Ժողովրդի մի մասը տեղյակ չէ՝ փրայմերիզն ինչ է, շատերը կարծում են՝ պանրի տեսակ է․ՔՊ-ի նպատակը՝ ՏԻՄ-երում վերարտադրվելն է | Region

Ժողովրդի մի մասը տեղյակ չէ՝ փրայմերիզն ինչ է, շատերը կարծում են՝ պանրի տեսակ է․ՔՊ-ի նպատակը՝ ՏԻՄ-երում վերարտադրվելն է

Դեկտեմբեր 10,2024 15:29

Կառավարում նույն ՀՀՇ-ի, ՀՀԿ-ի սցենարով․ իշխող ՔՊ-ի քաղաքականության և փրայմերիզի անցկացման մասին կարծիք են հայտնում Գյումրիի ոչ իշխանամետ ուժերը

Գյումրիում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից անցկացվող նախնական ընտրությունները քննադատության արժանացան ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի և գործիչների կողմից։ Ոմանք  ողջունեցին ՔՊ-ականների, այսպես ասած, վարկանիշային այս «հետազոտության» ձևը, բայց բովանդակության մեջ, ասացին, խնդիրներ են տեսնում։

REGIONS TV-ի հետ զրույցում  Շիրակի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Բոյաջյանն անդրադառնալով Գյումրիում անցկացվող քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններին, ասաց՝ որպես խնդիր պետք է դիտարկել ոչ թե փրայմերիզի անցկացումը, այլ Գյումրիում կառավարման ճգնաժամի առաջացման պատճառները։ Նա համոզված է, որ իշխող կուսակցության վարած քաղաքականության արդյունքում է տեղի ունեցել այս ճգնաժամը։ Չի ժխտում՝ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ձգտում  է իր իշխանությունը վերարտադրել։

Արտաշես Բոյաջյան

«Արդյոք ՔՊ-ի ընտրած այս ճանապարհը ճի՞շտ է։ Կա այսպիսի արտահայտություն՝ եթե չգիտես ինչ անես, առաջնորդվիր օրենքով։ Կա «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, ըստ այդմ՝ ճիշտը կլիներ այն, որ Գյումրու ավագանին ցրեին, ավագանու նոր ընտրություններ անցկացնեին, ով մեծամասնություն կազմեր, իր թիմից ընտրեր համայնքապետ։ Այսինքն, այդ ճանապարհը կա, հիմա իրենք զիգզագ ճանապարհներով  ինչ որ մի բան են ուզում հորինել»,-նշեց Արտաշես Բոյաջյանը։

Նա ենթադրում է, որ հնարավոր է ՔՊ-ն ներքին սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել, պարզել, որ կուսակցությունն այժմ ձայների բաշխման մեծամասնություն չունի․«Ու խնդրի լուծումը ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մեջ է տեսնում, ժամանակի ընթացքում ռեսուրս կուտակելու համար․ վարչական կլինի, աշխատանքային կլինի, թե՝ այլ, նպատակը մեկն է՝ միայն վերարտադրվել»։

Բնականաբար, նման գործողությունն, ըստ պատմաբանի, պետական գործչին հատուկ չէ, պետական գործիչը ավելի շատ պետք է մտածի պետական, համայնքային շահերից ելնելով։ Նրա համոզմամբ, քաղաքական գործիչներն են առաջնորդվում  ներկուսակցական շահերով։ Իսկ այս դեպքում, Բոյաջյանը կարծում է, որ առաջնահերթ դրված է վերարտադրվելու, կուսակցական նեղ շահը։

«Խնդիրն այն է, որ իրենք իրենց հայտարարում են ժողովրդավար, բայց առաջնորդվում են բռնատիրական մեթոդներով։ Այսինքն, եթե տվյալ համայնքի ղեկավարը ՔՊ-ի քաղաքական հայացքները չի ընդունում, ուրեմն  ինքը պիտի չլինի համայնքապետ։ Այս մոտեցումը կործանարար է հանրապետության համար։ Հակառակը, ինչքան տարբեր կարծիքներ, գաղափարներ ունեցող մարդիկ ղեկավարեն համայնքը, ադքան գործը կշահի, աշխատանքի որակը կբարձրանա, խնդիրների լուծման առումով ավելի հեշտ կլինի»,-նկատեց Բոյաջյանը։

Նրա խոսքով՝ իշխող ուժը փոխանակ այդ ուղղությամբ համագործակցեր ընդդիմադիրների հետ, հասարակությունը բաժանեց «սևերի և սպիտակների»։

«Այդ մոտեցումը Հայոց Համազգային շարժումից է եկել։ Մի ժամանակ հայտնի քաղաքական գործիչ կար՝ Արշակ Սադոյանը, ասում էր՝«թող պոլի չոտկ էղնի, միայն ՀՀՇ-ից էղնի»։ Այսինքն, այլակարծություն չէին ընդունում։ Մեր ողբերգությունը կայանում է դրանում։ Հիմա նույն, ՀՀՇ-ի, հանրապետականների սցենարով իրենք են առաջնորդվում։ Ոչ մի տարբերություն չկա բովանդակության մեջ, ուղղակի ձևն է փոխվել»,- եզրակացրեց Արտաշես Բոյաջյանը։

Վահագն Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց՝  փրայմերիզը երևի միջոց է կուսակցությունը ևս մի անգամ գովազդելու․«ՔՊ-ականները շատ լավ են հասկանում, որ իրենց կուսակցությունը վարկանիշ չունի, դրա համար էլ նախնական ընտրություններ են իրականացնում։ Ինձ համար, ճիշտն ասած, այդքան էլ հասկանալի չէ, թե ինչի համար են փրայմերիզն անում, ի՞նչ նպատակ ունի։ Ինձ թվում  է՝ եթե իրենք կոնկրետ թեկնածու ունենային, ապա ավելի կոնկրետ քայլեր կանեին։ Որ թեկնածու չկա, ուղղակի ժամանակ են ձգում, որպեսզի տեսնեն նաև, թե ինչ են անելու, ինչ որոշում  են ընդունելու հետագայի համար։ Ժողովրդի մի մասը բացարձակ տեղյակ չէ, թե փրայմերիզն ինչ է, շատերը մտածում են՝ երևի պանրի տեսակ է»։

Նրա խոսքով՝ մարդկանց մոտ թյուր կարծիք կա, շատ-շատերի մոտ այն տպավորությունն է, թե ՔՊ-ն Գյումրիում համայնքապետ է նշանակում։ Այնինչ, դա ներկուսակցական առաջնորդության խնդիր է, ՔՊ-ն իր կուսակցության անդամներից քաղաքի ժամանակավոր ղեկավար է ընտրում։

«Անլուրջ կառավարում է, այս 6 տարիների ընթացքում ես ոչ մի լուրջ կառավարում, ոչ մի լուրջ գործողություն չեմ տեսել այս իշխանություններից։ Բնականաբար, երկրում այժմ շատ ծանր վիճակ է, և՛արտաքին քաղաքականությունը, և՛ներքինը, բնակչությունն էլ ծայրահեղ վատ վիճակում է։ Ես սա ասում եմ ոչ թե որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ որպես Հայաստանի մտահոգ քաղաքացի։ Ինձ համար կարևոր չէ, թե որ անունով քաղաքական ուժ կգա իշխանության, ինձ համար կարևոր է, որ նախևառաջ երկրում անվտանգության հարցը լուծվի։ Մենք այսօր անվտանգության, տնտեսության, կողմնորոշվելու խնդիր ունենք,-ասաց Վահագն Հովհաննիսյանը։

ՏԻՄ-երում ՔՊ-ի կողմից իրականացվող իշխանափոխությունը, ըստ նրա, պարզապես իրենց մարդուն նշանակելու միտում ունի։

Ասաց՝ իրենց  ժողովրդավարական իշխանություն հայտարարած ՔՊ-ն ամեն կերպ, ամեն միջոցներն օգտագործում է, որ անպայման իրենց կուսակցական անձանց նշանակի համայնքների ղեկավարներ։

«Կամ  իրենք ի՞նչ գիտեն իրենց կուսակիցը ՔՊ-ի անունը բարձրացնելո՞ւ է, թե՞ հակառակը, իջեցնելու է։ Եթե իրենք պետության մասին են մտածում, ապա ի՞նչ նշանակություն ունի՝ համայնքի ղեկավարը ՔՊ-ից է, թե՝ «ՉՊ»-ից։ Իմ կարծիքով՝ դա նշանակություն չունի։ Եթե իրենք լուրջ քաղաքական ուժ, քաղաքական միավոր լինեին, ապա կաշխատեին բոլորի հետ։ Այդ բոլորի հետ աշխատելը սկզբից կարող էին անել՝ 2018 թվից»,-նշեց Վահագն Հովհաննիսյանը։

ՔՊ-ին առաջարկվել է բոլորի ուժերն օգտագործել, համագործակցել հայրենասեր ուժերի հետ, բայց, ինչպես Հովհաննիսյանն ասաց, նրանք չեն համագործակցել ու չեն էլ համագործակցում, պատճառներն իրեն անհայտ են։

Կարինե Կազարովա

Նորություններ