ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ․«Շիրակ» ակումբ
Ապրիլ 07,2025 11:18

Հարգելի FC Ararat, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը բազմիցս ընդգծել է՝ ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղել է, թաղում է ու թաղելու է ավելի մեծ խնդիրների մեջ: Բազմիցս պնդել ենք՝ միակ ելքը ՀՖՖ գործող ղեկավարների օր առաջ հեռանալն է։
Ավելին, FC Ararat, ձեր կողմից մատնանշած մրցավարական խնդիրների և հանդիպումների հնարավոր պայմանավորված բնույթի՝ ասել է թե ղումարի մասին բազմիցս խոսել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը՝ ընդգծելով ՀՖՖ գործող ղեկավարների անտարբերությունն ու հաշտ կեցվածքը տեղի ունեցածի հետ։
Ֆուտբոլը սպանող ու սերունդներ կեղեքող ղումար ասվածի դեմ պայքարելու և մեր արդարացի պահանջին միանալու փոխարեն դուք, հարգելի FC Ararat, նույն ժամանակահատվածում Ձեր անվերապահ աջակցությունն էիք հայտնում ՀՖՖ գործող ղեկավարներին ու զբաղված էիք ՀՖՖ գործող փոխնախագահի առաջարկին արձագանքելով, որտեղ ոչ մի տառ ու բառ չկար ոչ մրցավարների, ոչ էլ ձեր մատնանշած հնարավոր ղումարի մասին։
Քանի որ, ըստ Ձեզ, փորձանքի մեջ եք ու Մելիքբեկյանի մրցավարությունը որակում եք խայտառակություն, մեր խնդրանք-պահանջն է, որ բացեք փակագծերն ու խոսեք հասցեական՝ կոնկրետ նշելով ով կամ ովքեր են Ձեր նշած խայտառակության մեղավորը կամ մեղավորները։ Ո՞ւմ են ուղղված ձեր դժգոհությունները ու արդյոք դրանց լուծումը պետք է տա ֆուտբոլն աղետի վերածած Արմեն Մելիքբեկյանի ֆեդերացիան։