«Եթե քրիստոնեական եկեղեցիներից հարկեր գանձելու հարցը չփակվի, Իսրայելի երեք պատրիարքարանները կդիմեն Թրամփին, Մակրոնին, Հռոմի պապին և այլ քրիստոնյա առաջնորդներին».Չերնամորյան | Region

«Եթե քրիստոնեական եկեղեցիներից հարկեր գանձելու հարցը չփակվի, Իսրայելի երեք պատրիարքարանները կդիմեն Թրամփին, Մակրոնին, Հռոմի պապին և այլ քրիստոնյա առաջնորդներին».Չերնամորյան

Փետրվար 23,2025 12:36

Այսօր Երուսաղեմի հայկական ժառանգությունը վտանգի տակ է, Իսրայելը փորձում է բռնագրավել հայկական եկեղեցու ունեցվածքը.

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանն ահազանգում է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։

Պատրիարքարանը մեղադրել է Իսրայելի իշխանություններին կրոնական կազմակերպությունից «անարդար, նպատակային և կեղտոտ հարկեր» գանձելու մեջ, ինչն ուղղված է եկեղեցու ներկայությունը Սուրբ Երկրում նվազեցնելուն։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի X-ի էջում նշվում է, որ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ եկեղեցուն պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ իբր թե 1994 թվականից կուտակված համայնքային պարտքերը հավաքելու համար։

Եկեղեցին նշում է, որ այդ պնդումները «երբեք չեն ապացուցվել իրավական գործընթացներում և դեռ չեն իրականացվել սովորական պրակտիկայի միջոցով»:

Պատրիարքարանը զգուշացնում է, որ նման գործողությունները կարող են վնասել Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքներին։

«Իսրայելի հայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը REGIONSTV-ի հետ զրույցում ասաց, որ Երուսաղեմի հայ համայնքը հարուստ պատմություն ունի, սակայն այսօր Երուսաղեմի հայկական ժառանգությունը վտանգի տակ է, Իսրայելը փորձում է բռնագրավել հայկական եկեղեցու ունեցվածքը։

Ըստ Արտյոմ Չերնամորյանի՝ կառավարությունը հիմնավորում է, թե Երուսաղեմում և այլ քաղաքներում եկեղեցական գույքը պետք է հարկվի։

«Իսրայելի կառավարությունը ցանկանում է, որ քրիստոնեական եկեղեցիներն ու պատրիարքարանները, ինչպես բոլոր այլ կազմակերպություններն ու սինագոգները, վճարեն Արնոնա՝ հողի հարկ (անշարժ գույքի տակ գտնվող հողերի օգտագործման հարկ): Հայերը շատ մեծ տարածքներ ունեն Երուսաղեմում և Բեթղեհեմում, ինչպես նաև Իսրայել-Պաղեստին սահմանի միջև։ Մեծ հողատարածքներ ունեն նաև կաթոլիկ և հունական եկեղեցիները։ Երեք եկեղեցիների միջև կա պայմանավորվածություն՝ նրանք աջակցում են միմյանց և պաշտպանում են իրենց քրիստոնեական իրավունքները Իսրայելի կառավարության դեմ»,- նշեց  գլխավոր խմբագիրը։

Նա ընդգծեց, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիներից հարկեր չեն գանձվել ստատուս քվոյի պատճառով։

«Օսմանյան կայսրության օրոք հարկեր չէին վճարվում, իսկ Իսրայելը, որպես պետություն, բրիտանական մանդատից հետո հարկեր չէր հավաքում բոլոր եկեղեցիներից ու պատրիարքարաններից։ 2017 թվականից Քնեսեթը (Իսրայելի խորհրդարան․խմբ․) ցանկանում էր ընդունել քրիստոնեական հողերի հարկման մասին օրինագիծ։ 2018 թվականի փետրվարի 25-ին Սուրբ Հարության տաճարը երեք օրով փակվեց։ Քրիստոնյա երեք պատրիարքությունները՝ հայկական, կաթոլիկ և հունական, համատեղ որոշում էին կայացրել փակել եկեղեցին։ Դրանից հետո Նեթանյահուն հետ է կանչել այս բոլոր գործերը»,-հիշեցրեց Չերնամորյանը։

Նա հավելեց, որ անցյալ տարվանից փորձեր են արվում հայերից հարկեր հավաքել՝ որպես ամենաթույլ օղակ, ու կրկին հիշեցրեց՝անցյալ տարի Հայոց պատրիարքարանը և Երուսաղեմի հայկական թաղամասը դատական հայց են ներկայացրել Xana Capital-ի դեմ՝ Երուսաղեմում՝ Հին քաղաքում, հայկական հողերի վերաբերյալ համաձայնագիրը անվավեր ճանաչելու համար․« Իսկ այս տարի Երուսաղեմի քաղաքապետարանը նամակ է հղել՝ պնդելով, որ հայերը քաղաքին միլիոնավոր շեկելներ են (Իսրայելի դրամական միավո, խմբ․) պարտք չվճարված հարկերի տեսքով։ Երուսաղեմի հայոց պատրիարքության դեմ քաղաքապետարանի բոլոր գործողությունները կասեցնելու համար Երուսաղեմի մեր պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է գրել ոչ միայն վարչապետին, այլև ներքին գործերի նախարար Մոշե Արբելին, ինչպես նաև Եկեղեցիների և կառավարության միջև հարաբերությունների հաստատման պետական կոմիտեն նախկինում ղեկավարած Ցախի Հանեգբիին»։

Գլխավոր խմբագիրը նշեց, որ ամենակարևորը՝ Իսրայելի բոլոր երեք պատրիարքարանները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ միասնաբար դեմ են լինելու Երուսաղեմի քաղաքապետարանի որոշմանը․«Սա արդեն լավ է։ Սա Իսրայելի ներքին խնդիրն է և ստատուս քվոյի խախտում, և դա է պատճառը, որ եկեղեցիները համաձայն չեն: Եվ եթե հարցը չփակվի, ապա նրանք արդեն կարող են դիմել Թրամփին, Մակրոնին, Հռոմի պապին, բոլոր քրիստոնյա առաջնորդներին և կկարողանան համախմբել քրիստոնյաների ողջ միլիարդանոց բնակչությանը, բայց ես կարծում եմ, որ բանը դրան չի հասնի»։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է միասնական լինի, մոտ լինի Երուսաղեմի պատրիարքարանին և միասնաբար դիմադրի անօրինական գործողություններին։ «Միայն միասնական ջանքերով, միմյանց աջակցելով և ընդհանուր շահերը պաշտպանելով՝ հայ ժողովուրդը կկարողանա պահպանել իր ներկայությունն ու ազդեցությունը Երուսաղեմում՝ շարունակելով իր կարևոր դերը այս սուրբ քաղաքում»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը։

Զաբելա Ավագյան

 

 

 

Նորություններ