Ինչո՞ւ եղած քաղուժերից Գյումրու համայնքապետի Ժ/Պ-ն պետք է լինի ՔՊ-ից, միայն այդ ուժի ներսում իրականացվի փրայմերիզ․Սեյրան Մարտիրոսյան | Region

Ինչո՞ւ եղած քաղուժերից Գյումրու համայնքապետի Ժ/Պ-ն պետք է լինի ՔՊ-ից, միայն այդ ուժի ներսում իրականացվի փրայմերիզ․Սեյրան Մարտիրոսյան

Դեկտեմբեր 06,2024 10:45

Իրավապաշտպանի կարծիքով՝ ՏԻՄ-երում ՔՊ-ի հակաժողովրդավարական քայլերն ուղղված են նրան, որ 2026 թվականի ԱԺ ընտրություններից առաջ ՔՊ-ն իր դիրքերն ամրապնդի համայնքներում

 Գյումրիում մինչ ավագանու արտահերթ ընտրություններ հայտարարելը, անցկացվելու են նախնական ընտրություններ՝  փրայմերիզ։ Այս գործընթացն Հայաստանում առաջին անգամ է իրականացվում։ Ինչ է այն։ Փրայմերիզը հանրային կարծիքի ուսումնասիրման, հարցման շատ ընդունված ձև է ժողովրդավարական երկրներում և որպես կանոն, նաև օրենսդրորեն է կարգավորվում։

Մեզ մոտ, իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պամանագիր»-ը որոշել է այն իրականացնել միայն իր կուսակցության ներսում, այսինքն՝ ՔՊ-ն է կազմել ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուի համար ինքնաառաջադրվածների ցանկը, իսկ ով ավելի շատ ձայն կհավաքի,  վարչապետը նրան կնշանակի Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով փրայմերիզին, ասել է․«․․․Այս պահին ունենք 7 թեկնածու, և առաջիկա կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը ՔՊԿ ներկայացուցիչների կողմից կիրականացվի նախնական քվեարկությունը, և պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որոնցով նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին, այսինքն՝ հնարավորություն կունենան թեկնածուներից մեկի օգտին քվեարկել: Ես արդեն հայտարարել եմ, որ հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:  Կարող եմ ասել, որ կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կառաջարկեն քվեարկել: Իհարկե, անկեղծ պիտի ասեմ՝ դեռ լավ չենք պատկերանում ծավալը, որ 3 օրվա ընթացքում քանի գյումրեցու կկարողանանք դիմել, բայց, այնուամենայնիվ, աշխատանքի գրաֆիկները հստակ սահմանված են, որպեսզի օբյեկտիվ չափիչներ լինեն: Այդ պահին ինչքան գյումրեցիների կհասցնենք դիմել, և ինչքան էլ կհամաձայնեն քվեարկել, այդ արդյունքները կդրվեն հետագա որոշման հիմքում»։

Հանրապետության 2-րդ խոշոր քաղաքի կառավարման ճգնաժամը հաղթահարելու իշխանության այս մոտեցումը դժգոհություն է առաջացրել Գյումրու հասարակական և քաղաքական գործիչների շրջանում։  Նրանք համարում են, որ սա անհավասար պայմաններ է ստեղծում մյուս քաղաքական ուժերի հանդեպ, որոնք  այդպես էլ բացատրություն չստացան, թե ինչու պետք է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը լինի ՔՊ-ից ու ինչո՞ւ պետք է փրայմերիզը անցկացվի միայն իշխող կուսակցության համար։

REGIONSTV-ի հետ զրույցում Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը նկատեց՝  Հայաստանում փրայմերիզի անցկացման կարգավորումները չկան, այնինչ,  ժամանակին քաղհասարակությունն առաջարկել է օրենքով կարգավորել այս գործընթացը՝ որպես բնակչության նախնական կարծիքը, տրամադրությունները պարզելու արդյունավետ մեթոդ, բայց այդ առաջարկները չեն ընդունվել։

«Հիմա, երբ Գյումրիում կա ճգնաժամային իրավիճակ, ու նաև տեսանելի է ՔՊ-ի ներսում ներքին գզվռտոցն իրենց քաղաքապետի աթոռին տեսնողների միջև, ապա, որպես լուծում, առանց նախապատրաստական աշխատանքի, միանգամից հայտարարվում է նախնական ընտրություններ անցկացնելու մասին»,-ասաց Սեյրան Մարտիրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝  հատկանշական է, որ առանց գործընթացի մասին լիարժեք իրազեկելու, մեխանիզմների մասին առանց բացատրական աշխատանքներ իրականացնելու, առանց օրենսդրության մեջ փոփոխություններ անելոււ, միանգամից հայտարարվում է փրայմերիզի անցկացման մասին․«Ընդ որում, նորից ամենավատ տարբերակով, հնարավորինս ուշ ժամի, որպեսզի մարդիկ չհասցնեն արձագանքել, դիմադրել, լուրջ հարցեր տալ, որոնց պատասխանները ցավոք սրտի, իշխանությունները չունեն։ Ու դրա համար էլ, իմ կարծիքը որպես ժողովրդավարական մեխանիզմ, փրայմերիզների օգտագործման նկատմամբ դրական է, բայց հերթական ապաշնորհ օգտագործման դեպքում՝ բացասական»։

Մեկ, առանձին կուսակցության ներսում դա անելը, ըստ իրավապաշտպանի, նշանակում է անհարգալից վերաբերմունք ունենալ համայնքի նկատմամբ, ավագանու ինստիտուտի նկատմամբ, իսկ մեր օրենսդրությամբ համամասնական ավագանին ենթադրում է մի քանի քաղաքական ուժերի, կուսակցությունների կամ դաշինքների առկայություն։

«Ո՞վ է միանգամից որոշել, որ այդ բոլոր ուժերի միջից ժամանակավոր պաշտոնակատարը պիտի լինի հենց ՔՊ-ից, ու միայն այդ ուժի շրջանակներում իրականացվի փրայմերիզը․․․Ասվում էր՝ ինքնառաջադրվե՛ք, մեխանիզմ չկա։ Իսկ նրանք, ովքեր ինքնառաջադրվում են, ովքեր կուսակցության անդամ են, համակիրներ են, նրանք, ովքեր շատ են երազում էդպիսի աթոռի տիրանալ, ունե՞ն էդ կառավարչական հմտությունները, որը բնորոշ է կոնկրետ այդ պաշտոնին՝ մեծ համայնքի կառավարմանը։ Իսկ եթե եղածների միջից ոչ մեկն այդ հմտությունները չունի, մենք ի՞նչ է, փորձությա՞ն ենք ենթարկելու ամբողջ համայնքը, այն պատճառով, որ փրայմերիզի արդյունքում այս կամ այն կերպ, ինչ որ  մեկը ձայնե՞ր է ունեցել»,-ասաց Սեյրան Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ շատ պարզ ձեռագիր է՝ Շիրակի մարզում հակաժողովրդավարական գործելաոճ է, չնայած իշխող քաղաքական ուժը ամեն առիթ օգտագործում է իրեն որպես ժողովրդավար ներկայացնելու համար, բայց Անի, Ախուրյան համայնքներում ՔՊ-ն ամեն ինչ արեց տեղական իշխանությունը իր ձեռքը վերցնելու համար, հիմա էլ խոսակցություններ կան Ամասիայում իշխանությունը վերցնելու մասին։

«Կան նաև Արմավիր և Աշոցք համայնքների օրինակները։ Այս համայնքները, իրենք էին ասում, որ շատ «երջանիկ են», որովհետև այլ կուսակցություն չկա, ավագանին բաղկացած է միայն ՔՊ-ից։ Անհեթեթություն է դա, որովհետև հակակշիռ, տարբեր մոտեցումներ, կարծիքների բախում չկա։ Երբ դու միայն ադ տոտալ  վերարտադրման ենթատեքստը ունեցող քաղաքական ուժ ես, քո գործընթացները խոսում են ոչ թե ժողովրդի, հասարակության անդամների շահերի պաշտպանության, այլ՝  առանձին վերցրած մեկ կուսակցության վերարտադրվելու մոլուցքի մասին»,-նշեց  Մարտիրոսյանը։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ վարչական ռեսուրսի չարաշահումը քաղաքական կոռուպցիայի թիվ 1 գործիքն է, դրա կիրառման ձևերն էլ պարզ են՝ երբ համայնքի ղեկավարը  ՔՊ-ից չէ,  ամեն կերպ խոչընդոտվում է, որպեսզի այդ համայնքում ծրագրեր չիրականացվեն, իսկ եթե ՔՊ-ից է՝ միանգամից, հասնում է, չի հասնում, արհեստական, սուբյեկտիվ տարբերակով ավելացվում են ծրագրերը՝ ցույց տալու համար՝ ա՛յ, տեսեք ի՜նչ փոփոխություններ կան մեր օրոք։ Սա պետական մտածելակերպ չէ, նեղ, կուսակցական մտածելակերպ է»։

Սեյրան Մարտիրոսյանի կարծիքով՝ այս բոլոր քայլերն ուղղված են նրան, որ 2026 թվականի ԱԺ ընտրություններից առաջ ՔՊ-ն իր դիրքերն ամրապնդի համայնքներում։

Կարինե Կազարովա

Նորություններ