2023-ից 2024-ի նոյեմբերը պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, նաև դրամական միջոցները գերազանցել է 30 մլն դոլարը․դատախազություն | Region

2023-ից 2024-ի նոյեմբերը պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, նաև դրամական միջոցները գերազանցել է 30 մլն դոլարը․դատախազություն

Դեկտեմբեր 10,2024 12:01

Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Մհեր Մկրտչյանը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին մասնակցել է «Արդարադատության բարոմետր․ գնահատելով դատական արձագանքը կոռուպցիային» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտական զեկույցի շնորհանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Զեկույցում անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն դատարանում քաղաքացիական և քրեական գործերի քննության արդյունքներին ու իրավիճակին:

Վարչության պետը ներկայացրել է կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացմանն ուղղված իրավական նոր գործիքակազմերը, ոլորտի մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում Դատախազության արձանագրած ձեռքբերումներին: Այս համատեքստում Մհեր Մկրտչյանը տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի նոյեմբերը, Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցել է 30 միլիոն ԱՄՆ դոլարը։

Անդրադառնալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերա­բերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթների վիճակագրությանը՝ Վարչության պետը նշել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 131 քրեական գործ՝ 287 անձի վերաբերյալ: Մհեր Մկրտչյանի խոսքով՝ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դատարաններում ավարտվել է 91 քրեական գործ` 146 անձի վերաբերյալ: Նշված քրեական գործերից 88-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, 3 գործով 6 ամբաստանյալի նկատմամբ կայացվել է արդա­րացման դատավճիռ (ներկայացվել են վերաքննիչ բողոքներ):

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիրանուշ Սահակյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Ադելաիդա Բաղդասարյանը։

Զեկույցի ներկայացման ժամանակ նշվել է, որ պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու միջոցով 2018-2022 թվականներին վերականգնված դրամական միջոցների ծավալը հիմնականում չի գերազանցել պետությանը պատճառված վնասի անգամ մեկ տոկոսը (յուրաքանչյուր տարվա համար միջինում այն կազմել է 0,25%): Սակայն 2023 թվականին նկատվում է այս իրավական մեխանիզմի արդյունավետության էական աճ. վերականգնված վնասը կազմում է պատճառված վնասի ավելի քան 5%-ը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավական ռեսուրսների կենտրոնի ու «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի համատեղ ծրագիրն իրականացվել է «Նուբար և Աննա Աֆեյան հիմնադրամ»-ի աջակցությամբ:

Նորություններ