Փաշինյանի հանձանարարությամբ նախագիծ է մշակվել, որով առաջարկվում է հեծանիվ գնել մատչելի վարկով | Region

Փաշինյանի հանձանարարությամբ նախագիծ է մշակվել, որով առաջարկվում է հեծանիվ գնել մատչելի վարկով

Դեկտեմբեր 13,2024 14:33

Այս վարկերը տրամադրվելու են բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողներին ու աշխատակիցներին, որպեսզի հեծանիվ ձեռք բերեն ու դրանով երթևեկեն

Հեծանիվ վարելն ավելի ժողովրդական դարձնելու, նաև երթևեկությունը բեռնաթափելու համար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  նախագիծ է մշակել։

Այն այսօրվանից արդեն շրջանառության մեջ է։ Նախագծով առաջարկվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողներին ու աշխատակիցներին, ինչպես գրված է նախագծում՝ մատչելի ֆինանսական միջոցներ հեծանիվ ձեռք բերելու համար։

Հեծանիվի սիրահար Փաշինյանն այս տարվա նոյեմբերի 14-ին ԱԺ-ում կրկին անդրադարձել էր իր հեծանիվ վարելուն։

«Կիրակի  օրը Արարատի մարզի գյուղերի միջով Երևան վերադառնալիս, նկատել է կանգառներում կանգնած երիտասարդների, որոնք քաղաքային տրանսպորտի էին սպասում․«Ում իմ մտքով անցավ՝ էս էրեխեքն  ընդամենը 15 կմ է․․․ ես էդ օրը 50 տարեկան լինելով 100 կմ հեծանիվ եմ քշել։ Էս երեխեքին խի՞ չենք հուշում, չենք ասում՝ խի՞ եք մի ժամ կանգնել կանգառում, 10 կմ է, հեծանիվով գնացեք-եկեք:  Ուր գնում ենք՝ ձրի ուսանողական ավտոբուս տվեք, ձրի․․․ ինչի մեկը չի ասում՝ էրեխեք ջան, հեծանիվ վերցրեք, գնացեք դասի։ Ամո՞թ ա, թե պետք ա սև ծիծակ կոշիկներ լինեն, ոսկի ցեպերը վզերներից կախած և այլն»-ասել էր Փաշինյանը։

ԿԳՄՍ-ի նախագծում նշված է՝ հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ ձեռք բերելու հեծանիվներ, որոնք կծառայեն որպես տրանսպորտային միջոց վերջիններիս համար և այդպիսով կխրախուսեն սովորողների և աշխատակիցների ֆիզիկական առողջ ակտիվությունը՝ խթանելով երթևեկության այլընտրանքային ձևերի օգտագործումը Հ-ում, որը կփոխի երթևեկության հանրային մշակույթը՝ նպաստելով խցանումների նվազմանը քաղաքային բնակավայրերում և ներդնելով երթևեկության կանաչ տեխնոլոգիաներ։

Կառավարությունը սուբսիդավորելու է վարկի  տոկսոսադրույքը 12%-ի չափով։ Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:

Վարկ ստանալու պահանջներից է, որ հեծանիվը լինի սիրողական դասի, չօգտագործված և որ այն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության նպատակով։  Սուբսիդավորող վարկի պահանջներից  է նաև հեծանիվի հետ միաժամանակ սաղավարտ, ծնկների բարձիկներ և ձեռնոցների ձեռք բերումը, որոնց արժեքը կկազմի մինչև 20 հազար դրամ։

Վարկի չափը՝ մինչև 300 հազար դրամ, սուբսիդավորման ժամանակահատվածը՝  մինչև 36 ամիս, վարկի ժամկետը մինչև 120 ամիս։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանը բնակչության կանոնավոր ֆիզիկական ակտիվության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50%-ը:

Ըստ հիմնավորման՝ Հայաստանում, վիճակագրական կոմիտեի տվյալներով,  2016 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ նշվել է բնակչության ավելի քան 7%-ի ֆիզկուլտուրային կանոնավոր զբաղվածություն, իսկ 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության ցուցանիշը կազմել է 16,5%: Ֆիզիկապես թերակտիվ տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերակցությունը կազմել է, համապատասխանաբար՝ 10,4 և 22,3 %։

Նորություններ