Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հագով կարված «կոստյում»-ի մեջ
7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները մանդատ ստացան՝ խորհրդանշական կերպով ՀՀ քաղաքացու ձեռքից, որպես հավաստիք այն բանի, որ այդ մանդատը տրվում է ժողովրդից:
Եվ անկախ տրված գնահատականներից՝ խորհրդարանի մի մասի անփորձ ու երիտասարդ լինելու հանգամանքի մասին, այն համակրելի է թվում գոնե այն առումով, որ 7-րդ գումարման խորհրդարանին գործելու մանդատ իսկապես ՀՀ քաղաքացին է տվել:
Սակայն միևնույն ժամանակ կարևոր է գիտակցումը, որ այդ մանդատը բացառապես ժողովրդին ծառայելու համար է: Եվ եթե այդ մանդատի վերաարժևորում չլինի հենց իրենց՝ մանդատավորների կողմից, եթե բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը ստորադասվի ձևապաշտություններին, ապա վաղ թե ուշ հասունանալու է նոր հեղափոխության պայթյունի վտանգը՝ այս անգամ այսօրվա հեղափոխականների գլխին:
Խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանում
Խորհրդարանական կառավարման համակարգում Ազգային ժողովի երիտասարդ պատգամավորներն իրենց ուսերին ծանր պատասխանատվություն են վերցնում: Որովհետև ի վերջո ազատ և ժողովրդավարական երկիր բոցաշունչ ելույթներով չեն կառուցում: Դրա համար անհրաժեշտ է նախ իշխանությունների հստակ սահմանազատում, և պետական ինստիտուտների (դատարաններ, ոստիկանություն, բանակ, ԱԱԾ, դատախազություն, քննչական մարմիններ) կայացում, որոնք չեն նույնացվի օրվա իշխանությունների հետ, որոնք իսկապես զերծ կլինեն քաղաքական ուժի ազդեցությունից:
Ինչ խոսք, իշխանությունների սահմանազատման տեսանկյունից խորհրդարանական կառավարման համակարգը թերևս լավագույնն է, սակայն մեզ մոտ այդ համակարգը նախկին իշխանությունների ձեռքով վերածվեց սուպերվարչապետական համակարգի, ինչպես ժամանակին ասում էր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ով որպես ընդդիմադիր պատգամավոր սուր կերպով քննադատում էր սուպերվարչապետությունը՝ հայտարարելով, որ այն կարված է մեկ մարդու համար, և այդ մեկը Սերժ Սարգսյանն էր:
Հայաստանին պարտադրված Սահմանադրությամբ հաստատված համակարգը իրականում որևէ աղերս չունի իրական պառլամենտարիզմի հետ: Այն խեղաթյուրեց պառլամենտարիզմի գաղափարը, և միապետ Սերժ Սարգսյանի լիազորությունները փոխանցվեցին վարչապետ Սերժ Սարգսյանին: Իսկ հեղափոխության արդյունքում այս լիազորությունները, ասել է թե՝ «կոստյումը» անցավ Նիկոլ Փաշինյանին:
Հարմարավե՞տ է արդյոք Ս. Սարգսյանի կոստյումը Նիկոլ Փաշինյանին
«Իմ քայլը» նախընտրական իր ծրագրում չի խոստանում իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, որոնք կբերեին խորհրդարանական համակարգի հաստատման և սուպերվարչապետի լիազորությունների կրճատման:
Իսկ ժողովրդի մանդատով ձևավորված խորհրդարանն արդյոք ցանկություն ունի վերանվաճելու իրենից խլված գործառույթները:
ՀՀ կառավարության գործունեության և կառուցվածքի մասին ՀՀ օրենքում ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում խորհրդարանը:
Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ով հավակնում է ԱԺ նախագահի պաշտոնին, այն կարծիքին է, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության հարցը դեռ կարելի է քննարկել:
2018 թվականի մարտին, երբ ՀՀԿ-ն էր նման նախագիծ բերել, Միրզոյանը և «Ելք» խմբակցությունն ամբողջությամբ դեմ էին, որ ուժային կառույցները ենթարկվեն անմիջապես վարչապետին և ոչ թե կառավարությանը կամ խորհրդարանին:
Հիմա ժամանակն է հասկանալ՝ նոր իշխանությունների նպատակը իրենց իշխանության մենաշնորհայնացման կամ սուպերվարչապետական համակարգի ամրապնդո՞ւմն է, թե՞ նոր խորհրդարանական երկիր կառուցելը, որտեղ պետական ինստիտուտներն ամենևին չեն փոխվի իշխանափոխությունների հետ և առհասարակ իշխանափոխությունները չեն լինի հեղափոխական ճանապարհով:
Այո, Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ դատարանները, ուժային կառույցները, բանակը, ոստիկանությունը, դատախազությունը, քննչական մարմինները պետք է գործեն բացառապես անկախ:
Բայց քաղաքակիրթ աշխարհի փորձը ցույց է տվել, որ այդ ամենը ստեղծվում է ոչ թե հայտարարությունների մակարդակով, այլ օրենսդրական երաշխիքներով: Եթե Հայաստանը շարունակում է մնալ սուպերվարչապետական համակարգի երկիր, ապա միապետը երբեք չի կարող բարի թագավոր լինել:
Չբալանսավորված իշխանությունների և պետական ինստիտուտների բացակայության պարագայում ժողովրդավարական, իրավական երկիր անհնար է կառուցել, նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենաազնիվ գործիչը լինի: Այստեղ կարևորը ոչ թե անձի որակներն են, այլ կամքը կառուցելու պետական ինստիտուտներ: Հարկ է գիտակցել, որ քաղաքացին խորհրդարանականներին պատգամավորի մանդատ է տվել հենց այս հեղափոխությունն իրականացնելու համար:
Հակառակ դեպքում դժվար է գնահատել՝ հեղափոխություն Հայաստանում առհասարակ տեղի ունեցե՞լ է , թե՞ ոչ: Հայաստանն այսօր էլ մնում է «սուպերվարչապետական» պետություն, պարզապես Սերժ Սարգսյանի փոխարեն այդ «սուպերվարչապետը» Նիկոլ Փաշինյանն է:
Քրիստինա Մկրտչյան