Արցախի «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարն ասում է՝ ՀՀ իշխանափոխության պահանջ չպիտի դրվի

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները Արցախի «Միասնական հայրենիք» խմբակցությանը հրավիրել էր հանդիպման, որին չի մասնակցել կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը։
Այսօր Երևանում Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գևորգ Մնացականյանն անդրադարձավ հարցին՝ թե ինչու Սամվել Բաբայանը չի մասնակցել այս հանդիպմանը։
Ավելի վաղ կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին․«․․․Զբաղվածության հարց կար, մենք լիազորված ենք իր անունից: Մարտի 29-ին պարոն Բաբայանը ներկա էր և շարունակում է ամեն ինչում ներկա գտնվել»:
Գևորգ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց, որ խմբակցությանն են հանդիպման հրավիրել, ուրիշ ոչ մի խնդիր չկա․«Մեզ հրավիրել են խմբակցությունով, եկել ենք հանդիպման։ Սամվել Բաբայանը կարող էր գալ, կարող էր չգալ»։
Թե ինչ արդունք տվեց այսօրվա հանդիպումը, խորհրդի պահանջների հետ արդյոք համամիտ են, և իսկապե՞ս խորհուրդը չպիտի իշխանափոխության պահանջ դնի, այս հարցերին ի պատասխան Մնացականյանն ասաց՝այո, իշխանափոխության պահանջ չպիտի դրվի․«Այս պահին արցախցիների սոցիալական խնդիրներն են առաջնային, այս հարցում մեր տեսակետները համահունչ են»։
Հարցին՝ Սամվել Բաբայանը պատրա՞ստ է իր անձնական միջոցներից օգնել արցախցիներին, օրինակ՝ իր մեքենաներից մեկը վաճառի, գումարով օգնի, Մնացականյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ ասաց, որ պարոն Բաբայանը մեքենաներ ունի։ Վերջին մի հարցազրույցում պարզ պատասխանել է՝ ընկերոջս մեքենան էր։ Ինքը չունի մեքենաներ, որ վաճառի։ Ինքն իր երիտասարդ տարիները նվիրել է արցախյան գոյամարտին, հաղթանակած գեներալ է»։
Սամվել Բաբայանի ազատագրածն այս իշխանությունները թշնամուն տվեցին, այս հարցին ի պատասխան էլ Մնացականյանն այսպես արձագանքեց․ «Դա էլ հարց է։ Հարցը տանում եք չգիտեմ ինչ ուղղությամբ՝ մեքենա վաճառել,հարստություն․․․»։
Լրագրողների դիտարկմանը, որ խորհրսի ներկայացրած 12 կետերում Արցախ վերադառնալու հարց կա, գերիների վերադարձն ապահովելու պահանջ, Մնացականյանն ասաց՝ գերիների վերադարձի հարցում բոլորը համամիտ են․«Ժամանակի ընթացքում այդ բոլոր հարցերը պետք է լուծվեն»։
Ինչ վերաբերում է արցախցիներին տրամադրվող 40+10 աջակցության դադարեցմանը, ապա նա ասաց, որ այդ աջակցությունը պետք է շարունակվի այնքան, մինչև արցախցիներն ապահովվեն տներով։