Բագրատ Սրբազանի գործով ևս երկու մեղադրյալի կալանքը 3 ամսով երկարաձգվեց | Region

Բագրատ Սրբազանի գործով ևս երկու մեղադրյալի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

Օգոստոս 22,2025 15:58

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեք ամսով երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մյուսների գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանի կալանքը:

Դատախազ Հայկ Հովհաննիսյանը դատարանին ներկայացնելով նրա կալանքը  երկարաձգելու մասին միջնորդությունն, ասաց, որ Տիգրան Գալստյանն ազատության մեջ կխոչընդոտի քննությանը, կթաքնվի և կա ռիսկ, որ նոր հանցանք կկատարի:

Գալստյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հերքելով վերագրվող հանցանքը, պնդեց՝ գործում անգամ հիմնավոր կասկած չկա, մեղադրանքի հիմքում դրվել է հեռախոսային մի խոսակցություն, որտեղ խոսում են «ծուխ բերել-չբերելու մասին,այսպես կոչված «գենդեր փարթիների» ժամանակ օգտագործվող ծխի մասին է խոսքը»։

«Իմ չորս անչափահաս երեխաների դաստիարակությունից ես զրկված եմ միայն այն պատճառով, որ քննությունն օբյեկտիվ չի իրականացվում»,-դատարանում հայտարարեց Տիգրան Գալստյանը։

Մյուս մեղադրյալ Կարո Օլումուշյանի վերաբերյալ էլ դատարանը որոշեց ևս երեք ամսով երկարաձգել կալանքը։ Նրա փաստաբանը դատարանում պնեց, որ Օլումուշյանի մեղքն ընդամենը այն է, որ նա մեղադրյալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդն է: Փաստաբանը պնդեց, որ նրան վերագրվում է 60 գործողություն, սակայն դրանցից որևէ մեկի հետ  կապ չունի։ Դատարանը մերժեց Օլումուշյանի խափանման միջոց կալանքը մեկուկես միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանք սահամանելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ  Բագրատ Գալստանյանի ու մյուսների գործով 18 մեղադրյալներից  7 հոգու կալանքը երկարաձգվել է, 3 մեղադրյալ տնային կալանքի տակ է:

Դատարանը երեկ որոշեց ևս երեք ամսով երկարաձգել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Արթուր Սարգսյանի և Արման Իսրայելյանի կալանքը: Վահագն Չախալյանին էլ երեք ամսով կալանավորեցին։ Նախօրեին ևս երեք ամսով երկաձգվեց Լիդյա Մանթաշյանի կալանքը։

Գալստանյանն ու նրա թիմակիցները մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար։ Նրանք պնդում են, որ այս քրեական գործը   շինծու է և չեն ընդունում մեղադրանքը:

Ըստ քրեական գործի՝ Ըստ իրաապահների՝ Բագրատ Գալստանյանն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն:

 

Նորություններ