Կառավարությունը դրամական աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին | Region

Կառավարությունը դրամական աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին

Ապրիլ 10,2025 12:29

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներն, ըստ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման, մինչև տարեվերջ աջակցություն կստանան։

Նախագծի նպատակը, ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ,  ԼՂ-ից  բռնի տեղահանված կարիքավոր (ցածր եկամուտներ ունեցող) ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է:

Կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից:

Սահմանվում է, որ ամսական աջակցությունը կկազմի ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40,000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10, 000 դրամ:

Հիմնավորման մեջ նշված է, որ այս աջակցության անհրաժեշտ է, որպեսզի կանխվի   ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը, միաժամանակ հնարավորություն տալով ընտանիքներին դառնալ սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ։

Աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական աջակցության ձեւով՝ 2025 թվականի ապրիլից սկսած, ներառյալ դեկտեմբեր ամիսը։

Հիշեցնենք, որ արցախցիները վերջին օրերին սկսեցին բողոքի գործողություններ իրականացնել այն բանից հետո, երբ կառավարությունը դադարեցրեց ամսական տրամադրվող 40+10 դրամ աջակցությունը։ Նրանք ցույցերի (մայրաքաղաքում Ազատության հրապարակում քանի օր է՝ վրան են տեղադրել, նստացույց են անում) միջոցով պահաննջում են վերականգնել 50 հազարական դրամ աջակցության ծրագիրը բոլոր արցախցիների համար, մինչեւ նրանց բնակարաններով ապահովման խնդիրը չլուծվի։

Նորություններ