Տարածք հանձնելու քարոզն ինքնին հայ ժողովրդին նոր ցեղասպանության ենթարկելու կոչ է
ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի հետ:
— Պարոն Քանանյան, Հայաստանում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սկսել են նախընտրական քարոզարշավը: Ի՞նչ գնահատական կտաք գործընթացին: Արցախում հետևո՞ւմ են գործընթացին և ուշադի՞ր են արդյոք, թե որ քաղաքական ուժն ինչպես է տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, թե՞, ինչպես հայաստանցիները, անտարբեր են ընթացող պրոցեսների նկատմամբ:
-Ընթացող քարոզարշավին գնահատական տալը տհաճ է. կատարյալ կոյուղի է. եզակի դեպքերում՝ նախկին անգաղափար ընդդիմության ոչ կենսունակ բեկորներ։ Շատ ցավալի է, որ բազում առարկայական և սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չեղավ ձևավորել առկա կոյուղուն (քաղաքական դաշտին) այլընտրանք՝ ի դեմս ազգային-պետական բևեռի։ Թերևս հաջողվի մոտակա տարիներին։ Սովորական արցախցիները ներկայիս ընտրարշավին հետևում են կրավորաբար։ Միամիտներ չկան։ Ոչ ոք ոչ մի դրական տեղաշարժ չի ակնկալում։ Արցախցիների կրավորականությունն ու անգամ անտարբերությունը ՀՀ-ում ընթացող քարոզարշավին ունեն նաև ավելի խորքային պատճառ։ Երրորդ հանրապետության պատմության հենց սկզբից ապօրինաբար ոտնահարված է ՀՀ արցախաբնակ քաղաքացիների՝ Հայաստանի բարձրագույն իշխանության մարմինները համապետական ընտրությունների միջոցով ձևավորելու սահմանադրական հիմնարար իրավունքը։ Որոշակիորեն այլ է Արցախի մարզի պաշտոնատար անձանց հանգամանքը։ Նրանց այս ընտրությունները հետաքրքրում են զուտ նեղ անձնական հաշվարկների տեսանկյունից, քանի որ երկրի մայրաքաղաքում կադրային կամ կառուցվածքային յուրաքանչյուր վերադասավորում անմիջականորեն ազդում է նաև «առանձին հանրապետության» կարգավիճակով ապրող Արցախի մարզի վրա։
-Կա՞ մի ուժ, որն այս շրջանում արցախցիների մոտ որոշակի համակրանք է վայելում: Օրինակ՝ ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավը հենված է արցախյան խնդրի կարգավորման տերպետրոսյանական տարբերակի վրա:
-Ըստ էության՝ ոչ։ Ո՞ւմ համակրեն, երկիրն իսպառ թալանած, ազգային պետականությունը կործանման եզրին հասցրած ՀՀԿ-ի՞ն, օլիգարխիկ դեգրադացման հատակ «Ծառուկյան» դաշինքի՞ն, բանակի արդիականացմանը հրեշավոր կոռուպցիայով խոչընդոտած Ս. Օհանյանի՞ն, Քոչարյանի հանցագործ կառավարման սպասարկու Օսկանյանի՞ն, հարյուր հազարավոր մարդկանց քվեներն ու հույսը թշվառաբար զգետնած Րաֆֆո՞ւն, տարածքային զիջումների «նպատակահարմարության» ստորագույն սերժապատվեր քարոզն անող ՀԱԿ-ի՞ն, թե՞ նախկին «Օրինաց»-ի Արթուրիկին… Հավելեմ նաև, որ Արցախում, ինչպես և ՀՀ այլ մարզերում կան «տոհմական» սկզբունքով ՀՅԴ համակիրներ։ Նրանք, բնականաբար, հաջողություն կցանկանան իրենց կուսակիցներին։ Այսքանը…
-Պարոն Քանանյան, վերադառնալով ՀԱԿ գաղափարախոսությանը՝ նշեմ, որ ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն օրերս հայտարարել էր, որ իրենք կհավաքեն այնքան ձայն, որքան ժողովուրդը կզգա խաղաղության գինը: Համամի՞տ եք այս կարծիքին:
-Նրանք, ի վերջո, կհավաքեն այնքան ձայն, որքան նրանց կշնորհի «հիմնադիր» նախագահի վարչազավակ երրորդ «նախագահը»։ Վերջինիս, իհարկե, ցանկալի է նոր խորհրդարանում ունենալ «խաղաղության» կուսակցություն, որը պատրաստ է ստանձնել «խաղաղասիրության» դիմակով ծայրագույն ազգային դավաճանություն քարոզելու նողկալի գործառույթը։ Թեև չեմ կարծում, որ նրանց հավաքածը երկու տոկոսից ավելի կլինի։ Ընդ որում, բավականին տարակուսելի եմ համարում, որ «հեռացող» երրորդ «նախագահը» կունենա ՀԱԿ-ին պակասող տոկոսները նվիրաբերելու հնարավորություն։ Առանց դրա էլ յուրաքանչյուր տոկոսի համար գզվռտոցը մեծ է։ Եթե ՀԱԿ-ը չհաղթահարի 7 տոկոսի շեմը, ապա քաղաքագետ Արմեն Աղայանի դիպուկ կանխատեսմամբ՝ Երրորդ հանրապետության «հիմնադիրը» հայտարարելու է, որ հայ ժողովուրդը չի անսացել իր (ենթատեքստում՝ իրապաշտ, հայրական ու հանճարեղ) հորդորին, նախընտրել է պատերազմը և «անշրջելի» վերահաս կործանումը… Հիշյալ խմբակի (մարդկորեն ազնիվ) հետևորդներից մեկը սոցիալական ցանցերում ուշագրավ ինքնախոստովանական վկայություն է թողել. «ՀԱԿ-ը կլինի երրորդ տեղում, ոչ թե այն բանի համար, որ նրան շատ են սիրում, այլ որովհետև նա ձեռնտու է և՛ միջազգային հանրությանն իր խաղաղության պլատֆորմով, և՛ Սերժին, որովհետև իրենց վրա են վերցնում հող հանձնողի քֆուրը: Ու նաև այն բանի համար, որ այս պահին Սերժը որևէ իրական իշխանափոխության վտանգ չի տեսնում ՀԱԿ-ից»։ Ավելացնելու բան չունեմ…
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորման նրանց առաջ քաշած տարբերակին, նշեմ հետևյալը.
Ա. 1997 թվականից ի վեր առկա «կարգավորման» բոլոր տարբերակներում Ադրբեջանն առհասարակ ոչինչ չի փոխզիջում։ Չկա անգամ Արցախի՝ Ադրբեջանին անվերապահորեն չպատկանելու որևէ իրավաբանորեն և քաղաքականապես պարտավորեցնող դրույթ։ Դրա փոխարեն Հայաստանն առաջին իսկ փուլում հանձնում է Արցախի մարզի տարածքի 60 տոկոսը…
Բ. Տարածքային նվազագույն հանձնումն անմիջապես և արմատապես քայքայելու է Հայաստանի անվտանգության միակ իրական երաշխիք հանդիսացող՝ բազում հատվածներում անկատար ու խոցելի պաշտպանական ներկայիս գիծը՝ անխուսափելիորեն հանգեցնելով մեզ համար վատթարագույն մեկնարկային պայմաններում Ադրբեջանի կողմից նոր համապարփակ պատերազմի սանձազերծմանը։
Գ. Որևէ օտար «խաղաղարար» ուժ երբեք դույզն իսկ չափով չի զբաղվելու հայ բնակչության անվտանգության ապահովմամբ, այլ սոսկ ու բացառապես հետամուտ է լինելու տարածաշրջան այն «գործուղած» տերության շահերին՝ միշտ և ամեն վայրկյան ի վնաս ռազմաքաղաքական սուբյեկտությունից վերջնականապես զրկվելիք հայության։ Հակառակին հավատալը ծայրագույն ու հանցավոր միամտություն է։
Դ. Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ իրապաշտական ռազմավարությունը կենսունակ Հայոց ազգային պետականության կերտումն է։ Միայն ուժերի հավասարակշռությունը և Հայաստանը ռազմական լիակատար պարտության մատնելու Ադրբեջանի անկարողությունը կարող է երաշխավորել հարաբերական խաղաղության հարատևումը։ Վերջին տարիների լարվածության աճի և մոտալուտ պատերազմի վերահաս վտանգը հետևանք է հենց Հայոց պետականակերտման համապարփակ ձախողման։
Ե. Տարածք հանձնելու քարոզն ինքնին հայ ժողովրդին նոր ցեղասպանության ենթարկելու կոչ է։ «Խաղաղության» ՀԱԿ-ական կոչերն անմիջական հանցավոր ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի իրավունքի նկատմամբ։ Քարոզվող միակողմանի «փոխզիջումներն» անմիջապես կհանգեցնեն հարյուրապատիկ ավելի մեծ արյունահեղության, հայոց նոր ցեղասպանության և հայոց պետականության գոյության հեռանկարի անշրջելի վերացման։
Եվ մի անդրադարձ ևս. հենց արցախյան խնդրի «չկարգավորվածության» շնորհիվ է, որ Երրորդ հանրապետությունը գոնե փոքր չափով դեռ պետության պես մի բան է։ Ներկայիս «նախագահի» գերագույն երազանքն էր 2008-2010թթ. հակամարտությունն ըստ հայտնի բանակցային փաթեթների «կարգավորել», այլևս ստիպված չլինել 70 հազարանոց բանակ պահել, ազգի և պետության առջև չկրել ռազմական հնարավոր պարտության համար պատասխանատվություն և այդու վերածվել անհոգ ու «անդարդ» միջինասիական «սուլթանի»՝ Նազարբաևի կամ թուրքմենբաշու նման։
— Ձեր կարծիքով ի՞նչ տեղ է իր համար նախատեսել Սերժ Սարգսյանն՝ իրեն դուրս դնելով ՀՀԿ ցուցակից և առաջին պլան մղելով, ըստ էության, ապաքաղաքական և համեմատաբար քիչ վարկաբեկված դեմքերի:
-Ժամանակավորապես՝ ստվերային «աներևույթ» համակարգողի դեր։ Հենց դրա համար նա պետք է առաջ մղեր իր շրջապատի համեմատաբար երիտասարդ և «սահմանափակ» հավակնություններով անդեմ անձանց։ Բայց ես նրանց երբեք «քիչ վարկաբեկված» չէի անվանի։ Երրորդ հանրապետության իշխանության երբևէ մաս կազմած յուրաքանչյուր ուժ կամ անհատ անդառնալիորեն վարկաբեկված է։
-Հայաստանի և Արցախի համար ի՞նչ կնշանակի ՀՀԿ-ի հաղթանակի ազդարարումն ապրիլի 3-ին:
-Ոչ մի նոր բան։ Այս ընտրությունները որևէ դեպքում ոչ մի նոր կամ լավ բան Հայաստանի, ուստի և վերջինիս ինքնիշխան տարածքի անքակտելի մաս Արցախի համար չեն ազդարարի։ Շարունակելու ենք հյուծվել միևնույն համազգային քաղաքական կոյուղում։ Բայց լույսը ծագելու է. դույզն իսկ կասկած չունեմ։
Արմենուհի Վարդանյան