և բացասաբար կանդրադառնա Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական դրության վրա։

 

Նորություններ