Սիրախաղ, որը մահակը բամբակ չի դարձնի | Region

Սիրախաղ, որը մահակը բամբակ չի դարձնի

Փետրվար 26,2018 15:44

Փետրվարի 21-ին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին «ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը:

Մինչև 2020 թվականը ԵՄ-ն Հայաստանի իշխանություններին կհատկացնի 160 մլն եվրո: Այս լուրը մատուցվում է հետևյալ փաթեթավորմամբ՝ գումարը կրթության, նորարարության և Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներում ներդրում կատարելու համար է: Թե իրականում ինչպես են տնտեսություն զարգացնում, առաջիկայում մանրամասն ներկայացնելու առիթ կունենանք: Այժմ սակայն շեշտադրումների մասին, որոնք արվում են Եվրոպայի մայրաքաղաքից:

ՀՀ քաղաքացին շոշափելի օգուտ կստանա

Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության կարմիր թելը հետևյալն է՝ «մարդկանց կյանքը որակապես փոխվելու է»:

«Համաձայնագրի իրականացումը կոնկրետ օգուտներ կբերի քաղաքացիներին…»,- կրկնում են եվրոպացի չինովնիկները:

Ի՞նչ հիմքեր ունի նրանց լավատեսությունը. Սերժ Սարգսյան անձի կենսագրությո՞ւնը, վարքագի՞ծը, անցած ճանապա՞րհը, թե՞ տասնամյա կառավարումն է հույսեր ներշնչել, որ հիմա է ինչ-որ բան փոխվելու:

Միայն ՀՀ կառավարությանը 2007-2014 թվականներին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն 450 միլիոն դոլար դրամաշնորհ են հատկացրել: Հերթական 160 միլիոնը որա՞կ է փոխելու: Արդյոք փո՞ղն է պակասել, որ մարդկանց կյանքը գնալով ավելի է վատացել, իսկ Հայաստանը չի փոխել ճահճացող դիրքը՝ նույն միջազգային կառույցների վարկանիշային աղյուսակներում՝ որպես ավտորիտար և կոռումպացված երկիր:

Սա՞ է որպես «հաջողված աշխատանքի» գրավական ոգեշնչել Սարգսյանի վարչախմբի հովանավորյալներին, և Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Մոգերինին հայտարարել է, որ ընդլայնելու են «առկա ամուր բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը»:

Գործող ռեժիմին արվող սիրո խոստովանություններից և տարիներ ձգվող կործանարար սիրախաղից ի՞նչ օգուտ է քաղելու քաղաքացին:

Ինձ համար էակա՞ն է՝ ոստիկանական մահակը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցված է, թե ոչ

Եվրոպացի պաշտոնյաներն անմիջապես մատնացույց են անում «բարեփոխված» դատական, ոստիկանական համակարգերը, հարկային ու մաքսային մարմինների շենքային հարմարավետ պայմանները և այլն:

Բայց ինձ՝ շահագրգիռ քաղաքացուս, ով ցանկանում է տեսնել, զգալ և արձանագրել որակական փոփոխություն, վերը թվարկածով չեն զարմացնի: Համակարգի դեմ մենակ մնացած պահանջատեր քաղաքացու համար ո՞րն է տարբերությունը՝ մահակը, որով առանց վարանելու հարվածելու են գլխին, եվրոպական ստանդարտներին է համապատասխանեցվա՞ծ, թե՞ ոչ: Ջրցանը, որը կիրառելու են փողոց դուրս եկած և փոփոխություն պահանջող քաղաքացու դեմ, եվրոպաներում վերապատրաստված, ավելի լավ հագնված ոստիկանի կողմի՞ց է կիրառվելու, թե՞ ոչ: Միևնույն է, հարվածը տեղալու է գլխին, և ջրցանի շիթը զարկելու է դեմքին, որովհետև, ի դեմս Եվրոպայի, Սարգսյանը ձեռք է բերել ոչ միայն կայուն ֆինանսավորողի, այլ նաև հանդուրժող, ըմբռնումով մոտեցող և «անսպառ լավատեսություն» ունեցող գործընկերոջ:

Թալիբներն ու Սերժ Սարգսյանը

1996 թվականին, երբ Աֆղանստանում թալիբները լուրջ դերակատարություն ձեռք բերեցին եւ իրենց վերահսկողության տակ էին պահում Աֆղանստանի զգալի շրջաններ, սկսեցին կիրառել շարիաթի օրենքները՝ տոտալ հարձակում գործելով աշխարհիկ կյանքի վրա: Տարբեր ոլորտներում մի շարք սահմանափակումներ մտցրին՝ այդ թվում արգելելով մարզական եւ մշակութային միջոցառումների անցկացումը:

Այս շրջանում ՄԱԿ-ը, որն ահռելի մարդասիրական օժանդակություն էր ցուցաբերում՝ փաստացի կերակրելով աֆղան ժողովրդին, երկար ժամանակ համոզում էր թալիբներին (ճիշտ այնպես, ինչպես եվրոպացի պաշտոնյաներն են համոզում մեր իշխանություններին), որպեսզի հատկացված ահռելի միջոցներով թույլատրվեր վերակառուցել ավերված մարզադաշտը՝ այնտեղ մարզամշակութային միջոցառումներ անցկացնելու համար:

Վերակառուցված մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը (որին, ի դեպ, միջազգային կառույցներից որևէ ներկայացուցիչ հրավիրված չէր) «նշանավորվեց» հրապարակային մահապատժով՝ բազմահազարանոց հանդիսատեսի աչքի առաջ:

Տեղի ունեցածը կատարյալ շոկ էր ՄԱԿ-ի պաշտոնյաների համար:

Հայաստանում եվրոպական փողերով վերանորոգված դատարաններում քննվում են քաղաքական գործեր, որոնք դուրս են արդարադատության դաշտից: Այդ դատարանների նկուղում ոստիկանները բռնություն գործադրեցին դատապարտյալների նկատմամբ, ովքեր արդարադատություն երաշխավորող կառույցի ներսում պիտի առավելագույնս պաշտպանված լինեին: Սակայն խոշտանգվեցին՝ դատավորի խոնարհ համաձայնությամբ:

Որևէ մեկը կատարվածի համար չենթարկվեց պատասխանատվության: Դոնորներն էլ լռեցին, որովհետև աննպատակահարմար համարեցին համաձայնագրի ստորագրումից ամիսներ առաջ սրել հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ:

Բայց այսօր դատարանի նկուղում ցավից գալարվող քաղաքացուն համոզում են՝ կյանքդ որակապես փոխվելու է, որովհետև փաստաթուղթը, որը ստորագրվել է, «առանցքային է, առաջընթաց երաշխավորող ու անկյունաքարային»:

Փորձս հուշում է, որ շատ այլ աղաղակող փաստերի վրա է Եվրոպան աչք փակելու առաջիկայում, իսկ համամարդկային իրական արժեքները և քաղաքացու շահը շարունակվելու են ստորադասվել քաղաքական նենգ գործարքներին:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ