«Որեւէ փոխզիջում Ղարաբաղի հարցում կարող է շատ պայթյունավտանգ լինել»
Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ շատ տեղեկություններ հայտնի չեն հանրությանը: Հիմնականում երկու երկրների ղեկավարները զրուցել են փակ դռների հետեւում: Պաշտոնական հաղորդագրություններով պարզ դարձավ, որ գազի գինը 25 դոլարով կնվազեցվի՝ հասցնելով 165 դոլարի, եւ որ ռուսաստանյան կողմն արտոնյալ վարկ է տրամադրել Հայաստանին:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չի կարծում, որ Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքական առեւտուր: Ռուսաստանի խնդիրն, ըստ քաղաքագետի, հակառուսական տրամադրությունները մեղմելն է:
«Ռուսաստանը Հայաստանի հետ առեւտուր անելու խնդիր չունի, եւ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի եւ հարեւանների պատճառով, ռեսուրսների պատճառով բավականին կախված երկիր է, հատկապես կախված է Ռուսաստանից, բայց ոչ միայն: Կախված է նաեւ Արեւմուտքից, որոշ չափով նաեւ Եվրամիությունից: Ինձ թվում է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում վերջին շրջանում հակառուսական տրամադրություններ են առաջացել եւ դրա հիմնական պատճառը նաեւ բնակչության դժգոհությունն է իշխող վերնախավից եւ հատկապես Սերժ Սարգսյանից, ով ընկալվում է որպես Ռուսաստանի դրածո, Ռուսաստանը փորձում է իր այդ քայլերով մեղմել իրավիճակը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Ստեփան Դանիելյանը:
Անդրադառնալով Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածությանը, Հայաստանի ընտրած ուղու անհեռանկարային լինելու փաստին՝ ռուսաստանցի լրագրող, բլոգեր Պյոտր Օլեշչուկը կարծիք է հայտնում.
«ԵՏՄ-ն նախ եւ առաջ Ռուսաստանին հետաքրքրում է ԽՍՀՄ-ը վերականգնելու մղումներով, ուր տեղ կգտնեն նախկին խորհրդային հանրապետությունները՝ բացառությամբ Բալթյան երկրների: Այդ պրոեկտի ցուցափեղկն է ԵՏՄ-ն: Նույն Ռուսաստանի ներսում խնդիրների աճը հանգեցնում է նրան, որ Ռուսաստանի համար գնալով ավելի է բարդանում գործընկերներին պահել իր կողքին: Այնպես որ, ամեն ինչ կանխատեսելի է: Ունե՞ր արդյոք Հայաստանն այլ ընտրություն: Ռուսաստանի եւ Հայաստանի կապն ավելի լուրջ է, քան զուտ գործընկերային արտաքին հարաբերությունները: Բայց փաստը մնում է փաստ՝ ի տարբերություն Եվրամիության, Եվրասիական տնտեսական միությունը մի կառույց է, որտեղ գլխավոր դերում Ռուսաստանն է: Ցանկացած խնդիր ենթադրում է այդ միության փլուզում, որը նկատելի է այսօր: Իսկ դա վտանգավոր է ՌԴ գործընկեր պետությունների համար, ովքեր որքան մեծացնեն կախվածությունն, այնքան կմեծացնեն մարտահրավերներն ու սպառնալիքները»:
Հիշենք, որ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցից առաջ Տավուշի մարզում հակառակորդն ինտենսիվ կերպով եւ մի քանի օր շարունակ խախտում էր հրադադարը, եղան զոհեր եւ վիրավորներ: Մինչ այդ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց Բաքու: Փորձագիտական որոշ շրջանակներ ընդհանրացնում էին այս իրադարձությունները՝ դրանք կապելով միմյանց հետ:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում, օրինակ, ռուսաստանցի քաղաքագետ Դենիս Դվորնիկովը նշում է. «Ենթադրում եմ, որ Բաքուն միտումնավոր կերպով մատնում է Ռուսաստանի արտգործնախարարությանը եւ անձամբ Լավրովին՝ իր հայ գործընկերների առաջ: Սահմանային պրովոկացիաները կապված էին այցի հետ, ես դրանում համոզված եմ»:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով այս հարցին, կարծիք հայտնեց, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի սրացման վտանգ չի տեսնում: Կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետ՝ ընդգծում է, որ փոխզիջումների մասին այս շրջանում խոսք լինել չի կարող: Բացատրում է, թե ինչու. «Տարածաշրջանում գնալով ուժեղանում է լարվածությունը: Սահմանին պատերազմ է ընթանում՝ Թուրքիայում՝ քրդերի եւ պետական զորքերի միջեւ: Նման պայմաններում Ղարաբաղի հարցի որեւէ լուրջ քննարկումը, որեւէ փոխզիջումը կարող է շատ պայթյունավտանգ լինել: Ես չեմ կարծում, որ այս պահին այդ հարցը կքննարկվի»:
Քաղաքագետը չի բացառում սակայն, որ Հայաստանի իշխանությունները հող նախապատրաստեն՝ առաջիկայում այդ գործընթացի մեկնարկը տալու առումով: Նման ռիսկեր նա տեսնում է սահմանադրական փոփոխություններից հետո, երբ իրավիճակ փոխվի երկրում, երբ անձի պատասխանատվությանը փոխարինելու գա կոլեկտիվ պատասխանատվության հանգամանքը:
«Սահմանադրական փոփոխություններով Հայաստանում կոլեկտիվ պատասխանատվության կամ անպատասխանատվության համակարգ է ձեւավորվում, որ կոնկրետ զիջումների համար որեւէ անձ պատասխանատու չլինի: Կարելի է ենթադրել, որ ապագայի համար նման տարբերակ կարծես թե պատրաստվում է՝ հաշվի առնելով Թուրքիայի ոչ ստաբիլ վիճակը եւ քրդերի ակտիվացումը: Ադրբեջանը միանշանակ իր հույսերը միայն Թուրքիայի հետ չի կապի»:
Ստեփան Դանիելյանի կարծիքով, Ադրբեջանը կփորձի իր հարաբերություններն ամրապնդել Ռուսաստանի հետ եւ վերջինիս հետ էլ կփորձի փնտրել փոխզիջումային տարբերակներ՝ Ղարաբաղի հարցում:
«Այստեղ զուտ աշխարհաքաղաքական շահեր կան եւ դասավորություն, որը շատ դինամիկ եղանակով սկսել է փոխվել: Թուրքիայի թուլացման դեպքում պետք է ենթադրել Ռուսաստանի եւ Ադրբեջանի մերձեցում: Սա գործընթաց է, որը կարող է տեղի ունենալ: Մյուս կողմից Ադրբեջանին անհանգստացնում է Իրանի ակտիվացումը: Իրանը վերադառնում է մեծ քաղաքականություն, եւ դա իր ազդեցությունը կունենա տարածաշրջանում: Այսինքն ապագայում նման զարգացումներ կարող են լինել, բայց խոսել այն մասին, որ արագ ինչ-որ փոփոխություններ կլինեն, իմ կարծիքով դեռ վաղ է»,-կարծիք է հայտնում քաղաքագետը:
Արմենուհի Վարդանյան