Գագիկ Ծառուկյանի «փակած ու բացած էջերը» | Region

Գագիկ Ծառուկյանի «փակած ու բացած էջերը»

Փետրվար 02,2017 11:16

2017 թվականի ապրիլ ամսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում տեղի են ունենում վերադասավորումներ, ուրվագծվում են որոշակի դաշինքներ:

ԳԱԼԱ-ն սկսում է առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական գործիչների անցած ճանապարհը ներկայացնող տեսանյութերի շարք (կամ շարքի ցուցադրություն):

2015 թվականին քաղաքականության «էջը փակած» եւ 2017 թվականին այն վերստին բացած քաղաքական գործչի՝ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասին է շարքի առաջին տեսանյութը:

Գագիկ Նիկոլայի Ծառուկյան

Ծնվ. է 1956 թ. նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում: 1989 թ. 33 տարեկանում ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, զբաղվել է բռնցքամարտով, ըմբշամարտով և բազկամարտով։ 2003 թվականին մեծամասնական կարգով Գագիկ Ծառուկյանն ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
2007թ.-ին պաշտոնապես 370 հազար անդամ ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջին անգամ մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, սակայն ստանում է 204 483 քվե՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը ՀՀԿ-ից հետո:
2008-ի փետրվարի նախագահական ընտրությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

2008-ի Մարտի 1-ի ոճրագործությունից հետո 2008-ի մարտի 21-ին ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ ԲՀԿ-ն ստորագրում է քաղաքական կոալիցիայի համաձայնագիր: 2011թ. Գագիկ Ծառուկյանն արդեն ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ ստորագրում է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն», որով ի թիվս այլ հարցերի պարտավորվում են 2013 թվականի նախագահական ընտրություններին պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: 2012թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն ստացավ 454.671 քվե՝ զիջելով միայն ՀՀԿ-ին: Խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել ձևավորված կոալիցիոն կառավարությանը:

2013թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն սեփական թեկնածու չառաջադրեց, Ծառուկյանը չմասնակցեց ընտրություններին՝ այդպիսով մասամբ հավատարիմ մնալով 2011 թվականին ստորագրած «Քաղաքական կոալիցիայի հայտարարությանը»:

2014թ. Գագիկ Ծառուկյանը, այսպես կոչված, «Հրաշալի քառյակի» մասնակիցը դարձավ:

Տեղի ունեցան հանրահավաքներ, նա հարթակ բարձրացավ Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

2015թ. փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Գագիկ Ծառուկյան դերակատարը երկրի համար չարիք է դարձել»: 2015 թվականի փետրվարի 13-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»:

2015-ի մարտի 5-ին Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու և այդ էջը փակելու մասին:

2017-ի հունվարի 17-ին Ծառուկյանը հայտարարեց, որ բացում է փակած էջը եւ վերադառնում է քաղաքականություն:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ