Բագրատ Սրբազանի աջակից Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց, ըստ դատարանի՝ հանցանք կատարելու, փախուստի դիմելու հիմքերը չեն վերացել | Region

Բագրատ Սրբազանի աջակից Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց, ըստ դատարանի՝ հանցանք կատարելու, փախուստի դիմելու հիմքերը չեն վերացել

Օգոստոս 20,2025 19:17

«Սրբազան շարժման» ակտիվիստ, Բագրատ Սրբազանի աջակից ու նույն գործի շրջանակներում կալանավորված Լիդյա Մանթաշյանի կալանքը դատարանի այսօրվա որոշմամբ երեք ամսով երկարաձգվեց։

Ըստ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (Շենգավիթի նստավայր)՝ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմքերը՝ խոչընդոտելու դատաքննությանը, հանցանք կատարելու, փախուստի դիմելու հիմքերը չեն վերացել և չեն նվազել։ Դատարանն այսօր որոշեց, որ սույն քրեական վարույթի տվյալ փուլում այլընտրանքային խափանման միջոցները ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, հետևաբար Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգվեց մինչև այս տարվա նոյեմբերի 25-ը։

Մինչ դատարանի որոշումը, «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում Լիդյա Մանթաշյանը հայտարարեց․«Ես ահաբեչական որևէ գործողություն չեմ պլանավորել։ Ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում։ Ո՛չ ես, ո՛չ մյուս ներկաները ահաբեկչական որևէ գործողություն չենք պլանավորել։ Ըստ մեղադրանքի, ահաբեկչությունը պլանավորվել է 2025 թվականի հունվարից, իսկ իմ նոթատետրը վարվել է նախորդ տարվա մայիս–հունիս ամիսներին, երբ մենք պայքարի այլ փուլում ենք եղել։ Հետևաբար այնտեղ նշված մտքերը չեն կարող վերաբերվել այն գործին, որի շրջանակներում ես մեղադրվում եմ»։

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 18 անձ։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Բագրատ սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, զանգվածային անկարգությունների եւ իշխանության բռնազավթման հոդվածով։

Ըստ իրաապահների՝ Բագրատ Գալստանյանն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն:

 

 

 

Նորություններ