«Ախուրյան գետը կիսում է մեր պապական գյուղը, հորս ծննդավայրը թուրքի կողմն է»
Երբ Երվանդ 4-րդ արքան Ախուրյան և Արաքս գետերի միախառնման վայրին մոտ Ք․Ա․ 3-րդ դարում կառուցեց Երվանդաշատ մայրաքաղաքը, ավելի հյուսիս՝ Ախուրյան գետի ափին հիմնեց երկրի հոգևոր կենտրոն Բագարանը։ Այն 9-րդ դարի վերջում դարձել է Բագրատունյաց Հայաստանի առաջին մայրաքաղաքը։
Ներկայումս պատմական Բագարանի տարածքը բաժանված է ՀՀ-ի և Թուրքիայի միջև, երկու երկրների սահմանաբաժան գետի՝ Ախուրյանի ափերին։ Բագարանի տարածքի զգալի մասը հիմա Ախուրյանի աջ ափին է՝ Կարսի մարզում, որտեղ տների մեծ մասը կառուցված են պատմական քաղաքի քարերով։ Այնտեղ է նաև ժողովրդի շրջանում Գևորգ Մարզպետունու գերեզման անունով հայտնի 19-րդ դարի եկեղեցին։
Արմավիրի մարզի Բագարան գյուղի տարածքով են անցնում Ախուրյան և Արաքս գետերը։ Բնակավայրում կա խմելու և ոռոգման ջրի համակարգ, բուժկետ, ճանապարհները մասամբ բարեկարգված են, սակայն գյուղը գազաֆիկացված չէ։
Գյուղի հին ու նոր պատմության դրվագները REGIONS TV-ին է ներկայացրել 80-ամյա Քաջիկ Ղազարյանը։