«50 տարեկան լինելով 100 կմ հեծանիվ եմ քշել։ Էս երեխեքին խի՞ չենք ասում՝ խի՞ եք մի ժամ կանգնել կանգառում, 10 կմ է, հեծանիվով գնացեք-եկեք»․Փաշինյան | Region

«50 տարեկան լինելով 100 կմ հեծանիվ եմ քշել։ Էս երեխեքին խի՞ չենք ասում՝ խի՞ եք մի ժամ կանգնել կանգառում, 10 կմ է, հեծանիվով գնացեք-եկեք»․Փաշինյան

Նոյեմբեր 14,2024 16:40

«Երբ Դանիայում քայլում ես, փողոցում ավելի շատ հեծանիվ կա, քան ավտոմեքենա»,-այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ իր  ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իր ծառայողական մեքենաների քանակի մասին քննադատություններին։

«Հիմա էլ ընկել եք հեծանիվի հետևից, հիմա էլ ասում եք՝ «ինչո՞ւ ես հեծանիվ քշում», բա դրա համար ենք քշում, որ դուք էլ քշեք։ Հիմա էլ թազա բան են գցել, ասում են՝ վարչապետը, փոխանակ մտածի անվտանգության հարցերի մասին, հեծանիվ է քշում։  Ընկներնե՛ր, ես ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, այն ժամերին, որ ես հեծանիվ եմ քշում, դուք քնած եք, երբ ես սկսում եմ՝ դուք քնած եք, ընդ որում՝ խորը։ Ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին։

Շարունակելով իր ելույթը, Փաշինյանն՝ երբ հեծանիվ քշելն ավարտում եմ, դուք դեռ խորը քնած եք․«Երբ ես գնում եմ աշխատանքի, դուք դեռ պետք է երկու ժամ էլ քնեք: Կամ ասում են՝ ճանապարհը փակում են, որ վարչապետը հեծանիվ քշի: Ես կիրակի Սեւանից հեծանիվով եկել եմ Երեւան: Իմ կողքով հազարավոր մեքենաներ են անցել: Թող մեկն ասի, որ որեւէ մեկի մեքենան կանգնացվել է: Ես մենակ եմ եղել՝ երկու թիկնապահների հետ: Իսկ երբ խմբային՝ 60 հոգով են հեծանիվ քշում, դա անվտանգության կանոնի մեջ է: Վարչապետը չլինի, ով ուզում է լինի, եթե 60 հոգով հեծանիվ են քշում, ոստիկանությունը պետք է ապահովի անվտանգությունը։ Հակառակ դեպքում պետք է գաք ասեք՝ բա քիչ էր զոհերի թիվը ավտոներից, հիմա մի հատ էլ հեծանիվներից է»։

Անդրադառնալով ճանապարհ փակելուն,  երբ պետական պաշտոնյայի շարասյունն է անցնում, Փաշինյանն ասաց. «Էդ ո՞ւմ ճամփեն ենք տենց փակել, կամ ճամփա փակելն էդ ինչ մի բան ա։ Հա, կարա երկրի վարչապետը երկու ժամ նստի խցանման մեջ, ԱԺ գալիս էլ ուշանա, ուր գնա՝ ուշանա, հետո ասեք՝ չի հարգում մարդկանց»:

Վարչապետն ասաց, որ կիրակի օրը Արարատի մարզի գյուղերի միջով Երևան վերադառնալիս, նկատել է կանգառներում կանգնած երիտասարդների, որոնք քաղաքային տրանսպորտի էին սպասում․«Ում իմ մտքով անցավ՝ էս էրեխեքն  ընդամենը 15 կմ է․․․ ես էդ օրը 50 տարեկան լինելով 100 կմ հեծանիվ եմ քշել։ Էս երեխեքին խի՞ չենք հուշում, չենք ասում՝ խի՞ եք մի ժամ կանգնել կանգառում, 10 կմ է, հեծանիվով գնացեք-եկեք:  Ուր գնում ենք՝ ձրի ուսանողական ավտոբուս տվեք, ձրի․․․ ինչի մեկը չի ասում՝ էրեխեք ջան, հեծանիվ վերցրեք, գնացեք դասի։ Ամո՞թ ա, թե պետք ա սև ծիծակ կոշիկներ լինեն, ոսկի ցեպերը վզերներից կախած և այլն»։

 

 

 

Նորություններ