Մենք ոչ ընտրել ենք, ոչ իրավունք ունենք ընտրելու, ոչ էլ՝ իշխանություն փոխելու իրավունք ունենք, ներքաղաքական խնդիրների մեջ չենք ներքաշվելու․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ

«Այնպես չէ, որ այսօր լայն կազմով ենք հանդիպել, բայց մենք ունեինք շփումներ, որոշ հարցեր ընթացքում էինք նաև քննարկում։ Մեր տրամադրվածությունը և պայմանավորվածությունը այն է, որ ընդհանուր գործի համար ենք պայքարում և այդ հարցում պետք է միասնական լինենք»,-այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի լիազորված անձանց հետ հանդիպումը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ խորհրդի ներկայացրած պահանջագրում արդյոք իշխանափոխության պահանջ կա։ Ի պատասխան Գագիկ Ավանեսյանն ասաց՝չկա, իրավունք չունենք ՀՀ-ի ներքաղաքական պայքարին խառնվել․«Մենք ոչ ընտրել ենք, ոչ էլ ընտրելու իրավունք ունենք, ոչ էլ փոխելու։ Բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք գալիս են մեզ աջակցելու, բոլորին ասում ենք, որ չենք ներքաշվելու ներքաղաքական խնդիրների մեջ»։
Դիտարկմանը՝ արցախցիները Հայաստանում են բնակվում, ներքաղաքական իրավիճակը վերաբերում է նաև նրանց, Ավանեսյանն արձագանքեց՝կարծիք կարող ենք ասել, բայց պայքարին չենք միանում։
Հիշեցմանը՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցություններից դուրս է եկել Արցախի հարցը, այդ խնդիրը օրակարգում չէ, Ավանեսյանն ասաց, որ այդ առնչությամբ մանրամասները երկուշաբթի օրը ԱԳՆ-ի դիմաց նախատեսվող բողոքի գործողությունների ժամանակ կհայտարարեն։
«Միանշանակ՝ մեզ համար ընդունելի չէ, քանի որ Արցախի հարցը նաև ՀՀ կայունության, ինքնության հարց է։ Մեղմ ասած՝ դա սխալ է։ Ապրում ենք ժողովրդավարական երկրում, այսօրվա իշխանությունը դա է ասում, բայց պետք է այնպես անենք, որ իրենք դիրքորոշումը փոխեն»,-ասաց Ավաննեսյանը։
Արցախ վերադառնալու հնարավորության մասին, և լրագրողի դիտարկմանը, որ իշխանության քաղաքականության պատճառով Արցախ վերադառնալու հնարավորություն չկա, նա ասաց՝ ավելացնեմ, որ ժամանակ ենք կորցնում․« Ցավալին այն էր, որ 26 տարի իշխանությունը մսխել են։ Հիմա էլ է ժամանակ կորչում։ Քաղաքականությունն այնպիսի բան է, որ իրավիճակ է փոխվում։ Պետք է երկիրն ու բանակը ուժեղացնենք և պատրաստվենք հարմար պահի»։
Հարցին՝ ինչո՞ւ Արցախի վերջիննախագահ Սամվել Շահրամանյանը չի այցելում խորհրդի անդամներին, Գագիկ Ավանեսյան պատասխանեց․ «Ինքը մեզ չի խանգարում, չխանգարելով արդեն օգնում է։ Կարիք չկա, որ գա։ Կապ կա իրենց հետ»։
Հիշեցնենք, որ Երևանում Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները վրան են տեղադրել, նրանք քաղաքական ուժերի հետ հանդիպումներ են իրականացնում, քննարկում արցախցիների խնդիրները։