Բագրատ Սրբազանն ԶՈՒ ԳՇ պետին հանդիպման է հրավիրում․«Թող ասի, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմաններին» | Region

Բագրատ Սրբազանն ԶՈՒ ԳՇ պետին հանդիպման է հրավիրում․«Թող ասի, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմաններին»

Նոյեմբեր 30,2024 13:36

Բագրատ Սրբազանը հայտարարում է՝ պայքարի ընթացքը հասել է իր վերջնահանգրվանին

«Ձախոխված և սխալված են բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ կարող են լռեցնել պայքարի ընթացքը»,- այսօր ուղիղ եթերի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը և նշեց, որ այդ պայքարի ընթացքը հասել է իր վերջնահանգրվանին, իր վերջին խոսքը ասելուն, ու նրանք գտնվում են այդ փուլի մեջ։

Ըստ Սրբազանի՝ ներկայիս իշխանությունը անպարտելիության միֆ է տարածել,  հավաստիացրեց, որ նրանք անպարտելի չեն․ «Իրենց ամբողջ գաղափարաբանությունը կառուցված է երկու երևույթի վրա՝ փողի և իշխանության։ Փողը՝ որպեսզի կարողանան իրենց կյանքերը այս կամ այն ձևով հաճույքների վերածեն, որից իրենց ողջ կյանքում զրկված են եղել և ձգտել են ունենալ և հիմա հասել են ինչ-որ կերպով։ Սրանք հասել են իրենց վերջին հանգրվանին, վերջակետին և այլ տեղ չունեն, ո՛չ փախուստի, ո՛չ խուսափելու։ Չի ուշանալու ժամանակը, մենք ամբողջությամբ լծված ենք այդ առաքելությունը իրականացնելուն՝ մեր միասնական ջանքերով հաստատելու մեր գոյության իրավունքը, վերականգնելու մեր տունը և այդպես պատվով առաջ գնալու»։

Սրբազանը պատասխանեց այն հարցին, թե ե՞րբ նորից մարդիկ շարժմանը մասնակից կարող են դառնալ, ե՞րբ այն կհասնի հրապարակ․ «Շատ շուտով։ Մենք ամբողջության մեջ բոլոր շերտերրով, մանրակրկիտ կերպով գործում ենք և աշխատում ենք հենց այդ ուղղությամբ։ Ես ուրախ եմ, որ այս ընթացքում բոլոր իմաստներով, զանազան խմբեր՝ մեծեր, փոքրեր իրենց պատրաստակամությունն են հայտնել  մասնակցությունն ունենալու այս նվիրական գործին»,- ընդգծեց նա։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ուղիղ եթերում դիմեց նաև ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին՝ նրան հրավիրելով հանդիպման:

«Ես հենց հիմա ուզում եմ բաց հրավեր ուղղել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, հրավիրել հանդիպման, որպեսզի նաև տեղեկություններ փոխանցի, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմաններին, տեղեկություններ փոխանցի կամ ինձ, կամ հրապարակային իմաստով տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմաններին, սա առաջին հերթին իր պարտականությունն է։ Եթե նա որևէ կերպով չարձագանքի մեր այս կոչին, ուրեմն կնշանակի, որ ինքը վերջնական իմաստով, ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու և իշխանություն ունենալու տիրույթում։ Մենք հավատում ենք, որ սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի մեռել և սպասում ենք արձագանքի»,- ասաց Սրբազանը։

Նա նշեց, որ իրենց պայքարը ճշմարտության մասին է․ «Մենք ի վերջո պայքարում ենք ստի դեմ, վերացնելու համար ստի թագավորությունը, այս փորձիչի ներկայությունը մեր կյանքից»։

Սյուզաննա Խառատյան

 

Նորություններ