Խնդիրն հետևյալն է՝ ինչ նպատակներով են Ծառուկյանին աջակցում կամ գոնե չեն խանգարում երկու անձ՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը | Region

Խնդիրն հետևյալն է՝ ինչ նպատակներով են Ծառուկյանին աջակցում կամ գոնե չեն խանգարում երկու անձ՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

Հունվար 19,2017 15:20

ԳԱԼԱ-ի հարցազրույցն անկախ փորձագետ Հայկ Բալանյանի հետ:

-Պարոն Բալանյան, հայաստանյան ներքաղաքական դաշտի վերջին զարգացումներին հետևում եք: Ստեղծվում և վերաձևավորվում են ընդդիմադիր նոր դաշինքներ, թվում է՝ ընդդիմադիր դաշտը բևեռացվում է: Սա ինչ-որ բան կարո՞ղ է փոխել արդյոք հայաստանյան ներքաղաքական գաղջ մթնոլորտում, թե՞ ոչ: Ի՞նչ եք կարծում:

-Չեմ կարծում: Այս ամենը վերնախավի, պալատական մակարդակով է և չի հենվում ժողովրդի վրա, լայն զանգվածներն այս ամենին մասնակից չեն: Տակտիկական քայլեր են, որոնք, իհարկե, գոյության իրավունք ունեն, սակայն սկզբունքային փոփոխություններ չեմ ակնկալում: Նպատակն ԱԺ ընտրություններն են, այլ նպատակ դրված չէ, և մեզ սպասվում է դանդաղ դիրքային պայքար:

-Պարոն Բալանյան, որոշ ուժեր, օրինակ «Ժառանգություն»-ում, գտնում են, որ պետք է մի կողմ դնել ամբիցիաները և գնալ նրան, որ ստեղծվի ուժային կենտրոն և դրանով իսկ ստեղծել հնարավորություն ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու համար: Որոշ քաղաքագետներ էլ կարծում են, որ ընդդիմադիր դաշտի նորմալ համախմբման դեպքում իսկապես հնարավոր է հասնել նրան, որ ՀՀԿ-ն չկարողանա ընտրությունների առաջին փուլում հավաքել 54 տոկոս, և տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, որն էլ ձնագնդիի էֆեկտ կարող է ունենալ: Այդ կարծիքին էր, օրինակ, Ստ. Դանիելյանը: Դուք ի՞նչ կարծիքի եք:

-Ստեփանը շատ լավատես է: Բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել նոր ձևաչափեր գտնելու և ընդդիմության խնդիրները լուծելու փորձերը: Ուղղակի ժամանակ քիչ է մնացել, իսկ ընդդիմության առաջնորդների միջև հակասությունները և նույն ամբիցիաները՝ դեռ շատ:

Ինձ թվում է, որ ավելի շատ պետք է խոսել նոր ընդդիմության, սկզբունքների, ռազմավարության մասին, նաև դեմքերի մասին: Այն, ինչ մենք ունենք, հիմնականում այլևս փոփոխության ընդունակ չէ:

-Գագիկ Ծառուկյանը վերադարձավ՝ խոստանալով ընդդիմադիր դաշտում լայն կոնսոլիդացիա ստեղծել: Դաշտում ստեղծված վերջին դաշինքի ուժերը՝ «Համախմբում» — «Երրորդ Հանրապետություն» — Դեմկուս, որը եթե պայմանականորեն անվանենք Օսկանյանի և Սեյրան Օհանյանի դաշինք, կարծես թե դեմ չեն Ծառուկյանի դաշինքում լինելու մտքին: Այսինքն, Ծառուկյանի շուրջ կհամախմբվեն ոչ միան Օհանյանը, Օսկանյանը, նաև Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը»: Չի բացառվում նաև ՀԱԿ-ը: ՀԱԿ-ից այս մասին դեռ որևէ բան չեն ասում իրենց մասնակցության մասին, բայց Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության փորձ եղել է նրանց մեջ: Կստեղծվի՞ նման ուժային կենտրոն, և ի՞նչ կլինի դրանից հետո:

-Ոչ թե Ծառուկյանն է վերադառնում քաղաքականություն, այլ այն քաղաքական հանգամանքները, այն քաղաքական ուժերը, որոնք կանգնած էին Ծառուկյանի թիկունքին:
Խնդիրն հետևյալն է. որ չափով և ինչ նպատակներով են Գագիկ Ծառուկյանին աջակցում կամ գոնե չեն խանգարում երկու անձ՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

Առաջինը՝ կարևորագույն բիզնես-գործընկերն է, երկրորդը՝ երկրի քաղաքական և տնտեսական համայնապատկերի ամենակարևոր անձը: Ռ.Քոչարյանին անհրաժեշտ է պահպանել իր ներկայությունը և ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում: Սերժ Սարգսյանին 2018թ. իր նախագահության ավարտից հետո անհրաժեշտ է ունենալ, բացի ՀՀԿ-ից, այլ հենարաններ և ստեղծել Հանրապետականի զսպանակների համակարգ, որտեղ ԱԺ ներկայացված և չներկայացված ուժերի փոխադարձաբար և զսպող կապերով Սերժ Սարգսյանը փորձելու է պահպանել իր՝ բուրգի վերահսկիչի դիրքերը: Ուստի Սերժ Սարգսյանը գնում է իշխանության պատասխանատվության ապակենտրոնացման և տրոհման ճանապարհով:

Թե ինչ ձևաչափով կընթանա գործընթացը, հիմա կանխատեսել անհնար է, սակայն նաև անիմաստ: Խոսքը գնում է նոր Սահմանադրությամբ ստեղծվող խորհրդարանական հանրապետության մեջ ներ-վերնախավային համերաշխության, կառավարման մոդելի և դիրքերի ճշգրտման մասին: Ինչ-որ անտոգոնիստական պայքար չի լինելու, առավել ևս ինչ-որ սկզբունքային, ծրագրային փոփոխություններ:

Այդ բոլոր գործընթացները կատարվում են վերևներում, չեն հիմնված լայն զանգվածների վրա, կառույցներն իրենց բնույթով ոչ դեմոկրատական են, գործում են հին ավանդական գծագրով՝ վերևն առաջնորդ, որն ապահովում է փողը և գիծը, առաջնորդի տակ հավաքում են ինչ-որ մասսա և անտուրաժ, և այդ բագաժով մտնում առևտրի մեջ փայերը և ոլորտները ճշտելու նպատակով: Եթե չափն անցնում են, գլխներին բամփում են: Առայժմ այսքանն է մեզ սպասում, մինչև ներքևից չձևավորվի նոր ուժ:

-Պարոն Բալանյան, Գագիկ Ծառուկյանը վերադարձավ՝ լայն կոնսոլիդացիա ստեղծելու գաղափարով, բայց իր հայտարարությունում կարծես թե չակնարկեց նպատակի մասին: Ի՞նչ եք կարծում, նա վերադառնում է իրագործելու իշխանափոխությո՞ւնը, որը կիսատ էր թողել, թե՞… Ծառուկյանի հետ համախմբվող ընդդիմադիր ուժերն ի՞նչ ռիսկի են դիմում:

-Կարծում եմ, որ նպատակները թելադրում են իր թիկունքին կանգնած հանգամանքները, որոնց մասին ես հիշատակեցի: Նվազագույնը, որ կարելի է ենթադրել, հետևյալն է. ունենալ ԱԺ-ում ներկայություն, բիզնեսի պաշտպանություն, պահպանել իշխանության մեջի ուժային բալանսը:

-«Ելքը», որը հայտնի է որպես արևմտամետ կամ եվրոպամետ գաղափարների դաշինք, ի՞նչ հնարավորություններ ունի: Խորհրդարանում տեղ կտա՞ն, թե՞ ժողովրդին ներկայանալով որպես ճշմարիտ ընդդիմություն՝ կունենա բավականաչափ վստահություն: «Ելքը» կմիանա՞ արդյոք Ծառուկյանի ուժային կենտրոնին: Ո՞րն է ճիշտ ճանապարհը «Ելքի» համար:

-Սերժ Ազատիչը կտրամադրի Արևմուտքին ինչ-որ քանակի տեղեր ԱԺ-ում, բայց իհարկե Արևմուտքը պիտի ինչ-որ քայլեր անի ևս, ու բոլորը գոհ կլինեն: Թե ով է լինելու ԱԺ-ում կոնկրետ՝ ոչ Արևմուտքի, ոչ էլ Սերժ Սարգսյանի համար շատ կարևոր չէ:

«Ելքի» համար իմաստ չկա միանալու ԲՀԿ-ին, քանի որ կկորցնեն այն իմիջը ու փոքր, բայց իրական հանրային աջակցությունը, որ ունեն: Իրենց բազան, կարծում եմ, նման կտրուկ քայլը չի հասկանա:

Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի

Նորություններ