Գարնանացան և աշնանացան մշակաբույսերի ցանքերի դեպքում պետությունը կփոխհատուցի գյուղացիներին․ որոշումը ներկայացվեց Շիրակի մարզխորհրդի նիստում

Շիրակի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, քաղաքաշինության ոլորտներին առնչվող, նաև մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և ֆինանսավորման վերաբերյալ մի շարք հարցեր, ամփոփվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները 2025 թվականի առաջին եռամսյակում։
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 82,4 %-ով, նախատեսված 1 մլրդ դրամ սեփական եկամուտներից հավաքագրվել է մոտ 866 հազար դրամը:
Սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գյումրի համայնքում` 74.9%։
Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի խոսքով, միշտ էլ առաջին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրումները ցածր են եղել։ Խնդիրը հիմնականում փոխադրամիջոցների գույքահարկի գծով է։
«Հիմնականում փոխադրամիջոցները ֆիքսված են, մարդիկ գնացել են Ռուսաստանի Դաշնություն, սակայն բազաները չենք կարող մաքրել։ Խնդիրը ներկայացված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, քննարկումներ են ընթանում։ Ամեն ամիս առանձնացնում ենք մեծ թվով պարտքեր ունեցողներին, եթե դպրոցների աշխատողներ են, տնօրենների հետ ենք աշխատում, նաև՝ համայնքապետարանների»,- նշեց Մարտիրոսյանը։
Ըստ մարզի գլխավոր ֆինանսիստի, 2025 թվականի համար 1 մլրդ 344 մլն դրամով ավելի դոտացիա է պետությունը նախատեսել Շիրակի մարզի համայնքներին։
Շիրակի մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի, ոռոգման պատշաճ կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին խոսեց մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի բերքի տակ կատարվել է շուրջ 9808 հա աշնանացան ցորենի ցանք, որը ձմեռացման ընթացքում վնասներ չի կրել։
Համայակյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որը նախատեսում է հացահատիկային, հատիկաընդեղենային, կերային մշակաբույսերի ցանքերի դեպքում հողագործներին տրամադրել գումարային փոխհատուցում։ Պարտադիր է, որ ցանքերը կատարվեն միայն հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված սերմերով։
Հողագործները փոխհատուցում կստանան 2025 թվականի գարնանացան և աշնանացան մշակաբույսերի ցանքերի դեպքում։ Նախորդ տարվա աշնանացանի բերքին սա չի վերաբերում։
Աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով հողագործին կտրամադրվի 80 000 դրամ, գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի հաշվով՝ 70 000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ։
Հատիկաընդեղենային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի հաշվով փոխհատուցումը կլինի 100 000 դրամ, կերային մշակաբույսերից առվույտի, կորնգանի 1 հեկտարի մշակության հաշվով՝ 110 000 դրամ, իսկ կերի ճակնդեղի համար՝ 80 000 դրամ։
Ըստ պատասխանատուների, մարզի ջրամբարներում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիմա ավելի շատ ջուր է կուտակվել, պակաս ջուր կա միայն Արփիի ջրամբարում, ինչը պայմանավորված է շինաշխատանքներով։ Այժմ Արփիի պատվարի ուժեղացման աշխատանքներ են տարվում, մի քանի օրից դրանք կավարտվեն և ջրամբարը կլցվի։
«Շիրակ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Խաչատրյանը հավաստիացրեց, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիր մարզը չունի։
Մարզպետ Դավիթ Առուշանյանը հակադարձեց, հիշեցնելով, որ ոռոգման ցանցը շատ վատ վիճակում է։
Խաչատրյանը շտապեց նշել, որ ոռոգման ցանցի նորոգումն ասֆալտից ավելի առաջնային է, առաջարկեց մարզպետարանին՝ ներդրումներ անել։
Առուշանյանը հիշեցրեց, որ ոռոգման ջրի գումարները համայնքային բյուջե չեն վճարվում, այլ ջրօգտագործողների ընկերությանը, ուրեմն ջրատարների վերանորոգման համար ներդրումները ընկերությունը պիտի անի։
«Միջտնտեսային ցանցը սպասարկում է ջրօգտագործողների ընկերությունը, իսկ ներքին ցանցի սպասարկումը համայնքինն է»,- հիշեցրեց Խաչատրյանը։
Նշեց, որ ամենաբարենպաստը Ախուրյանի ոռոգման համակարգն է, մյուս համայնքներում վիճակը վատ է, ջրակորուստները՝ մեծ։
Այդուհանդերձ, անցած տարի Շիրակի մարզում պետական և համայնքային բյուջեների համաֆինանսավորմամբ մոտ 12,68 կմ երկարությամբ ոռոգման ցանց է կառուցվել, որով հնարավոր կլինի ոռոգել 808 հա հողատարածք։
Մարզպետ Առուշանյանը հանձնարարեց հետևողական լինել, որպեսզի շինարարները հասցնեն ժամանակին ավարտել Արփի լճի շինարարությունը և մինչև սեզոնի սկսվելը, ոռոգման ջուր կուտակել, որպեսզի գյուղացիները փաստի առաջ չկանգնեն։
Կարինե Կազարովա