ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ կազմակերպության նկատմամբ․ԵՄ խորհրդարանը բանաձև է ընդունել | Region

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ կազմակերպության նկատմամբ․ԵՄ խորհրդարանը բանաձև է ընդունել

Հոկտեմբեր 24,2024 18:11

Եվրոպական Միության խորհրդարանն այսօր  453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է «Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների մասին»  բանաձևը։

Բանաձևով ԵՄ Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից, կոչ է անում Ադրբեջանին պարտավորվել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև շեշտում՝  տարածաշրջանային ապաշրջափակման հարցերը պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով։

ԵՄ խորհրդարանի բանաձևում նշվում է․« 2023 թվականի սեպտեմբերին, ամիսներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումից հետո, Ադրբեջանը ձեռնարկեց նախապես ծրագրված, չհիմնավորված ռազմական հարձակում այդ տարածքի վրա՝ ստիպելով ավելի քան 100 000 էթնիկ հայերի փախչել Հայաստան, ինչը հավասարազոր է էթնիկ զտումների։ Լեռնային Ղարաբաղը գրեթե ամբողջությամբ դատարկվել է հայ բնակչությունից, որն այնտեղ բնակվում էր դարեր շարունակ»։ Այս հարձակումը, ըստ խորհրդարանի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում և ԵՄ միջնորդությամբ բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունների չկատարում։

Արձանագրվել է նաև  Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության կազմակերպված ոչնչացումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից  բազմիցս հնչած ատելության խոսքը հայերի նկատմամբ,  նշվել է, որ  23 հայ պատանդառուներ, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ութ ղեկավարներ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց անհրաժշետ իրավական ներկայացուցչության, ինչպես նաև արձանագրվել է, որ Ադրբեւջանի ԶՈւ-ն օկուպացրել է ՀՀ-ի ինքնիշխան տարածքը։

Այս ու մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ կազմակերպության նկատմամբ:

Եվրախորհրդարանը նաև նշել է ՝ «Գազպրոմ»-ի և SOCAR-ի միջև կնքված գազային պայմանագրերը, ըստ որի Ռուսաստանից Ադրբեջան մեկ միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվել 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մարտը,  բավականին մտահոգություններ են առաջացրել եվրոպական շուկա ռուսական գազի վերաարտահանման վերաբերյալ։ Նշվում է, որ կան մտահոգիչ տեղեկություններ, որ  ռուսական գազը ԵՄ-ում վաճառվում է որպես ադրբեջանական։ Մինչդեռ ԵՄ-ն նպատակ ունի նվազեցնել եվրոպական կախվածությունը ռուսական գազից, սակայն այդ համաձայնագիրը կարող է դիտվել որպես այդ նպատակը խարխլող։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ գործադիր մարմիններին դադարեցնել ապավինել ադրբեջանական գազին որպես այլընտրանք։

Խորհրդարանը գտնում է, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները ու միջազգային իրավունքի խախտումները, այդ թվում՝ իր հարևան Հայաստանի նկատմամբ ագրեսիան, Ադրբեջանում COP-29-ից առաջ քաղհասարակության, ակտիվիստների, ԶԼՄ-ների  նկատմամբ ուժգնացած  ռեպրեսիաները անհամատեղելի են այդ երկրում COP-29-ի անցկացման հետ։

Խորհրդարանը ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ  անում ձեռնարկել հնարավոր քայլեր, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովները հետագայում չանցկացվեն մարդու իրավունքների պաշտպանության գործում վատ ցուցանիշներ ունեցող երկրներում։

Նորություններ