Արարատ Միրզոյանը և ՄԹ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարտ 21,2025 21:47
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Դեյվիդ Լամմիին համաձայնագրի հնարավորիս սեղմ ժամկետներում կնքման և տարածաշրջանում խաղաղության հաստաման հարցում ՄԹ կողմից արտահայտված հստակ դիրքորոշման համար։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքների առնչությամբ նախարար Միրզոյանը վկայակոչել է ՀՀ կողմից ներկայացված՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կողմից ներկայացված այս և մյուս՝ մասնավորապես հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջարկները կարող են լուրջ հիմք լինել փոխվստահության ձևավորման և կայունության ապահովման համար։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լամմին մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
Մասնավորապես, նախարար Միրզոյանը ներկայացրել է COP17 համաժողովը Հայաստանում անցկացնելու ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով այս ուղղությամբ ՄԹ հետ սերտ համագործակցության կարևորությունը։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
