Գյումրիի քաղաքապետի Ժ/Պ-ի թեկնածուներն քաղաքի խնդիրների լուծման հարցում առանձնապես աչքի չեն ընկել․նրանց մեջ են՝ կուսակցություն փոխածն ու առաջին տիկնոջ ազգականը
ՔՊ վարչությունը Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար ընտրել է յոթ թեկնածուների
Գյումրիում քաղաքապետի պաշտանակատար նշանակելու համար դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին նախնական ընտրություններ են անցկացվելու: Թեկնածուների ինքնառաջադրման ժամկետը լրացել է, նրանց անունները վարչապետը հրապարակել է:
Նիկոլ Փաշինյանի առաջարկած փրայմերիզին ավելի շատ թեկնածուներ էին ինքնառաջադրվել, բայց ոմանց թեկնածությունը մերժել է Փաշինյանը։ Այդ թվում՝ տնտեսագետ-լրագրող Արտյոմ Թումանյանինը:
Ովքեր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրած քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուները, նրանք որքանով են հայտնի Գյումրիում, որտեղ են աշխատում:
Լևոն Անանյան. Նա 2018 թվականի հեղափոխությունից հետո մի քանի ամիս զբաղեցրել է Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի խորհրդականի պաշտոնը։ Հիմա նա աշխատում է կառավարությունում։ Անանյանի Ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ սովորել է Երևանի պետական համալսարանում և Քեմբրիջի քոլեջում:
Լևոն Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ խորը պատասխանատվությամբ և վճռականությամբ է որոշել առաջադրվել Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում: Ըստ նրա, Գյումրիի մասին իր տեսլականը հիմնված է կայուն զարգացման, ներդրումների ներգրավման, կրթական, սպորտային և մշակութային հնարավորությունների ուժեղացման, ինչպես նաև Գյումրին տնտեսական և նորարարական կենտրոն դարձնելու գաղափարի վրա։
Դավիթ Առուշանյան. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր է։ Նա 2004-2006 թվականներին եղել է «Անի տուր» տուրիստական գործակալության փոխտնօրենը, 2006-2021թթ.՝ տնօրենը։ 2021-2022 թթ. Առուշանյանը զբաղեցրել է Գյումրիի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։
Նա մասնագիտությամբ երկրաբնապահպան է։
Դավիթ Առուշանյանը, երբ Գյումրու համայնքապետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում, փորձեց Գյումրու Կենտրոնական շուկային հարակից տարածքում բացօթյա առևտուրը կանխել, նախագիծ կար քաղաքի մեկ այլ հատվածում փակ շուկա կառուցելու և առևտրականներին այնտեղ տեղափոխելու մասին: Բայց նա թողեց քաղաքապետի տեղակալի պաշտոնը, տեղափոխվեց խորհրդարան, իսկ փակ շուկան այդպես էլ չկառուցվեց, շուկայամերձ տարածքում փողոցային առևտուրն էլ թեև մասնակի վերացվել էր, բայց հետո նորից շարունակվեց:
Շավարշ Արամյան. Նա ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորաքրոջ որդին է, Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է: Ավագանիում իր գործունեության 3 տարվա ընթացքում ելույթներով կամ օրենսդրական նախաձեռնությամբ առանձնապես աչքի չի ընկել: Շավարշ Արամյանը մասնագիտությամբ աշխարհագրագետ է, 2005-2008թվականներին աշխատել է Շիրակի մարզի Սեյսմիկ ծառայությունում՝ որպես հերթապահ, ապա՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնում որպես առաջատար մասնագետ, պետական տեսուչ: 3 տարի է՝ զբաղեցնում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետի պաշտոնը:
Էմմա Բարսեղյան. Նա մոտ 2 տարի է, աշխատում է Շիրակի մարզպետի աշխատակազմում՝ որպես զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ: Էմմա Բարսեղյանը նախկինում աշխատել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջում որպես տնօրենի օգնական, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես տնտեսագետ, նաև՝ Հայփոստում:
Իր ֆեյսբուքյան էջում Էմմա Բարսեղյանը գրել է, որ առաջադրվել է որպես քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու։ Գյումրեցիներին դիմել է. «Ի՛մ հաղթանակած և հաղթահարող ժողովուրդ» բառերով: Վերջում էլ, թե՝ եկել է մեծ փոփոխությունների ժամանակը:
Սարիկ Մինասյան. Այժմ անկուսակցական Սարիկ Մինասյանը մինչև 2018 թվականը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության, այս կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելուց հետո 2018 թվականին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Նա լրատվամիջոցներին վերջերս վստահեցրել է, որ ինքն այժմ անկուսակցական է։
Մինասյանը 2021 թվականից զբաղեցնում է Գյումրիի միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնը։
Մինչ այդ, նա զբաղեցրել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։
Նա դիմելով գյումրեցիներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ որպես անկուսակցական թեկնածու է առաջադրվել Գյումրիի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններում, իր բնորոշմամբ, «չկարողանալով անտարբեր մնալ հարազատ քաղաքի կառավարման շուրջ ստեղծված իրավիճակին»: Նա հավակնում է դառնալ «հավասարապես բոլոր գյումրեցիների սրտի քաղաքապետը»։ Ուղերձն ավարտում է «Գյումրին անտեր չէ» խոսքերով:
Վահագն Մկրտչյան. Նա Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։ Մասնագիտությամբ բժիշկ է, ատամնաբույժ: 2023 թվականից մինչեւ «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիոն հուշագրի խզումը զբաղեցնում էր Գյումրիի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ 29-ամյա Վահագն Մկրտչյանը ՏԻՄ-ում աշխատած մոտ 2 ու կես տարիների ընթացքում Գյումրիի խնդիրների լուծման հարցում առանձնապես աչքի չի ընկել:
Կարեն Սարուխանյան. ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը 2018-2019 թթ. զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը, 2021թ. մի քանի ամսով եղել է Արտակարգ Իրավիճակների նախարարի տեղակալ։
Սարուխանյանի չարաշահումների մասին հայտարարություն էր տարածել Շիրակի նախկին փոխմարզպետը Կարեն Սարուխանյանը մասնագիտությամբ կենսաքիմիկոս է, մինչ հեղափոխությունը աշխատել է Բյուրակն գյուղի դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցիչ:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չնայած մամուլում տարածված կեղծ ու սին զրպարտանքներին իմ անձի նկատմամբ, ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ նման արատավոր երևույթներին միշտ դեմ եմ եղել և միշտ եմ լինելու»:
Հիշեցնենք, մինչ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունների մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, Կարեն Սարուխանյանը հայտնել էր, որ Գյումրիում գալիք ՏԻՄ ընտրություններում վարչապետն իրեն է առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու: Հետո, մամուլում հայտնվեցին հրապարակումներ այն մասին, թե Կարեն Սարուխանյանը թմրամիջոց է օգտագործում։ Դրան հաջորդեց նարկոթեստի անցկացումն ու դրա արդյունքների հրապարակումը: Այս սկանդալային պատմությունից հետո էլ վարչապետը որոշեց Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնել:
Քվեարկության կարգի մասին այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ լինելու են շրջիկ խմբեր՝ դեկտեմբերի 8-ին, 9-ին եւ 10-ին շրջելու են Գյումրու փողոցներով, թակելու են դռները եւ առաջարկելու են թեկնածուներին, նախապես հայտնի չի լինելու, թե որ պահին որտեղ են լինելու շրջիկ խմբերը, որպեսզի հնարավոր լինի այդ տարածքում «մարդ ապահովել»՝ ցանկալի արդյունք ստանալու համար։
Նախնական մեխանիզմով՝ մեկ տնից քվեարկությանը կարող է մասնակցել մեկ հոգի։
Թեկնածուները արդեն այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն: Նախնական քվեարկության արդյունքներով, առավելագույն ձայն ստացած թեկնածուին վարչապետ Փաշինյանը կնշանակի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար:
Կարինե Կազարովա