Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում ասել է, որ Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն անհնարին է համարել Ադրբեջանի հետ ինտեգրացիան, նշել, որ պաշտոնյաները հայկական անձնագրեր ունեին | Region

Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում ասել է, որ Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն անհնարին է համարել Ադրբեջանի հետ ինտեգրացիան, նշել, որ պաշտոնյաները հայկական անձնագրեր ունեին

Ապրիլ 07,2025 22:55

Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն այսօր Բաքվի դատարանում ցուցմունք է տվել։

Ըստ ադրբեջանական Azertac լրատվամիջոցի՝ Դավիթ Բաբայանը դատարանում հայտարարել է, որ ինքը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ինպես նաեւ ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչները անհնարին են համարել Ադրբեջանի հետ ինտեգրացիան։

«Պաշտոնյաներից որևէ մեկը նման ինտեգրման հեռանկար չի տեսել»,- Azertac-ի փոխանցմամբ ասել է Բաբայանը։

Նա նաև նշել է, որ ինքը որպես ԱԳ նախարար օտարերկրյա պետություններ է այցելել որպես ՀՀ քաղաքացի, և այդ այցերի համար օգտագործել է հայկական անձնագիր։ Նա ասել է , որ որոշ պաշտոնյաներ ունեին դիվանագիտական անձնագրեր․«․․․ինչպես սովորական անձնագրերը, մեր դիվանագիտական անձնագրերը ևս հայկական էին։  ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացված էեղել օտաերկրյա այդ այցերի մասին։
Մենք ներկայացուցչություններ ունեին այն երկրներում, որտեղ հայկական մեծ համայնք կա։

Ռուբեն Վարդանյանի հետ իր հարաբերությունների մասին հարցին, Դավիթ Բաբայանը պատասխանել է, որ Վարդանյանին ծանոթ է 2007-2008 թվականներից, և որ ավելի ո նրանց միջև ձևավորվել է գործնական հարաբերություններ։ Բաբայանն ասել է, որ Ռուբեն Վարդանյանը հայկական համայնքի առանցքային դեպքերից է։

Դավիթ Բաբայանը նաև ասել է, որ ԼՂ-ում պաշտոնական վեբ-կայքերը գրանցված էին  Հայաստանում  .am. տիրույթում։

 

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել են նաև Մադաթ Բաբայանն ու Գարիկ Մարտիրոսյանը։ Մադաթ Բաբայանն ասել է, որ ինքը   1990-ականներին ծառայել է Մարտակերտում (ադրբեջանական լրատվամիջոցը Մարտակերտ տեղանունը փոխված են ներկայացրել, հեղ),ինչպես նաև հայտնել է, որ իրեն ձերբակալելու ժամանակ իր մոտ զենք կար։

Գարիկ Մարտիրոսյանն էլ հայտնել է, որ 1993 թվականին միացել է հայկական բանակին, ասել է, որ «Ասկերանի գնդին է» միացել, որը ղեկավարում էր Վիտալի Բալասանյանը»։

Նշենք, որ ադրբեջանական բանտերում պահվում է  23 հայ։ Այժմ դատավարություն է ընթանում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 հայ,  այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է առաջադրել նրանց նկատմամբ՝ ապօրինի զինված խմբավորումների կազմավորումից, ահաբեկչությունից մինչև մարդկության դեմ հանցագործություն։

Նորություններ