Ով և ինչպես պետք է խնայի ու պահպանի մեր ազգային հարստությունը
Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն փոխվել է Սևանա լճի ջրի որակը: Այս փոփոխության պատճառ են դարձել կենցաղային և արտադրական թափոնները, գյուղատնտեսական գործունեությունն ու հանքարդյունաբերությունը: Լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն են գործում կոյուղաջրերը, ափամերձ անտառների հատումն ու ջրածածկումը, ջրի մակարդակի տատանումներն ու ձկնապաշարի նվազումը: Իսկ ջրի մակարդակի նվազումը նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար: Գաղտնիք չէ նաև, որ կեղտաջրերը Սևանա լիճ են լցվում տարբեր գետային համակարգերից:
Ըստ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Սաթիկ Բադեյանի, լուրջ խնդիր է նաև գլոբալ տաքացումը, որովհետև լճի ջուրը միշտ տաք է և հատակին սառը շերտ չի գոյանում, ինչը կկանխեր ճահճացման ընթացքը:
Հանքանյութերի արդյունահանման հետևանքով շատ վտանգավոր նյութեր Սոթք գետով լցվում են Սևանա լիճ: Նաև ամբողջ ավազանում առաջացել են աղբի կուտակման բազմաթիվ վայրեր:
Սևանի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ժամանակ առ ժամանակ ձեռնարկվում են որոշ միջոցառումներ: Սեպտեմբերին արդեն հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2025 թ.-ի տարեկան ծրագիրը:
Խնդրի մասնակի լուծում կլինի բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կայանների վրա կենսաբանական մաքրման լրացուցիչ կարողությունների հիմնումը և ափամերձ տարածքներում գործող տնտեսվարող օբյեկտներում մաքրման լոկալ կայանների տեղադրումը: