British Petroleum-ը վաճառում է իր ադրբեջանական ակտիվները․ բրիտանացիները չեն ուզում մասնակցել նախագծին, որը եկամուտ է ապահովելու ՌԴ-ի համար | Region

British Petroleum-ը վաճառում է իր ադրբեջանական ակտիվները․ բրիտանացիները չեն ուզում մասնակցել նախագծին, որը եկամուտ է ապահովելու ՌԴ-ի համար

Սեպտեմբեր 27,2024 11:14

British Petroleum-Azerbaijan-ը վաճառում է Տրանսադրիատիկ գազատար խողովակաշարում իր 20 տոկոս մասնաբաժինը: Այս խողովակաշարով է Ադրբեջանից գազ տեղափոխվում դեպի Եվրոպա։ Ընկերության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ BP-ն համաձայնել է վաճառել Տրանսադրիատիկ գազատարի (TAP) իր բաժնետոմսերը ամերիկյան Apollo Global Management մասնավոր ներդրումային հիմնադրամին: Գործարքի գումարը կազմում է մեկ միլիարդ դոլար:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը  REGONSTV-ի հետ հարցազրույցում անդրադարձել է British Petroleum-ի բաժնեմասի վաճառքին, բրիտանա-ադրբեջանական հարաբերություններին եւ այլ հարցերի։

Բրիտանական Բրիթիշ Փեթրոլիում (British Petroleum) ընկերությունն տարիներ առաջ փորձել է հեռանալ ադրբեջանական Տրանսադրիատիկից, իսկ հիմա արդեն պաշտոնապես հայտարարել է իր բաժնեմասի վաճառքի մասին։ Պարոն Միքայելյան, ինչ եք կարծում, ինչու է ընկերությունը որոշել վաճառել իր ակտիվները Ադրբեջանում:                

Հրանտ Միքայելյան

– British Petroleum-ը հեռանում է ադրբեջանական գազային ենթակառուցվածքից։ Այստեղ հասկանալի պատճառ կա. Բանն այն է, որ օգոստոսից որոշում կա, որ ներդրողները լրացուցիչ, մոտ մեկ միլիարդի չափ եւ  հնարավոր է՝ ավելին, լրացուցիչ ներդրումներ պետք է անեն ադրբեջանական գազային ենթակառուցվածքի ընդլայնման համար, որպեսզի հետագայում ռուսական գազը Ադրբեջանի տարածքով տեղափոխվի։ Այսինքն՝ դա այդ ցանցի զարգացումն է, որպեսզի ռուսական գազը տեղափոխվի Ադրբեջանով և պետք է Տրանսադրիատիկ գազատարի թողունակությունն ավելացնել։

Խնդիրն այն է, որ նախ բրիտանացիները չեն ցանկանում մասնակցել մի նախագծի, որը հետագայում եկամուտ է ապահովելու Ռուսաստանին։ Երկրորդ, եւ, թերեւս, ամենակարեւորը՝ փաստ չէ, որ այդ ներդրումներն արդարացնում են այնպիսի ներդրողի սպասումներն, ինչպիսիք են Բրիթիշ Փեթրոլիումը, եւ նրանք որոշել են դուրս գալ նման ներդրումայն ծրագրից՝ առանց նոր ռիսկային ներդրումներ անելու. Բանն այն է, որ դեռ այնքան էլ պարզ չէ, թե ինչպիսին կլինի ադրբեջանական գազային ենթակառուցվածքի եկամտաբերությունը, ինչ ազդակներ կտա գազային շուկան։ Հավանաբար, ներկայիս պայմաններում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին, գազի գինը բավականին բարձր կլինի։ Բայց նույնիսկ դա հնարավոր չէ երաշխավորել, քանի որ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան կանաչ օրակարգի ճնշման տակ աստիճանաբար անցնում են վերականգնվող էներգիայի աղբյուրներին, ենթադրվում է, որ 2040-45-ին արդեն վերջնականապես կանցնեն։ Խոսքն այն մասին է, որ այդ ոլորտում երկարաժամկետ ներդրումներ պետք է կատարվեն, որը հետագայում սահմանափակվելու է։ Եւ նշելով 2040 թվական, նշանակում է, որ նրանք   ենթադրում են, որ այդ ժամանակ ընդհանրապես գազ չեն գնի: Իմ կարծիքով՝ երկու հիմնական պատճառներ կան՝ քաղաքականը՝ ռուսական գործոնն է, իսկ տնտեսականը՝ կանաչ էներգիայի անցման քաղաքականությունը։ Եւ իհարկե, դեռ հստակ ու պարզ չէ ադրբեջանական գազային ենթակառուցվածքից ստացվող եկամուտների ծավալը։

 Պարոն Միքայելյան, ինչպե՞ս կգնահատեք Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ներկայումս դրանք որոշակի փոփոխության ենթարկվե՞լ են:

– Մենք ունենք տեղեկություններ, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, հոկտեմբերին, ամենայն հավանականությամբ, Մեծ Բրիտանիան է արգելափակել ՄԱԿ Անվտանգության խորհրդի Արցախի վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Երբ 2022-ին առաջ բարձրացավ Արցախի շրջափակման հարցը, 2023-ին՝ արցախցիների բռնի տեղահանման ու Արցախի պետականության լուծարման հարցը, այն ժամանակ Բրիտանիան ոչ միայն չարգելափակեց, այլև սկսեց կարծես թե կառուցողական դեր խաղալ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ Կանադան վերջերս շատ կառուցողական դիրքորոշում է հայտնել, ըստ որի՝ Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ։ Իսկ ինչի մասին է դա խոսում։  Կանադան, այնուամենայնիվ, բրիտանական տիրապետության մաս է, եւ Կանադայի պետության ղեկավարը թագավոր Չարլզ 3-դն է: Բացի այդ, Հայաստանի ներկայիս կառավարությունը շատ սերտորեն համագործակցում է Մեծ Բրիտանիայի հետ։ Ինչ վերաբերում է Ալիևին, ապա մենք վերջին շրջանում մի քանի անգամ քննադատություն ենք լսել Մեծ Բրիտանիայի դիրքորոշման վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, Մեծ Բրիտանիայի առաջնահերթություններն Ադրբեջանի նկատմամբ վերանայվում են։

Հաշվի առնելով, որ մի կողմից Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունն այնքան թափանցիկ չէ, որքան, օրինակ, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, մյուս կողմից էլ Հարավային Կովկասը, այնուամենայնիվ, գերակա ուղղություն չէ, ուստի տեղեկատվությունը բավարար չէ Մեծ Բրիտանիայի դիրքորոշման վերաբերյալ ճշգրիտ եզրակացություն անելու համար: Այդ պատճառով, ես կասեի այսպես՝արտաքին դրսևորումներով կարելի է դատել, որ հարաբերությունների վատթարացում է գնում՝ Մեծ Բրիտանիայի առաջնահերթությունների աստիճանաբար վերանայում Հարավային Կովկասի նկատմամբ, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի և այլն։ Բայց կարելի է ասել միայն որոշակի ենթադրություններով։

Ադրբեջանում, բացի Բրիթիշ Պեթրոլիումից, կային այնպիսի լուրջ ընկերություններ, ինչպիսիք են ամերիկյան նավթագազային հսկաներ Exxon Mobil-ը, Chevron-ը և այլ արևմտյան ընկերություններ, որոնք նույնպես լքեցին Ադրբեջանը։ Ինչո՞ւ են խոշոր ընկերությունները հեռանում և հրաժարվում աշխատել Ադրբեջանում։

– Այստեղ մի քանի նրբություն կա՝ ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում  ներդրումների եկամտաբերությունն արդեն նվազում է։ Այնտեղ որոշակի պայմանագրեր են եղել, որ ի սկզբանե օտարերկրյա ներդրողների, այդ թվում՝ խոշորների, եկամուտը մեծ է լինելու, այսինքն՝ ադրբեջանական նավթից և գազից ստացվող եկամուտների մեծ մասը կուղղվի օտարերկրյա ներդրողներին, որոնք ֆինանսավորել են ողջ ենթակառուցվածքների ստեղծումը, գազի և նավթի արդյունահանումը, բաշխումն ու իրացումը։ Այս պահին նրանց մասնաբաժինը բավականին նվազել է, իսկ Ադրբեջանն ինքնին բավականին «թունավոր» պետություն է։ Նախ, Իլհամ Ալիեւը մշտապես թույլ է տալիս ոչ դիվանագիտական արտահայտություններ այլ երկրների նկատմամբ։ Բացի այդ, Ադրբեջանը փորձում է քաղաքականապես պայմանավորել տնտեսական ներդրումները, մասնավորապես, փորձում է առաջ մղել իր ավտորիտար քաղաքականությունը Ադրբեջանի ներսում և հակահայկական քաղաքականությունն՝ արտաքին քաղաքականությունում։ Բացի այդ, Ալիևն աստիճանաբար դառնում է Արևմուտքի համար ավելի ու ավելի  ոչ ցանկալի բռնապետ։ Ու թեև բռնապետության դեմ ժողովրդավարության պայքարի օրակարգը շատ մեծ չափով «գործիքավորված է», այն հաճախ օգտագործվում է որպես քարոզչություն։ Բայց Արևմուտքում շատերը պարզապես չեն ցանկանում միանգամայն անկեղծ շփվել այնպիսի ֆաշիստական բռնապետի հետ, ինչպիսին Ալիևն է։ Ցավոք, կա բրյուսելյան ղեկավարություն՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենով, կան  նրա նման ծախու, կոռումպացված քաղաքական գործիչներ Իտալիայում, Հունգարիայում և մի շարք երկրներում, որոնք դեռ աշխատում են Ալիևի ֆաշիստական բռնապետության հետ, և չմտածելով, որ Ադրբեջանն իրականում ագրեսոր է, իրականում ֆաշիստական պետություն, բռնապետություն և քաղաքականացնում է տնտեսական հարաբերությունները։ Դրա համար էլ Ադրբեջանը դեռ քիչ գործընկերներ չունի, բայց հին գործընկերների թիվը նվազել է, շատ գործընկերներ արդեն չկան։ Սա էլ է փաստ, այն նկատվում է։

Զաբելա Ավագյան

Լուսանկարը՝ Հրանտ Միքայելյանի ֆեյսբուքյան հաշվից

Նորություններ