«Ս. Սարգսյանը համառորեն չի ուզում հանձնել իշխանությունը». Ա. Սաքունց | Region

«Ս. Սարգսյանը համառորեն չի ուզում հանձնել իշխանությունը». Ա. Սաքունց

Հունվար 30,2017 15:13

Հայաստանյան ներքաղաքական զարգացումների շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

Ի՞նչ խոստովանություններով պետք է հանդես գան համակարգից դուրս մնացած պաշտոնյաները:

-Պարոն Սաքունց, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 28-ին, անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, թե դերակատարում է ունեցել Մարտի 1-ի ողբերգական դեպքերին, ուստի պետք է պատասխանատվություն կրի, հայտարարեց, թե համակարգը պետք է ուսումնասիրի, ու եթե ինքն իր մեղքի չափն ունի, պատասխան կտա: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ էր դրանով ակնարկում Օհանյանը:

-Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալ մարտի մեկին քաղաքացիների նկատմամբ պետական ահաբեկչության փաստով ՀՔԾ-ի կողմից քննվող գործին նախկին պաշտոնյաների անելիքներին: Պաշտոնյաներ, որոնք հիմա հանդես են գալիս քաղաքական դաշտում և հավակնում են ստանալ ժողովրդի քվեն, միաժամանակ ցույց եմ տվել այն ճանապարհը, որով պետք է նրանք շարժվեն, այն է՝ սեփական նախաձեռնությամբ գնան ՀՔԾ և իրենց ցուցմունքները ներկայացնեն մարտի մեկի հանցագործության վերաբերյալ, մասնավորապես, թե այդ օրերին՝ փետրվարի 15-ից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, որտեղ են եղել, ինչ գործողություններ են կատարել, ինչ հրահանգներ են ստացել Ռ. Քոչարյանից, կամ իրենց վերադասից, կամ որևէ այլ պաշտոնատար անձից, որոնք կարող էին հանձնարարականներ տալ, ինչ քննարկումների են մասնակցել, ինչ որոշումների կայացմանն են մասնակցել կամ ականատես եղել, կամ տեղյակ են եղել, որոնց վերաբերյալ որևէ փաստաթղթային ձևակերպում չկա: Խոսքը վերաբերում է այն որոշումներին, այն գործողություններին ու հանձնարարականներին, որոնք կապված են փետրվարի 15-ից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածի հետ ու ուղղված են եղել քաղաքացիների դեմ, որոնք խաղաղ հավաք էին անցկացնում Ազատության հրապարակում: Եվ ոչ միայն իրենք բացատրություն տան՝ որպես վկա հանդես գալով, այլ նաև հանրությանը ներկայացնեն այն մասին, թե ինչ են ներկայացրել այնտեղ: Սա պետք է լինի առաջին քայլը, որպեսզի վստահություն առաջանա, որ իրենք իրապես շահագրգռված են հանցագործության բացահայտմամբ:

-Բայց հիմա առաջարկում են, որ համակարգը պարզի իրենց մեղքի բաժինը, եթե դա կա:

-Երբ որ խոսում են, որ քննությունը թող տարվի, ապա շատ լավ գիտեն, որ այդ քննությունը չի տարվում, նախաքննության մարմինը սեփական նախաձեռնությամբ հանդես չի գալիս մարդկանց քննելու, մասնավորապես Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին կամ այն մարդկանց, որոնք առնչություն են ունեցել: Հիմա եթե որպես պաշտոնատար անձ այն ժամանակ կաշկանդված էին ազատ, ինքնուրույն որոշումեր կայացնելու հարցում, հիմա ազատ են, կարող են և ազատ որոշում կայացնել, և սեփական կամքով հրապարակել իրենց իմացած տեղեկությունը, և, ի վերջո, աջակցել այդ հանցագործության քննության իրականացմանը: Սա է, որը կարող է վկայել, որ իրապես իրենք ազնիվ ու անկեղծ են իրենց մտադրություններում: Քանի որ եթե նույնիսկ ենթադրենք, որ իրենք անմիջական պատասխանատվություն չեն կրում, ապա դա նախ պետք է քննությունը որոշի, բայց քննությունն էլ որպեսզի իրականանա, ապա պետք է աջակցել այդ քննությանը:

-Պարոն Սաքունց, Դուք ի նկատի ունեք և Ս. Օհանյանին, և Վ. Օսկանյանի՞ն ու գտնում եք, որ իրե՞նք պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեն ու նախաքննական մարմնին պատմեն եղելությունը, մանավանդ, որ վերջիններս քաղաքական հայտ են ներկայացրել:

-Այո: Իրենց հայտարարությունների մասին վստահություն կարող է առաջանալ, երբ որ նրանք այդ նույն ընտրողի նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ վկայություն կտան: Երբ որ նախորդ հարցի հետ կապված ներկայացրի իմ մոտեցումները, կարող է թվալ, թե ես այնքան միամիտ եմ, որ հավատամ, որ նման քայլի կգնան, քանի որ առավել քան որևիցե մեկը ճանաչում է իրենց համակարգը, թե ինչի է ընդունակ:

-Մյուս կողմից էլ Ս. Օհանյանը հայտարարեց, թե Ծառուկյանի հետ բանակցությունների մեջ է՝ չբացառելով Ծառուկյան-Օհանյան դաշինքը: Ընտրողն իրավունք ունի՞ կասկածելու, որ սա լիովին տեղավորվում է Ս. Սարգսյանի պլանների մեջ:

-Հիմա կամ պետք է հստակ այդ խիզախությունը ցուցաբերեն որպես օրինակ, որպեսզի մենք կարողանանք հավատալ, որ իրապես իրենք նաև ակնկալեն ընտրողների կողմից այդ խիզախ քայլի աջակցություն, իսկ քանի դեռ դա չկա, արդեն իսկ Ծառուկյանի կամ միմյանց հետ դաշինք կազմելու վերաբերյալ հայտարարություններն ավելի շուտ համոզում են, որ ամեն ինչ տեղի է ունենում Ս. Սարգսյանի կողմից թելադրվող խաղի կանոններով, քանի որ Գ. Ծառուկյանին քաղաքականությունից հեռացրեց Ս. Սարգսյանը: Կամ պետք է ենթադրել, որ Ս. Սարգսյանն արդեն իսկ թուլացել է բավական, որ կարող են թիմի ակնառու, այսպես կոչված, առանցքային դեմքերն ազատորեն ոչ միայն դուրս գալ, այլ նաև քննադատել, այդ դեպքում առավել քան տրամաբանական է, որ նրանք կարող են ու առավել քան հիմքեր կան, որ հանդես գան վկայությունով հանցագործությունների, և ոչ միայն Մարտի մեկի, այլ նաև կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ, իսկ եթե Ս. Սարգսյանն այդքան թուլացած չէ, ուրեմն պետք է ենթադրել, որ դրանք պայմանավորված գործողություններ են, ու այդ դեպքում Գ. Ծառուկյանի հետ դաշինքն ուղղակի Ս. Սարգսյանի կողմից թելադրված խաղի կանոններում տեղավորվող գործողությունների մասին է, որը բացարձակապես ոչ մի առնչություն չունի հանրության մեծ մասի ակնկալիքների հետ, այն է՝ պետական մակարդակով հանցագործությունների բացահայտման աջակցությունը, այդ թվում և Մարտի մեկ, և կոռուպցիոն բազմաթիվ հանցագործություններ:

-Չե՞ք կարծում, որ կոռուպցիոն հանցագործությունների մասին կարող է խոստովանել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ևս համակարգում չէ ու հայտարարում է, որ մնալու է քաղաքականությունում:

-Ինքն իր խոսքերում որևիցե ողջամիտ բացատրություն չտվեց, թե ինչն էր պատճառը պաշտոնից հեռանալու, նաև չնշեց, թե Հանրապետական կուսակցությունից դուրս գալն ինչով է պայմանավորված, այդտեղ գաղափարական ինչ-որ հակասություններ կան, թե չէ թե ինքն այնպես ոգևորված էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ, ուզում էր բացահայտել կոռուպցիոն հանցագործությունները, և Ս. Սարգսյանը թույլ չէր տալիս և այլն: Բայց մենք նման գնահատականներ չենք տեսել, այնպես որ, այն, ինչ որ տեղի է ունենում, ընդամենը Բաղրամյան 26 պալատի շրջանակներում տեղի ունեցող միջանձնային ինտրիգներ են, որոնց ելքը կամ ընթացքը բացարձակապես որևէ առնչություն չունի հանրության ակնկալիքների հետ:

-Այսինքն ստացվում է, որ ովքեր պաշտոն չունեն ու համակարգից դուրս են մնում, հիշում են, որ երկրում լուրջ խնդիրներ կան, որ այսպես ապրել այլևս հնարավոր չէ:

-Կարող էին լինել դուրս գալու այլ տարբերակներ, որը մենք տեսանք, ասենք, հարևան Վրաստանում, երբ Սաակաշվիլին որպես արդարադատության նախարար ուղղակի հրապարակային հայտարարեց, որ այս ամենն ուղղակի անթույլատրելի է, ու ինքը հստակ ձևակերպեց, թե իր բողոքն ինչի հետ է կապված: Մենք այդպիսի հրապարակավ հայտարարություններ պաշտոնում գտնվելու ժամանակ չենք լսել որևէ պաշտոնատար անձից, ավելի շատ դուրս են արել, կամ համարժեք առաջարկություններ չեն ունեցել, այնպես որ, ընդդիմադիր ասելը տեղին չէ: Բայց լավ էլ գիտակցում են, որ, ինչպես նշեց Ս. Խաչատրյանը, բոլորն էլ պետք է երախտապարտ լինեն Ս. Սարգսյանին, որ բոլորին պաշտոն է տվել, շատ շատերը պաշտոն չէին ունենա, եթե չցանկանար Ս. Սարգսյանը, այսինքն չկա ոչ գաղափարական, ոչ քաղաքական ծրագրերի կամ մոտեցումների համընկնում, դրանք զուտ անձնական շահերի հիման վրա նշանակումներ են եղել, ու հիմա անձնական շահերը չեն համընկել, դուրս են արել:

-Ի՞նչ եք կարծում, իրական հակասություններ կարո՞ղ են լինել Ս. Սարգսյանի ու Հ. Աբրահամյանի միջև, թե՞ սրանք ևս քաղաքական խաղեր են:

-Եթե քաղաքական բնույթի, ուրեմն ոչ, եթե անձնական՝ այո, քանի որ, ամենայն հավանականությամբ, շատ բնական է, որ Հ. Աբրահամյանը հավակնություններ կարող էր ունենալ կամ բարձր պաշտոն զբաղեցնելու, կամ առնվազն փոխարինելու Ս. Սարգսյանին, բայց Ս. Սարգսյանը փոխեց խաղի կանոնները ու նախագահական ինստիտուտը վերացրեց, անցում կատարեց պառլամենտական համակարգի ու հիմա չի հրաժարվել նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց, այսինքն մարդիկ, որոնք հույս ունեին կամ ակնկալում էին, որ երկուանգամյա նախագահական ժամկետը լրանալուց հետո Ս. Սարգսյանը կթողնի պաշտոնը, ինչպես Ռ. Քոչարյանն իրենը թողեց, և ինքն էլ իր հերթին կթողնի մեկ այլ անձի, տվյալ դեպքում՝ Հ. Աբրահամյանին, դա տեղի չունեցավ: Ս. Սարգսյանը համառորեն չի ուզում հանձնել իշխանությունը:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Նորություններ